Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/2/2023
share

Ընդդեմ Սյունիքի հանքայնացման՝ նախատեսվում է իրականացնել ստորագրահավաք․ «Իրավատեր կապանցիներ» ՀԿ

«Իրավատեր կապանցիներ» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյունիքի ժողովրդի ճակատագիրը ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության խնդիրները «Իրավատեր Կապանցիներ» ՀԿ-ի առաջնահերթ մտահոգությունն է։

Մաքուր ջուրը խորհրդանշում է կյանք, իսկ աղտոտված ջուրը` հիվանդություն:

Հանքավայրում ամենօրյա զանգվածային պայթեցումներից ծանր մետաղներով հագեցված փոշու ամպերը տարածվում են դեպի Կապուտջուղի լանջերից հոսող առվակների ու ձորերի ջրերը և հոսում դեպի Ողջի գետ։

Լեռնային ուժեղ քամիները սարերի հովերի փոխարեն հսկայական հանքի փոշին են տարածում ամենուր, այդ թվում նաև դեպի ջրային ավազաններ:

Ձնհալն ու անձրևաջրերը, կոյուղաջրերն ու հանքախորշերից արտահոսող ջրերը ավելի են թունավորում մեր գետերը: Հաշվի առնելով, որ ԶՊՄԿ–ն օգտագործում է ջրային ռեսուսների 90 տոկոսը, ստացվում է, որ գետը կյանքի փոխարեն հիվանդություններ է բերում տեղի բնակչության համար:

Ներկայիս արդյունահանվող հանքաքարի ծավալների մշակումը արդեն ցամաքեցման եզրին է հասցրել Ողջի գետի հունը։ ԶՊՄԿ-ի ապագա աճող ծավալների մշակման համար ջրերի բավարարման միակ հույսը մնում է Գեղի գետի ջրերը։ Գեղի գետի ներկայիս ջրերի մեծ մասը պոմպակայանի միջոցով փոխանցվում է հարստացուցիչ ֆաբրիկա։ Սպասվող արտադրական ծավալների աճի պատճառով Գեղի գետի ջրերը ամբողջությամբ կբռնագրավվեն:

Գեղի գետի վերնագավառներում տեղակայված ՀԷԿ-ը գետի ջրերում առաջացնում է կենսաբանական խնդիրներ։

Մեր թվարկած փաստարկներց կարելի է գալ այն եզրահանգման, որ Ողջի գետի ավազանը շուտով ամբողջովին կջրազրկվի, կցամաքի և կհայտնվի լուրջ բնապահպանական աղետների շրջանակներում։

Մենք պետք է հասկանանք, որ ջրային ռեսուրսների նմանատիպ մսխումը մեր տարածաշրջանում հանգեցնելու է բնապահպանական աղետի և հերթական անգամ մեզ պարտադրելու է հայրենազրկման դառը ճակատագիրը: Հայապահպանությունը Սյունիքում և Արցախում կարևորագույն ազգային խնդիր է, որը ունի մեկ լուծում` հայը պետք է մնա և՛ Արցախում, և՛ Սյունիքում:

Կորցնելով պատմական հայրենիքի 90 տոկոսը մենք չենք կարողանում տեր կանգնել Սյունյաց աշխարհին: Արտաքին և ներքին թշնամիները բզկտում են այն: «Բա առանց հանքի ո՞նց ապրենք» կարգախոսը կեղծ կարծրատիպ է: 40 մլն տոննա հանքաքարը կարող է մշակվել Ղազախստանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Չիլիում, բայց ոչ թե մեր դրախտավայր Սյունիքում:

ԻԿԲ ՀԿ գտնում է, որ միայն հայրենասեր սյունեցիների համախմբման միջոցով կկարողանանք գտնել այս դիլեմայի ճիշտ պատասխանը: Մենք համոզված ենք, որ և՛ տեղական, և՛ մարզային, և՛ ՀՀ կառավարությունը չեն ըմբռնում հարցի լրջությունը և նրանցից որևէ բան ակնկալել՝ մանկամտություն է:

Հետևաբար Իրավատեր Կապանցիներ ՀԿ-ը նախատեսում է կազմակերպել ստորագրահավաք տարածաշրջանում ջրաբանական ուսումնասիրություն կատարելու և ջրային ռեսուրսների արդյունավետ շահագործման պահանջով՝ ընդդեմ Սյունիքի հանքայնացման (բոլորին հայտնի 40մլն. տոննա հանքաքարի շահագործում ԶՊՄԿ- կողմից) և Քաջարան գյուղի պահպանության:

Ակնկալվում է սրտացավ սյունեցիների ակտիվ մասնակցությունը ստորագրահավաքին և բողոքի ցույցերին: Ակնկալվում է նաև, որ Սյունիքից ընտրված պատգամավորները կկանգնեն ժողովրդի կողքին, հանդես կգան օրենսդրական փոփոխությունների այնպիսի առաջարկներով, որոնք կնպաստեն և՛ բնության պահպանությանը, և՛ հայապահպանությանը Սյունիքում:

ԶՊՄԿ-ի վարչակազմը գերշահույթի մոլուցքից տարված չի մտածում հարազատ տարածաշրջանի ճակատագրի մասին։ Տարածաշրջանի ճակատագիրը սրտացավ և մտածող ժողովրդի ձեռքին է»։

facebook sharing button facebook