
«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 3 (երեք) տարով երկարաձգելու վերաբերյալ որոշման նախագիծը նորից օրակարգում է։
2026թ․ ապրիլի 17-ին Եղեգիսի ավագանին այդ նպատակով արտահերթ նիստ է հրավիրել։
Օրակարգի միակ հարցը ««ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ -Ի ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետի երկարաձգմանը համաձայնություն տրամադրելու մասին» որոշման նախագիծն է։

Այս նույն նախագծին Եղեգիսի ավագանին ամիսներ առաջ, 2025թ․ հոկտեմբերի 27-ի նիստում համաձայնություն չէր տվել։ Հարցը սակայն կրկին օրակարգ է բերվել։

Նախագծում նշված է, որ որոշումը պետք է կայացվի ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, «ՀՀ օրենքը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման պահանջներով։
Վերոնշյալ հոդվածներից առաջինը վերաբերում է ավագանու կողմից համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը որոշելու մասին լիազորությանը: Մյուս հոդվածը արդեն վերաբերում է օրենքով սահմանված այլ լիազորություններին։
«Հայաստանի Հանրապետության օրենքը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով էլ սահմանված է հետևյալը՝ «Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին»։
ՀՀ Վայոց ձորի Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական էջում 2026թ․ ««ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 3 (երեք) տարով երկարաձգելու վերաբերյալ հանրային լսումների անցկացնելու վերաբերյալ որևէ հայտարարություն չկա։ Ավագանում օրակարգում քննարկվելիք նախագծին կից որևէ փաստաթուղթ ևս կցված չէ։
Պաշտոնական կայքում, որտեղ հիշատակվում է ընկերության անունը, երկու հայտարարություն կա․ մեկը 2025թ․ սեպտեմբերի 18-ին նախատեսված հանրային քննարկումների մասին է, մյուսը 2025թ․ հոկտեմբերի 27-ին ավագանու նիստին ընդառաջ տեղեկատվան հրապարակումն է։

2025թ․ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Եղեգիսի ավագանին անհամաձայնություն էր հայատնել ««ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ -Ի ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՆՔԵՐԵՎԱԿՄԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման նախագիծն, այդպիսով հայտնելով իր անհամաձայնությունը նախագծին։
2026թ․ ապրիլի 17-ին Եղեգիսի ավագանին կրկին որոշել է արտահերթ նիստում քննարկել այդ որոշման նախագիծը, 2025թ․ սեպտեմբերի 18-ին կայացած հանրային լսումից 146 աշխատանքային օր անց։ Այն դեպքում, ըստ օրենքը ավագանին պետք է որոշում կայացներ հանրային լսումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։
Ինչո՞ւ է մտափոխվել համայնքի ավագանին, պարզ չէ։
«Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի հետ հեռախոսազրույցում Եղեգիսի Շատին բնակավայրի բնակիչ Նորայր Բաբայանն ասաց՝ վստահ է, որ նոր հանրային լսում չի եղել։ Երբ համայնքապետարանում հետաքրքրվել է, թե ինչու են նորից որոշել քննարկել հարցը, Եղեսիսի համայնքապետի պարտականությունները կատարող Ահարոն Գաբրիելյանն ասել է, որ ընկերությունը ոչ մի վտանգավոր բան չի անում, ընդամենը գիտահետազոտական աշխատանքներ են։
Նորայր Բաբայանին խնդիրը շատ է անհանգստացնում։ Քանի որ հայցվոր տարածքներում համայնքի անասնապահական ամառանոցներն են։

«Ես 30 տարեկան եմ, նախընտրել եմ մնալ իմ բնակավայրում, գյուղատնտեսություն զարգացնել, քաղաք կամ օրինակ ՌԴ գնալու փոխարեն։ Նախորդ ժամանակահատվածում այդ ընկերությունը, իր այսպես ասած՝ «գիտահետազոտական» աշխատանքներն անելու ժամանակ հորատումների փոխարեն հսկայական խրամատներ է փորել՝ ավիրելով տարածքը։ Մեր պապերը այդ դժվարամատչելի վայրերում գյուղեր են հիմնել հենց այդ տարածքի ջրային պաշարների համար։ Սակայն ընկերության գործունեության արդյունքում ջրային պաշարներն էլ նվազել են»,-ասում է Նորայրը։

Նորայրն ասում է՝ ինքն ու իր ֆերմեր ընկերները չեն թողնելու, որ այստեղ նորից երկաբանահետախուզական աշխատանքներ արվեն։ Պատրաստվում է մասնակցել նաև ավագանու նիստին։ Վստահ է՝ իրենց տարածաշրջանը հնարավորություն ունի զարգանալու զբոսաշրջության և գյուղատնտեսության միջոցով, ասում է՝ դրա համար բոլոր նախադրյալները կան։
«Ես հանրային լսման ժամանակ էլ հարցրի․որ ասում եք՝ այդ ընկերությունը այս է արել, այն է արել, բա մեր համայնքապետարանը ի՞նչ է արել, պարապությա՞ն է մատնված եղել։ Հարցիս չպատասխանեցին։ Հարցրի՝ եթե հիմա թույլ տաք, որ այս ընկերությունը աշխատի մեր տարածքներում, հետո, երբ արդեն դուք չլինեք, ումի՞ց ենք մեր հարցերի պատասխաններն ուզելու։ Դրան էլ չպատասխանեցին»,-ասում է նա։

Ավագանու այս հապշտապ որոշումը Նորայրը կապում է նաև առաջիկայում սպասվող համայնքների խոշորացման հետ։ Ասում է՝ երևի ներքին պայմանավորվածություն ունեն ընկերության հետ, այլապես ինչո՞ւ պիտի նորից նույն նախագծի վերաբերյալ ավագանու նոր, արտահերթ նիստ հրավիրեին։
Ինչևէ, «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակը հարցումներ է ուղարկել ՀՀ ՇՄ նախարարություն և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարան պարզաբանում ստանալու նպատակով։ Պատասխանների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ։

