Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/8/2026
share

Փամբակի ավագանին համաձայնություն տվեց Հանքաձորի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին արտահերթ նիստում 10 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց «ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտի տարածքում արդյունաբերական նշանակության հանքայնացում հայտնաբերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու մասին» որոշման նախագիծը։

Նախագիծը ներկայացրեց համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը։ Նախագծի վերաբերյալ նիստին մասնակցող ավագանու անդամներից ոչ մեկը հարցեր չտվեց․ հայտարարեցին որ իրենց տեղյակ են նախագծից, կարդացել են արձանագրությունը։

Հիշեցնենք, որ 2026թ․ օգոստոսի 11-ին Փամբակի մի քանի բնակավայրում՝ Եղեգնուտ, Դեբեդ, Վահագնի, հանրային քննարկումներ էին կազմակերպվել՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտի տարածքում երկրաբանական  ուսումնասիրություն կատարելու համար համայնքի նախնական համաձայնությունը ստանալու նպատակով։

Հանրային քննարկումները նախաձեռնած «ԲԱՐԻԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ըստ էլեկտրոնայի ռեգիստրի տվյալների գրանցվել է 2026թ․ մարտի 30-ին, որպես «Այլ հանքագործական գործունեությանն օժանդակող ծառայությունների մատուցում» ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն։
Ընկերության իրական շահառուներից առնվազն երկուսը «Վալլեքս» խմբի ընկերությունների հետ երբևէ, կամ միգուցե նաև հիմա առնչություն ունեցող անձինք են։ 

facebook sharing button facebook