
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը անդրադարձել է այսօր՝ օգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու կողմից «ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտի տարածքում արդյունաբերական նշանակության հանքայնացում հայտնաբերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու մասին» որոշման նախագծի հաստատմանը։
«Փամբակ, հեռացող ՏԻՄ-ի վերջին ճիգերը․․․․
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին, հավատարիմ մնալով իր վերջին հինգ տարիների որդեգրած ձևաչափին, համաձայնություն տվեց Փամբակ համայնքի Եղեգնուտ, Դեբետ, Վահագնի բնակավայրերին պատկանող տարածքներում, Հանքաձորի հանքային դաշտում, երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման նախաձեռնությանը՝ չունենալով հանրային կարծիքի որևէ հիմք և աջակցություն։
Ինչ հանրային կարծիք, ինչ հանրային շահ․ ոչ լսել, ոչ տեսել են։ Ոչ էլ լսել են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները։
Այս ամենը տեղի է ունենում Հայաստանում COP 17-ին ընդառաջ ժամանակահատվածում՝ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մոտարկման և մերձեցման ֆոնին։
Տեղական ժողովրդավարության անտեսումը հանգեցնելու է հանրության կողմից նրանց անտեսմանը, ովքեր դա անտեսում են։
Հիմա գնդակը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի դաշտում է։
Այլապես ճիշտ էին այն քաղաքացիները, ովքեր տապալում և թույլ չէին տալիս, որ իրենց գյուղերում հանրային քննարկումներ իրականացվեն, քանզի այլապես իրենց ձայնը անտեսվում է տարբեր մակարդակներում։
Այդպես չի շարունակվելու․․․»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին արտահերթ նիստում 10 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց «ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտի տարածքում արդյունաբերական նշանակության հանքայնացում հայտնաբերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու մասին» որոշման նախագիծը։
Կարդացեք նաև
