ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ․ դեկտեմբերի 9-ին դրական եզրակացություն է տվել «Մենդիա ռեսուրսիզ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ «Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտին։
Ըստ պետռեգիստրի տվյալների՝ ընկերությունը գրանցվել է 2021թ․ հունվարի 29-ին։ Ընկերության իրական շահառուներ են Լիլիթ Արամյանը (15% բաժնեմաս) և Դեննիս Ջեյ Մուրը (85% բաժնեմաս), բայց վերջինս 2022թ․դեկտեմբերի 19-ի դրությամբ այլևս չի տիրապետում իր բաժնեմասերին, իսկ նոր բաժնետերերի մասին տեղեկատվություն դեռևս չկա։
Հիշեցնենք, Դեննիս Ջեյ Մուրը Հայաստանում գրանցված մեկ այլ ընկերության՝ «Հայասա Ռեսուրսիզ Քորփ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է, որի ներկայացրած «Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ»-ը ևս դրական եզրակացություն է ստացել։ Հայցվող տարածքներն ընդգրկում են Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար և Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրերի վարչական տարածքները։
«Քաղաքացու ձայնը» մեդիահարթակը հարցումներ ուղարկեց Եղեգիսի համայնքապետարան և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տրամադրել այն հիմքերը, որով վերը նշված հայտին տրվել է դրական եզրակացություն։
Եղեգիսի համայնքապետարանից պատասխան գրությամբ հայտնեցին, որ հանրային քննարկումը համարվել է չկայացած, որովհետև «հանրային քննարկումը սահմանված կարգով իրականացնելու նպատակով բնակչության կողմից շրջակա միջավայրի ազդեցության գտնահատման /ՇՄԱԳ/ վերաբերյալ հարցադրումներին ձեռնարկողները լիարժեք պատասխաններ չտվեցին համապատասխան մասնագետի /երկրաբան/ բացակայության պատճառով: Բացի այդ, բազմաթիվ անձինք դեմ արտահայտվեցին ներկայացվող վայրում բազմամետաղ հանքարդյունաբերություն իրականացնելուն»:
Իսկ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից էլ պատասխանեցին, որ 2022թ. հոկտեմբերի 14-ին ժամը 11.00-ին Վարդահովիտ բնակավայրում անցկացված «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը չկայացած համարելու ոչ մի հիմք չկա, որովհետև կա կազմված արձանագրություն, մասնակիցների ցուցակ և տեսանկարահանում։
Ի դեպ, մասնակիցների ցուցակում, առաջին հայացքից, կրկնվող ստորագրություններ կան։
Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված արձանագրության մեջ նշված է նաև, որ կազմվել է երեք օրինակ, որոնցից մեկը տրվել է հանրային քննարկումը կազմակերպող կողմին՝ Եղեգիսի համայնքապետարանին։ Ընդ որում այդ արձանագրության մեջ ներառված է նաև «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի երկրաբանի ելույթը, այնինչ Եղեգիսի համայնքապետրանից ստացված պատասխանում նշված է, որ երկրաբանը բացակայում էր, և մասնակիցների հարցերին լիարժեք պատասխաններ չտրվեցին։
Եղեգիսի համայնքապետարանից սակայն «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակի բանավոր հարցմանն ի պատասխան հայտեցին, որ նման արձանագրություն չեն ստացել, ավելացնելով, որ համայնքի բնակիչները դեմ են այդ տարածքում ցանկացած հանքերևակման աշխատանքների, քանի որ վտանգվելու են իրենց ջրային պաշարները։ Այդ պատճառով ոչ մի դեպքում թույլ չեն տալու որևէ հետազոտություն կատարել, որը կբերի հանքարդյունաբերական գործողության։
