Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
07/1/2022
share

Գուգարքի բնակիչները զրկվել են գիշերային քնից. հարևանությամբ գործող քարաղացը շարունակում է վնասել հանրային առողջությանն ու շրջակա միջավայրին

Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքի մեջ մտնող Գուգարք գյուղի բնակիչներն արդեն 2 տարի է՝ չգիտեն ինչ է գիշերային քունը: Պատճառը՝ գյուղին հարակից քարամշակման արտադրամասն է: Նախկին քարաղաց սարքերի աղմուկին հազիվ էին դիմանում: Գործի դրված հզոր քարաղացման նոր հաստոցն անտանելի է դարձրել գյուղի ներքևի հատվածում բնակվողների կյանքը։ Դիմել են պատկան ատյաններին, բայց խնդրին վերջնական լուծում այդպես էլ չի տրվում:
 Թե՛ նախկինում, երբ առանձին համայնք էր, թե՛ այժմ՝Վանաձոր խոշորացվածի կազմում, Գուգարքին հուզող խնդիրը լուծում չի ստացել: Խճի մանրացմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ –ն 2018-ից իսկական պատուհաս է դարձել տեղի բնակիչների համար: Նրանց բանավոր բողոքները անտեսվել են: Վանաձոր -Ալավերդի ճանապարհին՝ Գուգարք համայնքի հարևանությամբ գործող քարաղացման և խճի արտադրամասը ոչ միայն խախտել է մի շարք բնապահպանական նորմեր, վնասել շրջակա միջավայրին, այլև, գիշերային ժամերին աշխատելով, խաթարում է գյուղի բնակիչների անդորրը։ Ձայնի բարձրությունը գերազանցում է սահմանված նորմերը մի քանի անգամ, մարդիկ քուն ու դադար չունեն: Խուսափում են անուններ տալուց, բայց, իրար հերթ չտալով, պատմում բոլոր այն անհարմարություններից ու վնասներից, որ արդեն 2 տարի է կրում են գյուղին շատ մոտ գործող քարաղացից: Մեկի ծառերն են չորացել, մյուսի մեղուները՝ սատկել:
 «Ունեցել եմ 20 հատ մեղու, մի հատ չկա, սատկել են: Թուզ կերած ես չէ, ատամիդ տակին որ ղռճում ա, ա՛յ էդ փոշին, որ գալիս ա ստեղ ա հասնում, չենք կարում բերաններս, աչքներս փակենք, էդ ձևի  ղռճում ա»:
 «Թող անեն իրանց բիզնեսը, մենակ էս ժողովրդին չխանգարեն: Մանավանդ էդ գրանիտի  թոզը, գրանիտն իրանով թույն ա: Եթե հասկացող մարդ կա, դա տեղով թույն ա, էդ թույնը գալիս ա սաղ էս թաղով: Ինչ քնել դղրդըմ ա»:
  «Քուն ու դադար չունենք: Մաքուր շորը մենք չգիտենք ինչ է: Լվանում ենք, փռում՝ նույն կեղտը: Մեղուներ ունեի, սատկեցին»:
 «Լավություն էլ են արել, էն օրը գրեդերը բերին սիրուն դզեցին ճամփեն: Գոնե ժամ դնեն, առավոտը  7-ին գան իրանց գործին,  իրիկունը 7-ին շաբաշ անեն: Գիշերվա որ ժամին ասես, դըմբը-դըմբը-դըմբը, ոնց որ մարդու դավադիտ անեն: Էնա մնում զենք վերցնեն, ամբողջ գյուղը կանգնի գնա բամբիտ անի սաղին, տիրոջն էլ, իրանց էլ,  սաղին վարի տա: Էդ գրանիտի փոշին, որ գալիս ա, տեղով թույն ա,  դա ես եմ շնչում, իմ երեխեքն են  շնչում, մարդ կա, ասում ա հա՜ դե ինչ անենք, բայց գյուղի 99 %-ը, գյուղապետարանի տղեքը, սաղ ասում են տղեք մեր մոտ որ սենց ա գիշերն էդ ձենը գալի, մեզ խանգարում ա, բա դուք ո՞նց եք էդ ներքի թաղում»:
 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդն ասում է, որ աղմուկն իր մոտ վատ զգացողություններ  է առաջացնում:  Բազմաթիվ վիրավորումներ է ստացել: Փորձում է մոռանալ պատերազմի հասցրած վերքերը, քարաղացի աղմուկը չի թողնում:  Մեծ քանակությամբ գրանիտի փոշի է  արտանետվում, -ասում է տարեց բնակիչը: Այդ  փոշին մեր տներում է կուտակվում, հողամասերում, արոտավայրերում, որոնք տներից ընդամենը 200 մետր են հեռու։ Փոշին ու աղմուկը բնապահպանական լուրջ վնասներից զատ, առողջական լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։ Դեմ չենք արտադրությանը, դեմ ենք կազմակերպման ձևին:
 «էդ թոզը մի անտանելի բան ա, դա իմ առողջությանն էլա վնաս, մեր երեխեքի առողջությանն էլա վնաս, ամեն ինչին վնաս ա: Թող միլիոններ աշխատեն, բայց մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն»:
 Լոռու մարզպետարանում լսել են խնդրի մասին: Ուղղորդել ՀՀ բնապահպանության և ընդերքի, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմիններ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի հետ զրույցում առանձնացրեց մի շարք խախտումներ:
