
2026թ․ օգոստոսի 11-ին Փամբակի մի քանի բնակավայրում՝ Եղեգնուտ, Դեբեդ, Վահագնի, հանրային լսումներ են նշանակված ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Հանքաձորի հանքային դաշտի տարածքում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար համայնքի նախնական համաձայնությունը ստանալու նպատակով։
Հանրային քննարկումը նախաձեռնած «ԲԱՐԻԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ըստ էլեկտրոնայի ռեգիստրի տվյալների գրանցվել է 2026թ․ մարտի 30-ին, որպես «Այլ հանքագործական գործունեությանն օժանդակող ծառայությունների մատուցում» ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն։ Ընկերության բաժնետերերը հինգ հոգի են՝ Գրիգոր Գրիգորյան (38 տոկոս), Սուրեն Բարսեղյան (24 տոկոս), Հովհաննես Սուքիասյան (20 տոկոս), Ֆելիքս Լազարյան (9 տոկոս), Գևորգ Մուրադյան (9 տոկոս)։ Գևորգ Մուրադյանը միաժամանակ հանդիսանում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարը։
Համացանցային բաց աղբյուրների տվյալների համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ «ԲԱՐԻԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առնվազն երկու բաժներտերը «Վալլեքս» խմբի ընկերությունների հետ երբևէ, կամ միգուցե նաև հիմա առնչություն ունեցող անձինք են։
Հովհաննես Սուքիասյանը երկար տարիներ եղել է (հնարավոր է նաև մինչև հիմա) «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի անձնական վարորդը։
Ֆելիքս Լազարյանը երկար տարիներ աշխատել է Թեղուտի լեռնահարստացուցիչ համալիրում մինչև դրա ՎՏԲ-ին փոխանցվելը։ Նրա անունը ներառված է ընկերության կողմից պարգևատված անձանց շարքում․ Թեղուտի կոմբինատի գործարկման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է խմբի «Փիրուզե խաչ» կորպորատիվ մեդալով։
Հանքաձորում հանքերևակո՞ւմ, թե բնակավայրերի կանաչ կայուն զարգացում
Հանքաձորի հանքային դաշտում 2021թ․ երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու փորձ արել է նաև «Լուսաջուր Վենչերզ Ինվսետ» ՍՊԸ-ն, որը հանրային քննարկումներ էր ձեռնարկել Մարգահովիտ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքներում։ Հանրային քննարկումները բնակիչների և բնապահպան ակտիվիստերի կողմից բոյկոտվել են։ Բնակիչները պնդել էին, որ այդտեղ իրենց կովերն են արածում և իրենք չեն ցանկանում կորցնեն իրենց արոտավայրերը։ Ընկերության ներկայացուցիչները հեռացել էին՝ խոստանալով, որ կվերադառնան իրենց գործունեության անվտանգ լինելու անհերքելի փաստերով, բայց մինչև հիմա այդ ընկերությունը նման նախաձեռնություն հանդես չեն բերել։
Հիմա արդեն «ԲԱՐԻԲԱ» ՍՊԸ-ն է նման գործընթաց սկսել՝ հանրային քննարկումներ նախաձեռնելով ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Եղեգնուտ բնակավայրում օգոստոսի 11-ին՝ ժամը 11-ին, Դեբետ բնակավայրում՝ ժամը 13։00-ին, Վահագնի բնակավայրում՝ ժամը 15։00-ին։
Նշենք, որ Փամբակ համայնքի Եղեգնուտ և Դեբետ բնակավայրերը ընդգրկված են նաև WWF Հայաստանի կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների խթանում Հայաստանում» ծրագրում։ 2024թ․ հունիսի 17-ին Փամբակ համայնքի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի և «Քոշաքար» համայնքային սոցիալ-բնապահպանական հասարակական կազմակերպության միջև երկարաժամկետ համաձայնագրի է կնքվել, որով սկիզբ է դրվել «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկին՝ համայնքի 3 բնակավայրերում` Եղեգնուտում, Դեբեդում և Մարգահովիտում:
Այս մասին կազմակերպության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ ծրագրի շրջանակներում կստեղծվի համայնքային բնապահպանական գոտի, որը կկազմի շուրջ 7,938 հա (1,776 հա հիմնական և 6,162 հա կայուն կառավարման գոտիներ): Շուրջ 263,840 եվրո կտրամադրվի WWF-ի կողմից ոչ միայն բնապահպանական նպատակների, այլև շահառու բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Արդեն սկսվել են արոտների ենթակառուցվածքը բարելավելու աշխատանքները և տեղադրվել են արևային կայաններ բոլոր շահառու բնակավայրերում:
«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Հայաստանում այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջանքերով և ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով: ԷՄՀ II փուլի ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության /SDC/ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» /LILA/ ծրագրի կողմից՝ նպաստելով տեղական բնակչության կենսապայմանների ապահովմանը՝ նույն թիրախային բնակավայրերում էկոտուրիզմի, վայրի հավաքի և անասնապահության զարգացման միջոցով: Ծրագրում նշված է, որ այն նաև նպաստելու է կառավարման տարբեր մակարդակներում գյուղատնտեսական և կենսաբազմազանության վերաբերյալ համապատասխան քաղաքականության մշակմանը, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ համայնքների և էկոհամակարգերի դիմացկունության ամրապնդմանը:
Բացի այս ամենին վերջին տարիներին վերոնշյալ բնակավայրերում մեծ թափ է առել հյուրատնային բիզնեսը, որոնք, ըստ էության, այս բնակավայրերում ապահովում են զբոսաշրջիկների հոսք տվյալ բնակավայրեր։
Այսպիսով, Հանքաձորի տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների հերթական նախաձեռնությունը համայնքի առաջ դնում է հարց, թե ինչպիսի՞ զարգացման ճանապարհ է Փամբակն ընտրում իր բնակավայրերի համար։
Մի կողմից՝ հնարավոր հանքային պաշարների ուսումնասիրությունն ու հետագա շահագործման հեռանկարը, մյուս կողմից՝ արոտավայրերի պահպանումը, էկոլոգիական միջանցքները, կենսաբազմազանության պաշտպանությունն ու վերջին տարիներին զարգացող գյուղական զբոսաշրջությունը։ Այս երկու ուղղությունների համատեղելիությունը դեռևս պետք է հիմնավորվի ոչ թե հայտարարություններով, այլ մասնագիտական ուսումնասիրություններով և բնակիչների համար հասանելի, փաստարկված տեղեկատվությամբ։
Օգոստոսի 11-ի հանրային քննարկումները կարող են դառնալ այն պահը, երբ համայնքը կփորձի հասկանալ՝ Եղեգնուտ, Դեբետ և Վահագնի բնակավայրերի ապագան կառուցվելու է հանքային ռեսուրսի՞, թե՞ պահպանվող բնության, անասնապահության և զբոսաշրջության վրա հիմնված զարգացման շուրջ։
