Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
29/12/2021
share

Սարիգյուղացիները երազում են մշակույթի տան վերանորոգման մասին

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքը  գտնվում է Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու վրա, մարզկենտրոն Իջեւանից՝ 22, Երեւանից 155 կմ հեռավորության վրա։  Սարիգյուղի հողատարածքների մեծ մասը սահմանակից է Ադրբեջանին, որի հետ գյուղը ունի 14 կմ ընդհանուր սահման։
Որպես գյուղատեղի այն հիշատակվում է դեռեւս 1700 ական թթ․-ից, մինչեւ 1953 թ․ կոչվել է Սռի գյուղ։ Բնակչության մի մասը այստեղ է տեղափոխվել Նոյեմբերյանի շրջանի գյուղերից։
Ըստ Տավուշի մարզպետարանի կայքի տվյալների՝ Սարիգյուղ համայնքն ունի 1․348 բնակիչ,  զբաղեցնում է 1․472 հա է, որից 636․1 հա վարելահողերն են, 87 հա արոտները, 90 հա անտառները։
Գյուղը 87 %-ով գազաֆիկացված է,  գործում է միջնակարգ դպրոց ու մանկապարտեզ։
Գյուղի առաջնային  խնդիրներից մեկը խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունն է։ Արդեն 30 տարի է գյուղում չի գործում ոռոգման եւ խմելու ջրի ներքին ցանցը։ Մինչ այդ, Սարիգյուղը, ինչպես նաեւ մարզի 11 համայնքներ, ջուր ստանում էին Բերքաբերի (Ջողասի) ջրամբարից։ Ջրամբարը շահագործման է հանձնվել 1979 թ․-ին, սակայն  դադարել է ջուր մատակարարել գյուղերին հայ-արբեջանական հակամարտության պատճառով։ Բերքաբերի ջրամբարի ենթակառուցվածքները շահագործման դադարեցումից հետո թալանվել են․ չկա ներքին ցանցը, չի գործում պոմպակայանը, խողովակաշարերը անմխիթար վիճակում են։  Այդ տարիներին ջրամբարի ջուրը ոռոգել է գյուղի հողատարածքների մեծ մասը,  որի շնորհիվ ավելացել են պտղատու այգիները։ Հիմա հողատարածքների մեծ մասը անջրդի է։ Սարիգյուղացիները, փորձել են իրենց միջոցներով ոռոգման ջուր հասցնել այգիների մի մասին․ ջրհորներ են փորել, այլ ջրագծերից են ջուր հասցրել։
Սարիգյուղի վարչական ղեկավար Սեյրան Սարիբեկյանը մեզ հետ զրույցում  տեղեկացրեց, որ արդեն ունեն  հաստատված նախագիծ, որով Բերքաբերի ջրամբարից ոռոգման ջուրը կմղվի  Սարիգյուղի 44 հա հողատարածքներ․
«Մեծ հույս ունենք, որ մարտից կմեկնարկեն ոռոգման ջրագծերի հիմնանորոգման աշխատանքները։ Երկրորդ պլանով նաեւ նախատեսվում է գարնանը Աղստեւ գետից ոռոգման ջուր հասցնել Սարիգյուղ։ Խմելու ջրի ներքին ցանցի կառուցման նախագիծը կա, բայց դեռեւս հաստատված չէ կառավարության կողմից»,- ավելացնում է վարչական ղեկավարը։
Սարիգյուղում մոտ 5 տարի առաջ  Հայկական Կարմիր խաչ ընկերությունը գյուղացիներին խմելու ջրով ապահովելու նպատակով գյուղի թաղամասերում աղբյուրներ է կառուցել։  
Սարիգյուղը հարեւան գյուղերի համեմատ ունի սպասարկման եւ առեւտրային զարգացած ենթակառուցվածքներ, սակայն չունի մշակույթի կրթօջախ։ Այնինչ, խորհրդային տարիներին գյուղն ուներ տարածաշրջանի ամենամեծ մշակույթի կենտրոնը, որը բարձր մակարդակի վրա էր պահում մշակութային կյանքը գյուղում և գյուղի սահմաններից դուրս։
Գյուղի բնակիչներից մեկը երանությամբ է հիշում մշակույթի տանը տեղի ունեցած միջոցառումները եւ հպարտությամբ ասում․
«Այս շենքում տեղավորվում էր մինչեւ 500 հանդիսատես, պատկերացրեք, որ բեմի վրա կարողանում էին նույնիսկ բերդ պարը պարել», - ափսոսանքով ավելացնում է, որ գյուղի երիտասարդների, ինչո՞ւ ոչ, մեծերի համար այս շենքի վերականգնումը երազանք է դարձել։
Մշակույթի տան շենքը շահագործման է հանձնվել 1984 թ․-ին, կառուցվել է կալանավորների ձեռքով։ 2007 թ․-ին դադարեցրել  է իր գործունեությունը։ Արդյունքում՝  շենքի գույքը, դռները, պատուհանները թալանվել են,  շենքն այժմ է վթարային կարգավիճակ ունեցող կառույցների շարքին է դասվում։
Սարիգյուղացի 25-ամյա երիտասարդ ձեռներեց Դավիթ Եգանյանը փորձում է փոքր հացաբուլկեղենի արտադրությամբ նպաստել գյուղի զարգացմանը։ Կարեւորում  ու գյուղի առաջնային կարիքներից է համարում մշակույթի կենտրոնի հիմնանորոգումը։ Ասում է՝  «Գյուղում ունենք պատանիներ, երիտասարդներ, ովքեր ունեն իրենց գյուղում մշակութային կյանքը զարգացնելու բոլոր կարողությունները, բայց ցավոք սրտի, նրանց ներուժը իրացնելու հնարավորություն չկա։  Երեխաներ կան, որ գյուղից գնում են  Իջեւան երաժշտական, արվեստի դպրոց, սակայն հիմա մի մասը դադարել են հաճախել խմբակներին՝ տրանսպորտի բացակայության,  ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Տաղանդավոր մարդիկ ունենք գյուղում,  շենքը կարող ենք օգտագործել ոչ միայն մշակույթի զարգացման նպատակով, այլ նաեւ երիտասարդների ոչ ֆորմալ կրթության ապահովման համար»։
