Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/8/2026
share

Հա՞նք, թե՞ տուրիզմ ու կայուն կանաչ զարգացում․ նոր ռիսկեր Եղեգնուտ, Դեբետ և Վահագնի բնակավայրերում (տեսանյութ)

Փամբակ համայնքի զբոսաշրջային բրենդավորված Վահագնի, Դեբետ և Եղեգնուտ բնակավայրերը հանքարդյունաբերության վտանգի տակ են հայտնվել։ «Բարիբա» ընկերությունը մտադիր է վերագործարկել նախորդ դարասկզբին ֆրանսիացիների շահագործած հանքաձորի հանքավայրը, մինչ այդ մտադիր է նոր երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնել հայցվող շուրջ 30 քառակուսի կիլոմետր տարածքում: Ուսումնասիրությունների փուլում բնությանը չեն վնասելու, Կարմիր գրքում գրացված կենդանիների տեղաշարժի առանձնացված գոտիներից հեռու են գործելու։ Աշխատելու են նոր տեխնոլոգիաներով, դրսից հրավիրված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ՝ ընկերությունից են վստահեցնում ու ոչ մի խոսք՝ բնակավայրերում իրականացվելիք սոցիալական ծրագրերի մասին։

 

Ընկերության տնօրեն Գևորգ Մուրադյանը նախկինում շահագործված ու բարձիթողի հանքավայրի նկարներն է ցույց տալիս՝ ժամանակակից տեխնոլոգիաներ ենք ներդնելու՝ ասում է։ Բնապահպաններին, սակայն, ընկերության փաստարկները համոզիչ չեն թվում։ Բոլոր հանքարդյունաբերողները նույն խոստումներն են տալիս, Վարդուհի Անանյանն է ասում, գնացե՛ք Քարաբերդ, Շամլուղ տեսե՛ք՝ քանի մարդ է այնտեղ  ապրում։

 

2025-ի դեկտեմբերի 25-ի կառավարության որոշմամբ, ի թիվս հանրապետության շատ այլ բնակավայրերի, Լոռու Փամբակ, Դեբեդ բնակավայրերը, «Դեբեդի կիրճ»-ը զբոսաշրջային կենտրոններ են հռչակվել՝ ելնելով մեծ պոտենցիալից։ Իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը շեշտում է համայնքների զարգացումը պետք է բխի զարգացման տեղական ռազմավարություններից։ Բացի այդ, միջազգային  կառույցներն այստեղ լուրջ ներդրումներ են արել, ծրագրեր իրագործել՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանը։ 

 

Բնության համաշխարհային հիմնադրամ Հայաստանը Կովկասյան ազնվացեղ եղջերուների համար միգրացիոն էկոմիջանցքներ է ձևավորել՝ տարածաշրջանի կենսաբազմազանությունը վերականգնելու նպատակով, մեկ այլ ծրագրով հյուրատնային բիզնեսներ են հիմնվել՝ դարձյալ շեշտադրելով բնական միջավայրը։ Արդյոք նախատեսվող գործունեությունը չի հակասելու զարգացող տուրիզմին։ Վահագն Վարդումյանը Երևանից տեղափոխվել՝ Վահագնիում տուրիզմ է զարգացնում։ Արահետաշինական մեծ նախագծեր ենք իրականացրել այստեղ՝ միջազգային կառույցների օգնությամբ։ Ստացվում է՝ և մեր բիզնեսը և մեր ներդրումները հայտնվում են ռիսկի տակ։ Հարցնում է՝ ով է փոխհատուցելու մեր վնասները։ 

 

3 բնակավայրերում ընկերության ներկայացուցիչները խոսեցին իրենց ծրագրերից ու այդպես էլ չհստակեցրին՝ ի՞նչ է շահելու  Փամբակ համայնքն իրենց գործունեությունից ընդհանրապես ու 3 բնակավայրերը՝ մասնավորապես, քանի՞ աշխատատեղ է բացվելու։

 

Ուշագրավ է, որ 2022 թվականի մայիսի 12-ին Փամբակի ավագանին հաստատել է համայնքի զարգացման 2022-2026թթ․ հնգամյա ծրագիրը, որում հանքարդյունաբերության մասին խոսք չկա։ Փոխարենը՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունն ու բնապահպանական ծրագրերի խթանումն է դիտվում որպես զարգացման հեռանկար։ Ինչպես համայնքի մյուս բնակավայրերում տեղի ունեցած այլ լսումներին, այստեղ էլ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը խուսափեց թե՛ բնապահպանների, թե՛ լրագրողների ուղիղ հարցադրումներից՝ նախագծին դե՞մ է, թե՞ կողմ։ Տուրիզմն ու հանքարդյունաբերությունը միմյանց չեն խանգարում՝ ասաց։ Դեբեդի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանն էլ չհստակեցրեց իր դիրքորոշումը։ Ասաց՝ եկել է ծանոթանալու, հասկանալու, ծանր ու թեթև անելու

