Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/11/2022
share

«Արջուտի աղբավայրի լուծումը օրվա հրամայականն է»․ Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը անդրադարձել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ գյուղի բնակիչների ահազանգին, ովքեր գտնվում են ամենօրյա աղտոտման ներքո։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գյուղում է տեղակայված աղբավայրը, որտեղ հավաքվում է տարածաշրջանի, մասնավորապես Վանաձոր քաղաքի աղբը։ Բնականաբար աղբավայրը ինչ որ ժամանակակից ստանդարտների աղբավայր չէ, այլ ուղղակի աղբակույտ է։ Բնակիչները նշում են, որ աղբավայրում անընդհատ այրումներ են լինում և գտնվում են շարունակական ծխի և գարշահոտության մեջ։ Աղբավայրի առկայությունը արդեն իսկ կասեցրել է գյուղում տուրիզմի զարգացման գործընթացը, վտանգում է գյուղատնտեսությունը, մարդկանց առողջությունը։ Այրումից քիմիական աղտոտում է տեղի ունենում, մասնավորապես տարաբնույթ աղբի այրումը կարող է հանգեցնել դիօքսինների և այլ քիմիական միացությունների կուտակումներին մարդու և ընտանի կենդանիների օրգանիզմում, ազատ տեղաշարժի հավերի հավկիթներում և այլն, ինչը մեծ վտանգ է ներկայացնում գյուղի բնակիչների առողջության համար։ Առանց այն էլ նման էկոլոգիական լուրջ խնդիրներին կարող է գումարվել գյուղի տարածքներում ոսկու հանքի շահագործման վտանգը, որը դամոկլյան սրի նման կախված է գյուղի գլխին։ 
Արջուտցիների խնդիրը, աղբավայրի հարցը պետք է անհապաղ դառնա տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հրատապ լուծում պահանջող օրակարգային հարցը։
Բնականաբար որևէ մեկը տեր չի լինելու բնակիչների կրած առողջապահական և սոցիալ-տնտեսական վնասներին, ուստի լուծում գտնելը օրվա հրամայականն է»։ 

facebook sharing button facebook