Դավիթը համոզված է, որ եթե մշակույթի տունը հիմնանորոգվի եւ սկսի իր գործունեությունը, կարող է ծառայել նաեւ հարեւան գյուղերի երիտասարդներին։
«Մշակույթի տունը բավականին մեջ տարածք է ընդգրկում, եթե վերանորոգումը իրականություն դառնա,  այս շենքի սենյակների մի մասը, բացի արվեստի եւ երաժշտական խմբակներից,  կարող է նաեւ տեքստիլ արտադրության համար օգտագործվել, սրանով կարող ենք երիտասարների զբաղվածության հարցը լուծել։ Այստեղ կարող է նաեւ գյուղի բուժկետը տեղափոխել, որը հիմա վագոն-տնակում է եւ չունի համապատասխան պայմաններ,»- նշում է վարչական ղեկավարը։ Շենքն ունի նաեւ նկուղային հարկ, որը հիմա կահավորվում է որպես ապաստարան։
Նշենք, որ Սարիգյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից 2 կմ հեռավորության վրա, սակայն չունի ապաստարան, որի անհրաժեշտությունը կարեւոր է։
«Տավուշի սահմանամերձ համայնքների համանմանությամբ՝  Սարիգյուղում շատ են խնդիրները, որոնք արդեն տեւական ժամանակ է լուծում չեն ստանում: Ամենահրատապներից՝ կարեւորում եմ ապաստարանի եւ խմելու ջրի բացակայության հիմնախնդիրը, դրանք այն բազային նախապայմաններն են, որոնք անհրաժեշտ են ցանկացած բնակավայրում բնակիչների անվտանգ կենսագործունեության համար: Անշուշտ, համայնքը փորձել է ինքնուրույն լուծում տալ դրանց՝ դիմելով պատկան մարմիններին եւ թակելով ամենատարբեր ատյանների դռներ. արդյունքների մասին կարող ենք դատել այն տխուր փաստով, որ պատերազմի ավարտից հետո համարյա 30 տարի անց, համայնքային խնդիրների բովանդակությունը չի փոփոխվել՝ բնակիչները անպաշտպան են հնարավոր ռմբակոծություններից՝ հանրային ապաստարանների բացակայության պատճառով, իսկ խմելու ջուրը մարդիկ կամ գնում են, կամ ճարահատյալ օգտագործում տեխնիկական ջուր»,-ասում է Իջեւան քաղաքում գործող «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»  համայնքային զարգացման ՀԿ նախագահ Արփինե Երիցյանը։ «Այս համատեքստում, ինչպես մեր կազմակերպությունը, այնպես էլ քաղհասարակության այլ կազմակերպություններ, շատ անելիք ունեն: Ուրախ եմ, որ համանման նախաձեռնությամբ ենք հանդես գալիս. չեխական NESEHNUTÍ ՀԿ-ի և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ֆինանսական աջակցությամբ եւ համագործակցությամբ 2022թ. փորձելու ենք լուծում տալ Սարիգյուղի մշակույթի տան տանիքի վերականգնման խնդրին, ինչի համար հանդես ենք գալիս որպես կապող միջին օղակ, որը օգնում է համայնքին համախմբվել, ձեւակերպել իրենց պահանջները, գտնել շահագրգիռ անձնանց, եւ միացյալ ուժերով հասնել դրական փոփոխությունների՝ խնդրի լուծման վրա բեւեռելով  ՀՀ Կառավարության, ԱԺ պատգամավորների ուշադրությունը: Այլ խոսքերով ասած՝ ստանձնել ենք շահերի պաշտպանության բարդ ու պատասխանատու գործը, որը գյուղացին, իր բազմազբաղ առօրյայի ու հոգսերի ծանրության ներքո, անզոր է իրականացնել»,- իր խոսքն ամփոփում է Արփինե Երիցյանը:
Գյուղի նպաստավոր պայմանները թույլ են տալիս  գյուղացիներին  զբաղվել  նաև խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների բուծմամբ։ Գյուղացիներ կան, որոնք թողել են արտագնա աշխատանքը, վերադարձել գյուղ եւ զբաղվում են անասնահապությամբ, սակայն նշում են, որ  գյուղացին պատկան մարմիններից աջակցության կարիք է զգում։
Սարիգյուղի հողերի բարձր որակով պայմանավորված, այստեղ կարող է զարգանալ նաեւ հողագործությունը, եթե լուծվի ոռոգման ջրի խնդիրը։
Սարիգյուղի զարգացած ենթակառուցվածքները, աշխարհագրական դիրքը եւ պատմամշակության կոթողները նաև լավ նախադրյալ են զբոսաշրջության զարգացման համար։


cvmedia.am Քաղաքացիական լրագրող՝ Ֆլորա Խաչատրյան

 

13

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook