Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
26/11/2021
share

Սոցիալական վիճակը մանիպուլացիայի գործիք հանքարդյունաբերողի ձեռքին

Երբ երկրում սոցիալական վիճակը ծանր է, չկան տնտեսության այլընտրանքային զարգացման ուղղություններ, երբ պատկան մարմինները լիարժեք չեն կատարում իրենց պարտականությունները, հանքարդյունաբերողները շարունակելու են իրենց գործունեությունը՝ հաշվի չառնելով շրջակա միջավայրի պահապանությունը, մարդու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները։ 
  Բնապահպանների և իրավապաշտպանների կողմից ձեռնարկած ցանկացած նախաձեռնություն որակվում է, որպես հանքերի փակմանն ուղղված գործողություն: Այնինչ, բնապահպանների ձգտումն այն է, որ հանքարդյունաբերությունը օրինական դաշտ բերվի, դրանց գործունեությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցվի, հանքարդյունաբերող կազմակերպությունների գործունեության թույլտվության մեջ ներառված լինեն սոցիալական և բնապահպանական պարտավորություններ, և դրանք կատարումը լիարժեք վերահսկվեն պետության կողմից։ Հանքարդյունաբերությունը պիտի լինի թափանցիկ և պատասխանատու։ Հայաստանի Հանրապետության տարածքի 8000 հեկտարը  աղտոտված է։ Դեռևս 2014 թ․ ԵՊՀ կողմից իրականացված  հետազոտութույունների ժամանակ արձանագրվել է, որ 1 մլրդ տոննա պոչանք  է կուտակված պոչամբարներում, և այդ ծավալն ավելանում է տարեկան մոտավորապես 20 մլն տոնայով։ 
 «Ներկա պահին հանքարդյունաբերություն իրականացնելու համար տրված թույլտվության մեջ այնքան քիչ պարտավություններ են ներառում, որը անհամեմատ է տված վնասների հետ»,- ասում է բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը,- բայց դրանք էլ պատշաճ չեն իրականացվում կազմակերպության կողմից, որովհետև չկա վերահսկողություն»։
 Վերջին շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի աղտոտված տարածքներում բնակվող մարդկանց օրգանիզմում հայտնաբերված առողջության համար վտանգավոր տարրերը մի քանի  անգամ գերազանցում են եվրոպական հանքերում աշխատող մարդկանց օրագնիզմում հայտնաբերված քանակը։
     «Չեն կատարվում բնակիչների առողջության մոնիտորինգ, փորձաքննություններն արվում են միայն փաստաթղթային, չեն իրականացվում տեղանքի, պոչամբարի տեղակայման  զննություն, հաշվի չեն առնվում բնակավայրից դրանց հեռավորությունը։ Պոչամբարներ կան, որոնք նույնիսկ ցանկապատ չունեն, կամ պատվարները ճաքեր ունեն։ Դուք պատկերացնում ե՞ք ինչ կլինի, եթե պոչամբարներից մեկի պատվարը փլվի,- ասում է  փորձագետ- իրավապաշտպան, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի  Վարդանյանը,-մենք անվերադարձ կկորցնենք մի քանի բնակավայր, էլ չեմ ասում մարդկային կորուստների ու խաթարված առողջությունների մասին։ Ես միշտ ասել եմ, եթե թշնամու կողմից գրավված հողերը մենք կկարողանանք հետ բերել, ապա հանքարդյունաբերության պատճառով աղտոտված հողերը մենք կորցնում ենք անվերադարձ»։
   Օգտվելով բնակչության և ՏԻՄ-երի կողմից իրազեկվածության պակասից, հանրային լսումների ժամանակ հանքարդյունապերող կազմակերպությունների ներկայացուցիչները տերմիններ են օգտագործում, որոնք շփոթության մեջ են գցում մարդկանց։ 
  «Անթույլատրելի է նոր հանքեր բացվեն ՀՀ տարածքում, քանի դեռ այսքան թերի է օրենսդրական դաշտը, քանի դեռ գործող հանքերը իրենց գործունեությունը չեն դարձրել ավելի անվտանգ մարդկանց և շրջակա միջավայրի համար, քանի դեռ հանքարդյունաբերողների կողմից չեն կատարվում ազդակիր համայնքերում ստանձնած սոցիալական պարտավությունները, քանի դեռ չի ներդրվել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակիչների առողջությունը ապահովագրելու, աշխատակիցների առաղջության վատթարացման կամ այլ դժբախտ պատահարների պարագայում վնասի փոխհատուցման  մեխանիզմներ, քանի դեռ ՇՄԱԳ փորձաքննությունը չի կատարվում լիարժեք»,- ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը,-եթե պետությունը չի կարողանում մշակել վերը նշված մեխանիզմները, մենք պատրաստ ենք, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դիմել միջազգային համապատասխան կառույցների, որպեսզի նրանք մեզ օգնեն մշակել այդ մեխանիզմները»։

5

facebook sharing button facebook