Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Համայնքային հիմնախնդիրներ
27/9/2021
share

Ուռուտցիները նորից մերժեցին հանրային լսումները

  Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում այսօր բնակիչները երրորդ անգամ թույլ չտվեցին «Ջին հոլդինգ լիմիթիդ» ՍՊԸ-ին հանրային լսումներ անցկացնել: Ընկերության ներկայացուցչի՝ լսումներն ամեն կերպ անցկացնելու փորձերը հաջողություն չունեցան:

  Ուռուտցիները ընկերության ներկայացուցչից պահանջում էին անհապաղ հեռանալ գյուղից: Մի քանի ժամ շարունակ ընկերության ներկայացուցիչը փորձում էր համախոհներ գտնել գյուղացիների շրջանում, սակայն բնակիչները հանք բացելու վերաբերյալ որևէ քննարկում չէին ուզում լսել: Ասում են՝ լավ գիտեն հանքաարդյունաբերության վնասակար հետևանքների մասին, թե բնության, թե մարդու առողջության վրա:  Ի վերջո, լսումները չկայանալու վերաբերյալ արձանագրություն կազմվեց:

 Այդպիսով, Ուռուտի հանքային դաշտի տեղամասում 2021-2024թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ ընկերության հանրային լսումներ անցկացնելու երրորդ փորձը նույնպես տապալվեց:

 Չնայած կազմված արձանագրությանը՝ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը պահանջում էր կազմել ևս մեկ փաստաթուղթ, որում նշված կլինի, թե ովքեր են կողմ և ովքեր՝ դեմ հանրային լսման անցկացմանը: Բնակիչները չհամաձայնվեցին:

 «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի հետ հանդիպմանը նշեց, որ հարկավոր է ավագանու որոշմամբ հանրագիր ընդունել, որով հետագայում կարգելվի հանքաարդյունաբերության հետ կապված ցանկացած գործողություն: Հակառակ դեպքում, հանքաարդյունահանողներն անընդհատ գալու են ու խաթարեն տեղի բնակիչների անդորրը: Լսումների ժամանակ բնակիչների շրջանում լարվածությունը մեծանում է, համայնքի ներսում բևեռացումներ են առաջանում, քանի որ որոշ մարդկանց ընկերությունը բարձր աշխատավարձի և այլ խոստումներ է տվել: Օլեգ Դուլգարյանը նշում է, որ որոշ մարդիկ, որ նախկինում դեմ էին հանքի գործունեությանը, հիմա այլ դիրքորոշում ունեին: Սակայն դա էլ հակառակ արդյունքն էր տվել. այս անգամ ավելի մեծ թվով գյուղացիներ էին պայքարի դուրս եկել, այլ համայնքներից ավելի շատ մարդիկ էին եկել աջակցելու:

  «Ցանկացած ճնշում առաջացնում է հակաճնշում, դա օրինաչափ է, և որքան ուժեղանան հանքաարդյունահանողների մղումները, կրկնակի մեծանալու է  պայքարող մարդկանց և աջակիցների թիվը:Մարդկանց կամքին բռնանալը ևս չափ ու սահման պետք է ունենա։ Մարդիկ մերժել են, մերժում են և պահանջում են իրենց չանհանգստացնել և չգցել ցայտնոտի մեջ»-ասում է Օլեգ Դուլգարյանը:

15

facebook sharing button facebook