Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/8/2026
share

Լարված լսումներ Զառիթափում․ փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքին ու ճնշել էկոակտիվիստներին (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզի Զառիթափ բնակավայրում օգոստոսի 21-ի լսումների ընթացքը հարթ չէր։ Պարբերաբար իրավիճակը լարվում էր։ Հանրային լսումները խնդրահարույց էին այն առումով, որ նախագիծը մեկ անգամ արդեն բացասական եզրակացություն էր ստացել համայնքի ավագանու կողմից,  բայց կրկին փորձաքննության ներկայացվել։

Քննարկումներն սկսվեցին վիճաբանությամբ: Ներկաներից մի քանիսը, այդ թվում՝ համայնքի բնակիչներից փորձեցին լռեցնել էկո-ակտիվիստներին․ «Մի՛ գոռա, հանգի՛ստ նստիր տեղդ»,- ասաց էկոակտիվիստների հետ վիճաբանության բռնված բնակիչներից մեկը։

Քննարկումներին մասնակցող իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նշեց, որ ՀՀ օրենքով հանրային լսումներին իրավունք ունեն մասնակցել բոլոր քաղաքացիները, ոչ միայն՝ տեղի բնակիչները: «Օրենքի բացերը շրջանցելով հանրության մասնակացությունը դուրս է թողնվում գործընթացից»,- նկատել էր  Օլեգ Դուլգարյանը, նկատի ունենալով այն, որ հանրային լսումներին  մեծաթիվ բնակիչների ներկայություն ապահովված չի եղել։

Հանրային քննարկումներին իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը փորձեց ընթերցել Վայոց Ձորում գործարարությամբ զբաղվող բնակչի դիմումը՝ ուղղված լիազոր մարմնին։  Դրանում գործածարը կիսվել էր մտահոգությամբ այն մասին, որ ոսկու կորզման ֆաբրիկայի գործարկումը կարող է վնաս հասցնել ոչ միայն էկոհամակարգին ու մարդկանց, այլև համայնքում գործող փոքր բիզնեսներին: Հանրային լսումներին մասնակից բնակիչներից մեկը փորձեց խանգարել ընթերցմանը՝ վերցնելով դիմումը իրավապաշտպանի ձեռքից։ Միջադեպը կանխվեց Շրջակա միջավայրի  նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի փորձագետ Հովիկ Մեսրոպյանի հորդորից հետո:

Նշենք, որ օրեր առաջ իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը  մտահոգություն էր հայտնել այն առթիվ, որ մեկ անգամ բացասական եզրակացություն ստանալուց հետո, նախագիծը նորից է ներկայացվել փորձաքննության՝ առանց առաջին՝ նախնական հանրային լսումների և համայնքի ավագանու համաձայնության: Շրջակա միջավայրի նախարարությունը ընթացք է տվել հանքավայրի շահագործման ժամկետների երկարացման և ֆաբրիկայի կառուցման մի նախագծի, որին ինքը բացասական եզրակացություն էր տվել ամիսներ առաջ՝ 2026 թվականի մայիսի 13-ին՝ հիմք ընդունելով բացասական եզրակացություն ստացած նախագծի հանրային լսումները, որոնք կայացել են 2026 թվականի ապրիլի 10-ին։

Հիշեցրել էր, որ 2025 թվականի հուլիսի 4-ին Վայքի ավագանու կողմից արդյունահանման նախագծին համաձայնություն տալուց հետո, 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, որով, ի թիվս այլ համայնքների, Վայք համայնքի մի շարք բնակավայրեր հայտարարվել են «զբոսաշրջային կենտրոններ»։

«Ու այդ զբոսաշրջային կենտրոնների կողքին հիմա հանքարդյունահանման և հանքանյութամշակման նախագիծ է առաջ մղվում։ Վայոցձորցիները արդեն տասնամյակներ որոշակի հաջողություններով պաշտպանում են իրենց շրջակա միջավայրը, էկոլոգիական իրավունքները, և օրենքի անկատարությունը եկել է շրջանցելու նրանց պայքարը։ Այս արատավոր պրակտիկայի առաջը պետք է առնվի թե՛ քաղաքացիների պահանջատիրությամբ, թե՛ օրենսդրական փոփոխություններով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր նա։

