Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/6/2026
share

ՇՄՆ բացասական եզրակացություն է տվել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի նախագծին

«ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի և /կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման՝ ոսկու կորզման, գործարան կառուցելու նախագծին ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն է տվել։

Պատճառաբանական մասում նշված է, որ փորձաքննության ներկայացված նախագծում թեև նկարագրված է եղել նախատեսված երկու պոչամբարների հնարավոր վթարային հեղեղման ռիսկերը, բայց փաստացի ներկայացված կամ հիմնավորված չեն եղել ռիսկերի կառավարման մեխանիզմները։ Լրամշակված հաշվետվության մեջ անդրադարձ չի եղել պոչամբարների նախագծային լուծումների համապատասխանությանը միջազգային լավագույն փորձին՝ պոչամբարների անվտանգ նախագծման և շահագործման մասով, ինչը, ըստ փորձագետների, թույլ չի տալիս գնահատել առաջարկվող լուծումների հուսալիությունն ու ռիսկերի ընդունելի մակարդակը։

Ներկայացված չի եղել նաև հանքաքարի ջարդման ժամանակ առաջացող փոշու կանխարգելման համար նախատեսված օդափոխության և ֆիլտրացիոն համակարգեր։

Երկրորդ հանրային քննարկման ժամանակ փորձաքննական կենտրոնի մասնագետները հարց էին բարձրացրել լճակի նշանակության, նախագծային չափերի և պոչամբարից առաջացող ջրերի ապասարկման հնարավորությունների վերաբերյալ։ Ինչին վերաբերյալ նախաձեռնողների պարզաբանումը մասնագետները բավարար ու արժանահավատ չեն համարել, որովհետև փորձաքննության ներկայացված հաշվետվությամբ մաքրման կայանը նախատեսված է բացառապես տնտեսա-կենցաղային և անալիտիկ լաբորատորիայի կեղտաջրերի մաքրման համար՝ «Յալմա» մակնիշի ինքնավար կենսաբանական մաքրման համակարգի միջոցով /հաշվետվության մեջ առհասարակ ներկայացված չի եղել ինչպես է ապահովվելու լճակից դեպի գործարան ջրի հոսքը/։

Նշված է նաև, որ չոր պոչերում կարող են լինել մնացորդային ցիանիդի կուտակումներ, որոնք ջրային միջավայրերում՝ անձրևաջրերի, հալոցքաջրերի հետ կարող են տարածվել շրջակա միջավայրում։ Վերոնշյալի հիման վրա փորձագետների մոտ հիմնավոր կասկած է առաջացել, որ պոչամբարների ջրերի ամբողջ ծավալը չի ենթարկվելու համապատասխան մաքրման և հնարավոր է ուղղվի մոտակա գետային ռեսուրս, ինչը պարունակելու է էական բնապահպանական ռիսկեր։

Փաստաթղթում արձանագրվել է նաև, որ «Վայոց ձոր 2» և «Վայոց ձոր 4» միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերում Վայք համայնքում և Զառիթափ բնակավայրում հանքարդյունաբերական համալիրների հեռանկարային ծրագրեր չեն նախատեսված, հետևաբար ներկայացված գործունեությունը չի բխում գործող տարածական պլանավորման փաստաթղթերի լուծումներից։

Բացի փաստաթղթերի ուսումնասիրությունից կատարվել է նաև սանիտարապաշտպանիչ գոտու տեղազննում և արձանագրվել է, որ այդ գոտում կան տներ և հանգստի գոտի՝ 300 մ հեռավորությամբ, մշակովի այգիներ՝ 350 մ, Փշոնք գետը՝ 470 մ հեռավորությամբ՝ ինչը հակասում է գործող հրամանի պահանջներին։

facebook sharing button facebook