 «Ընկերությունը 1 տարի աշխատել է՝ գերազանցելով սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և արտանետումների թույլտվության պահանջները, չի իրականացնում մթնոլորտ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ,  չունի Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման հաշվառման համար ջրառի կետում տեղադրված ջրաչափ: Այսպիսով՝ ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվել 4.821.760 ՀՀ դրամի վնաս: Հարուցվել է վարչական վարույթ,  նշանակվել են վարչական տուգանքներ՝200.000 և 150.000 դրամի չափով, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ»։
 Ըստ Նաիրա Աղաբաբյանի՝ հասցված վնասն ու տուգանքների մի մասը «Ա.Ա.Բ Պրոյեկտ» ՍՊԸ-ն հատուցել է, որոշ  խախտումներ էլ վերացրել:  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  Առողջապահական և աշխատանքի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանն էլ ասում է, որ հարուցված վարչական վարույթի  շրջանակներում տնտեսվարողը մի շարք միջոցներ է ձեռնարկվել:  
«Տարածքում իրականացրել են զննում: Զննումն ուղեկցվել է թափանցող աղմուկի մակարդակի լաբորատոր գործիքային չափումներով: Չափումների արդյունքում պարզվել է, որ Գուգարք համայնքի թիվ 55 տանը գերազանցել է աղմուկի թույլատրելի սահմանները:  Խախտումների վերացման նպատակով տրվել է կարգադրագիր՝ 1 ամսյա ժամկետում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և խախտումները վերացնելու համար:  Նոյեմբերի 11-ին տեսչական մարմին տնտեսվարողից գրություն է ստացել՝ աղմուկը մեղմելու նպատակով հողային պատնեշ կառուցելու մասին: Փոշու տարածումը կանխելու նպատակով էլ գործի է դրվել  ջրցան մեքենա : Նոյեմբերի 29-ին իրականացվել է կրկնակի չափում  և աղմուկի ֆոնը թույլատրելի նորմերի շրջանակներում է եղել: Եթե բնակիչները շարունակում են բողոքել և գիշերային ժամերին աղմուկը խանգարում է իրենց, կարող են կրկին դիմել տեսչական մարմին՝ հատուկ ընդգծելով օրվա ժամը, վայրը, թե որտեղից և երբ է աղմուկը իրենց խանգարում»:
 Քարաղացը շահագործող «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետերը, ըստ  ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, Արմեն Բադալյանն է: Նա, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ Աժ նախկին պատգամավոր, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է: Ընկերության Վանաձորի պատասխանատու  Տարոն Սիմոնյանը «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ին փոխանցեց, որ ավարտել են հողային պատնեշի աշխատանքները: Գիշերային ժամերին էլ աշխատում են, որ հասցնեն ժամանակացույցի մեջ տեղավորվել: Առաջիկայում դա էլ կվերանայեն:
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանն ասում է, որ ազդակիր համայնքները պետք է պահանջատեր լինեն, գործուն քայլեր ձեռնարկեն՝ բնակիչների խախտված իրավունքների վերականգնման հարցում:
 «Համակեցության կանոներն են խախտվում. խախտվում է բնակիչների անդորրը, մարդիկ նյութական վնասներ են կրում, փոշին ազդում է առողջության վրա: Խոշորացված համայնքը պետք է պահանջի ապահովել նորմերը, ինչպես նաև համայնքին փոխհատուցման մեխանիզմ կիրառի, ինչը թույլ կտա շատ ավելի մեծ խնդիրներ լուծել: Ընկերությունները պետք է 3 տարին մեկ անցնեն գույքի գնահատում, որի հիման վրա պիտի լինի նաև իրենց գույքահարկը: Փորձը ցույց է տալիս, սակայն, որ նրանք երբևէ  գնահատում չեն իրականացնում, եթե գնահատում էլ են, նրանց  գույքահարկը շատ չնչին է լինում, որը նորմալ չէ:  
 
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ -ը պատրաստվում է իրավական աջակցություն ցուցաբերել գուգարքցիներին՝ նախաձեռնել ստորագրահավաք ու մշակել կրած վնասների փոխհատուցման մեխանիզմներ:

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

2

facebook sharing button facebook