 

Ի դեպ, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից ևս նշեցին, որ հանքի ծրագիրը ռիսկային է շրջակա միջավայրի համար և հակասում է Վայոց Ձորի զարգացման ուղղություններին։ Հղում անելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի պետ Գեղամ Մարգարյանի դիտարկմանը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղից այգեգործ, էկոակտիվիստ Տիգրան Մաթևոսյանը Շրջակա միջավայրի նախարարության և «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացուցչին հարցրեց՝ ինչո՞ւ հաշվի չեն առնում մարզպետարանի ներկայացուցչի դիտարկումներն այն մասին, որ ոսկու կորզման հանքի ծրագիրը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, ինչին ի պատասխան զառիթափցիները արձագանքել էին «Գնա՛ քու Արմաշի հարցերով զբաղվի»։

 

Լրացնելով գործընկերոջը Կանաչ Խորհուրդների Դաշնության համահիմնադիր, էկո-ակտիվիստ Հայկ Աբրահամյանը ասաց՝ Զառիթափում տեղի ունեցածը հանքարդունաբերության ոլորտում համարում են նախադեպային՝ դա համեմատելով վերջերս ՇՄԱԳ օրենքում փոփոխությունների նախաձեռնության փաթեթի հետ։ «Մենք շատ վտանգավոր տենդենց ենք տեսնում, որովհետև տեղական ժողովրդավարության և քաղաքացիական մասնակցության տեսանկյունից կառավարությունը գնում է մի այնպիսի պրոցեսով, որտեղ մեծ հաշվով ավելի շատ նախապատվությունը տալիս է բիզնես շահերի պաշտպանությանը, քան՝ քաղաքացիների ձայները լսելի դարձնելուն»,- ասաց նա:

Լսումների ընթացքը մի պահ թեժացավ, երբ բնակիչներից մեկը փորձեց ձեռքով հարվածել «Քաղաքացու Ձայն»-ի տեսախցիկին ու խոչընդոտել նկարահանող խմբի աշխատանքին՝ գոռալով «Մի՛ նկարի արա, հեռախոսդ տար էն կողմ»

 

«Կա՞ փաստաթուղթ, որտեղ երևում է, որ Զառիթափում մարդիկ կողմ են ոսկու կորզման ֆաբրիկային»,- ՇՄ նախարարության ներկայացուցիչ Մեսրոպ Մեսրոպյանին դիմելով՝ հարցրեց էկո-ակտիվիստ Վարդուհի Բարսեղյանը։ Վերջինս, ի պատասխան, ասաց, որ դա ֆիքսվում է միայն հանրային լսումների ժամանակ, որտեղ մասնակիցները կարող են նշել կողմ կամ դեմ:

 

Հիշեցնենք՝ 2026-ին ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն էր տվել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի և /կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման՝ ոսկու կորզման, գործարան կառուցելու նախագծին։

Պատճառաբանությունը, որ ներկայացված նախագծում թեև նկարագրված է նախատեսված 2 պոչամբարների հնարավոր վթարային հեղեղման ռիսկերը, բայց փաստացի ներկայացված կամ հիմնավորված չեն եղել ռիսկերի կառավարման մեխանիզմները։ Լրամշակված հաշվետվության մեջ անդրադարձ չի արվել պոչամբարների նախագծային լուծումների համապատասխանությանը միջազգային լավագույն փորձին՝ պոչամբարների անվտանգ նախագծման և շահագործման մասով, ինչը, ըստ փորձագետների, թույլ չի տալիս գնահատել առաջարկվող լուծումների հուսալիությունն ու ռիսկերի ընդունելի մակարդակը։

facebook sharing button facebook