Հանքաձորի հանքային դաշտի որոնողական և Հանքաձորի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասի նախնական հետախուզական աշխատանքների 1974թ. ամփոփ հաշվետվությունների համաձայն՝ 19-րդ դարից այստեղ գործել են փոքր լեռնահանքարդյունաբերական ձեռնարկություններ: 20-րդ դարասկզբին էլ ստորերկրյա եղանակով ֆրանսիացիներն են մոտ 150 հազ.տոննա հանքաքար արդյունահանել: ԽՍՀՄ տարիներից այստեղ հաստատվել են հանքաքարի ու պղնձի պաշարներ։ 1975թ.-ից հանքավայրը պահուստային է համարվում: Չնայած Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված չէր՝ կոնկրետ ինչ օգտական հանածո է որոնելու «Բարիբա» ընկերությունը, վերջիններս խոսում են պղնձի, ոսկու և այլ արժեքավոր մետաղների մասին։

 

Ուշագրավ էր նաև, որ լսումներին այդպես էլ չարտահայտվեցին հյուրատնային բիզնես ունեցողները: Ներկա չէին նաև Դեբեդում խոշոր ներդրումներ արած COAF Սմարթ կենտրոնի և հյուրանոցի ներկայացուցիչները, թեև տեղեկացվել էին: 3 բնակավայրերում էլ բնակիչները բավական կաշկանդված էին, ասում է Օլեգ Դուլգարյանը։ Ոչ հանքին կողմ բնակիչներն էին խոսում, ոչ՝ դեմ, ընդ որում, կողմ բնակիչներն ավելի էին կաշկանդված։ Բնապահպանները բազմաթիվ ռիսկեր են տեսնում

 

Փամբակի ավագանին պիտի ծանրութեթև անի առկա ռիսկերն ու հավանության չարժանացնի  հանքարդյունաբերական այս նախագիծը, որովհետև չունի համապատասխան հիմքերը՝ բնապահպաններն են ասում։ Նախատեսվող գործունեությունը, ասում են, չի բխում համայնքի զարգացման ռազմավարությունից։ Հույս են հայտնում, որ այստեղ չի գործի Քարաբերդի սցենարն ու համայնքի ավագանին չի անտեսի բնակիչների շահը։ «Եթե Փամբակի ավագանին հավանություն տա նախագծին, դա կլինի իրենց անհատական, անձնական դիրքորոշումը, որը որևէ աղերս չունի բնակիչների ու շահագրգիռ կողմերի կարծիքների հետ» ,- «Քաղաքացու Ձայն»- ին ասաց իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը։

 

«Բարիբա» ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունի, թեև որոշակի փոխկապակցվածություն կա Թեղուտի հանքը շահագործած «Վալեքս» ընկերության հետ։ Պետռեգիստրի տվյալներով գրանցվել է 2026թ․ մարտի 30-ին՝ որպես այլ հանքագործական գործունեությանն օժանդակող ծառայությունների մատուցման ոլորտում գործունեություն իրականացնող։ Ընկերությունը 5 բաժնետեր ունի՝ Գրիգոր Գրիգորյան՝ 38 %, Սուրեն Բարսեղյան` 24%, Հովհաննես Սուքիասյան 20 %, Ֆելիքս Լազարյան` 9 % և Գևորգ Մուրադյան 9%։ Հանրային լսումներին ընկերության ծրագրերը ներկայացնող Գևորգ Մուրադյանը ընկերության գործադիր տնօրենն է։ Ի դեպ՝ իրական շահառուներից Հովհաննես Սուքիասյանը երկար տարիներ  «Վալեքս» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի անձնական վարորդն է եղել: «Վալեքս»-ի հետ կապը Գևորգ Մուրադյանն ըստ էության չհերքեց։ Հիշեցնենք՝ վերջինս 8 տարի առաջ հարկային ու ՎՏԲ բանկին ունեցած շուրջ 400 միլիոն դոլարի պարտավորության դիմաց զրկվել էր Թեղուտի հանքից: Մուրադյանն այդպես էլ չբացահայտեց՝ ինչ կապիտալով է պատրաստվում  «Բարիբա»-ն իրականացնել հետախուզման աշխատանքներն ու հանքի հետագա շահագործումը։

facebook sharing button facebook