Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/10/2026
share

Վարդահովիտ․ ավագանու միաձայն «ոչ»-ից ամիսներ անց՝ «այո»․ որքանո՞վ է իրավաչափ նոր որոշումը և մեկնարկած փորձաքննությունը

Հոկտեմբերի 29-ին ժամը 12։00-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում կրկին հանրային քննարկում է անցկացվելու «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ։

Ընկերությունը ցանկանում է թույլտվություն ստանալ՝ 2026-2028թթ. Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար։

Սա հանրային քննարկումների երկրորդ փուլն է։ Նախագիծը նախկինում արդեն արժանացել է բնակիչների դիմադրությանը, իսկ Եղեգիսի ավագանին դրա վերաբերյալ երկու իրար հակասող որոշում է կայացրել։

Ի՞նչ է տեղի ունեցել նախորդ հանրային քննարկումների ժամանակ

Ընկերությունը նույն նախագծի վերաբերյալ առաջին հանրային քննարկումը կազմակերպել էր 2025 թվականի սեպտեմբերի 18-ին։ Այն անցել էր լարված մթնոլորտում։

Վարդահովիտի և հարևան բնակավայրերի բնակիչները, ֆերմերներն ու ձեռնարկատերերը դեմ էին նախագծին՝ մտահոգություն հայտնելով, որ հնարավոր հանքարդյունաբերական գործունեությունը կարող է վտանգել իրենց տնտեսություններն ու ապրուստի միջոցները։

Բնակիչներն առաջարկում էին համաձայնություն չտալ նախագծին, սակայն նրանց դիրքորոշումն առաջացրել էր ընկերության ներկայացուցիչների և նախագծի կողմնակիցների բուռն հակազդեցությունը։ Քննարկման ընթացքում լարվածությունն այնքան էր սրվել, որ իրավիճակը գրեթե վերածվել էր ֆիզիկական բախման։

Վարդահովիտի ֆերմերները բարձրաձայնել էին նաև ընկերության նախկին գործունեության հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, նրանք ահազանգում էին նախկինում իրականացված հորատումների, դրանցից հետո տարածքների չվերականգնման և ջրերի հնարավոր աղտոտման մասին։

Հանրային քննարկումներից հետո հարցը պետք է քննարկվեր Եղեգիսի ավագանու՝ հոկտեմբերի 11-ին նշանակված արտահերթ նիստում։ Սակայն ավագանու անդամներից մեկի առաջարկով այն հանվել էր օրակարգից՝ հիմնավորմամբ, որ նախագիծը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ, և անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել։

Արդեն հոկտեմբերի 27-ին Եղեգիսի ավագանին միաձայն որոշել էր անհամաձայնություն հայտնել ընկերության նախագծին։ Այս որոշումն առաջացրել էր ընկերության ներկայացուցչի դժգոհությունը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ Գեղամ Մարգարյանի դեմ։ Վերջինս սեպտեմբերի 18-ի հանրային քննարկման ժամանակ կասկածի տակ էր դրել ընկերության նախկին թույլտվության օրինականությունը։

Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները՝

Ինչպե՞ս ավագանու անհամաձայնությունը վերածվեց համաձայնության

Թվում էր՝ ավագանու միաձայն անհամաձայնությամբ հարցը փակվել էր։ Սակայն ամիսներ անց իրավիճակը փոխվեց։ 2026 թվականի ապրիլին համայնքի բնակիչներն ահազանգեցին «Քաղաքացու ձայն»-ին, որ Եղեգիսի ավագանին պատրաստվում է վերանայել իր դիրքորոշումը և համաձայնություն տալ ընկերության նախագծին։

 

Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները՝

Եղեգիսի ավագանին մտափոխվե՞լ է

 

 

Խնդրի վերաբերյալ «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակը պարզաբանման համար դիմեց ՀՀ ՇՄ նախարարությանը` տեղեկանալու, թե որքանով է իրավազոր հանրային քննարկումներից 5 ամիս անց ավագանու կայացրած դրական որոշումը, եթե այդ մասին առկա է անհամաձայնության որոշում։

Շրջակա միջավայրի նախարարութունից իրավազորության վերաբերյալ հստակ պատասխան չտվեցին` հայտնելով միայն, որ ընկերությունից դեռևս հայտ չեն ստացել։

Հատկանշական է, որ հարցումn ուղարկվել է 2026թ․ ապրիլի 15-ին, մինչ ավագանու ապրիլի 17-ի արտահերթ նիստն ու որոշումը, ինչը ենթադրում էր, որ ընկերությունը չէր կարող ոչ մի հայտ ներկայացնել, քանի որ 2025թ․ սեպտեմբերի 18-ի հանրային քննարկումներից հետո Եղեգիսի ավագանին նախորդ տարի՝ 2025թ․ հոկտեմբերի 27-ին անհամաձայնության որոշում էր կայացրել։ 

2026թ․ ապրիլի 17-ին, որոշ քաղաքացիների համար դռնփակ նիստում, (ի դեպ դրա վերաբերյալ նշված չէր նաև հայտարարության մեջ,-խմբ.) Եղեգիսի համայանքապետի ժ/պ Ահարոն Գաբրիելյանը հայտնեց, որ ընկերությունը դատի է տվել Եղեգիսի ավագանուն և պահանջում է նոր որոշում կայացնել։ Վարչական դատարանը գրություն էր ուղարկել համայնքապետարան՝ պահանջելով ներկայացնել հանրային քննարկմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Սա էլ պատճառ էր հանդիսացել արտահերթ նիստի գումարման, իսկ Ահարոն Գաբրիելյանը ենթադրում էր, որ այս դեպքում հնարավոր է համայնքապետարանը ստիպված լինի դատական ծախսեր հոգալ։

Եվ այդպես, առանց չեղարկելու նախորդ նույն հայտի վերաբերյալ անհամաձայնության մասին միաձայն որոշումը՝ Եղեգիսի ավագանին 5 կողմ և 3 դեմ ձայնով համաձայնություն տվեց «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու հայտին։

Այդպիսով, փորձաքննական փուլ նշանակելով՝ ՇՄ նախարարությունը ավագանու վերոնշյալ որոշումը իրավազոր համարեց։

 

Ի՞նչ հարցեր են դեռ անպատասխան

 

Հոկտեմբերի 29-ին նախատեսված նոր հանրային քննարկմանն ընդառաջ մի շարք հարցեր շարունակում են բաց մնալ։ Մասնավորապես՝ որքանո՞վ էր իրավաչափ ավագանու երկրորդ որոշումը՝ առանց նախորդ անհամաձայնության որոշումը չեղարկելու։ Ի՞նչ ընթացք են ստացել բնակիչների բարձրացրած բնապահպանական խնդիրները, և արդյո՞ք ուսումնասիրվել են նախկին հորատումների ու ջրերի հնարավոր աղտոտման վերաբերյալ ահազանգերը։

COP17-ը հյուրընկալած Հայաստանում Վարդահովիտի դեպքը կրկին առաջ է բերում սկզբունքային հարց՝ որքանո՞վ է հանրային մասնակցությունն իրական ազդեցություն ունենում շրջակա միջավայրին առնչվող որոշումների վրա։

Հոկտեմբերի 29-ի քննարկումը հնարավորություն կլինի հասկանալու՝ արդյոք բնակիչների մտահոգությունները ստացել են հիմնավոր պատասխաններ, թե որոշումների կայացման գործընթացը շարունակվում է՝ առանց դրանց պատշաճ անդրադառնալու։

 

facebook sharing button facebook