Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/6/2025
share

Վայքը շարունակում է մնալ հանքարդյունաբերողների ուշադրության կենտրոնում

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի մի քանի բնակավայրեր նորից հայտնվել են հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ընկերությունների ուշադրության կենտրոնում։

Դեռևս այս տարեսկզբին ՝ փետրվարի 18-ին, Վայք համայնքի Արին բնակավայրում «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն հանրային քննարկում էր նախաձեռնել ՀՀ Վայոց ձորի մարզի Արին բնակավայրի տարածքում հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման/ գործարան կառուցելու վերաբերյալ։ Նույն օրը համայնքի մեկ այլ՝ Զառիթափ բնակավայրում ևս հանրային քննարկում էր անցկացվել նույն ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Արինում բնակիչները մտահոգություն էին հայտնել նախագծի վերաբերյալ։  Նրանք բավարար չէին համարել ընկերության կողմից բերված՝ անվտանգ տեխնոլագիանների կիրառման վերաբերյալ հայտարարությունները և քվեարկություն էին կազմակերպել։ Հանրային քննարկման մասնակիցների մեծամասնությունը դեմ էր քվեարկել նախագծին։ Թե ինչպե՞ս է անցել Զառիթափում կազմակերպված հանրային քննարկումը, բաց աղբյուրներում հրապարակված չէ, այն նաև որպես հիմնավորում հրապարակված չէ Վայքի ավագանու 2025թ․ մարտի 14-ի  N 29-Ա որոշմանը կից, որով 8 կողմ ձայնով ավագանին համաձայնություն է հայտնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն) կողմից 27.09.2012 թվականին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/239 թույլտվությամբ, թիվ ԼՎ-239 լեռնահատկացման ակտի և թիվ ՊՎ-239 ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ կողմից շահագործվող Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար»:

Արինում ոսկու կորզման գործարան կառուցելու նախագծին համաձայնություն կամ անհամաձայնություն տալու հարց Վայքի ավագանու 2025թ․ մարտի 14-ի օրակարգում նույնիսկ ներառված չի եղել։

Ընկերությունը ոսկու կորզման գործարան կառուցելու նախաձեռնությամբ երկրորդ անգամ հանրային քննարկում նախաձեռնեց 2025թ․ մայիսի 13-ին, Զառիթափ բնակավայրում, որը ըստ մասնակիցների՝ անցել էր շատ բուռն մթնոլորտում։ Հանրային քննարկման եկած մի խումբ մասնակիցներ նաև նախագծին դեմ ստորագրահավաք էին կազմակերպել։

Մայիսի 16-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանին քննարկեց «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի և/ կամ հանքանյութի և/ կամ խտանյութի վերամշակման՝ ոսկու կորզման, գործարան կառուցելուն նախնական համաձայնություն տալու մասին հարցը։ Նիստի ժամանակ քննարկվեց նաև ստորագրահավաքի հարցը և որոշեցին հարցը հետաձգել մեկ անգամ ևս ժողովրդի կարծիքն իմանալու համար։ Հիմա հարցը կրկին ընդգրկված է 2025թ․ հունիսի 4-ին կայանալիք նիստի օրակարգում։

Համայնքի նկատմամբ մեկ այլ հանքարդյունաբերական ընկերություն ևս հետաքրքրություն է ցուցաբերել։ 2025թ․ հունիսի 6-ին Վայքի երկու բնակավայերում՝ Զառիթափում և Ազատեկում հանրային քննարկում է նախաձեռնել «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ն։ Հանրային քննարկումը ըստ Վայք համայքնի պաշտոնական կայքի հայտարարության՝ Վայք համայնքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերագնահատողական երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ է։

Ազատեկի ոսկու հանքավայրը նախկինում շահագործվել է «Վայք գոլդ» ՍՊԸ-ի կողմից։ Ըստ «Հետք»-ի հրապարակումների ընկերությունը մի քանի անգամ հայտնվել է դատական վեճերում։ 2019թ․ դեկտեմբերի 19-ի ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել է ընկերության կողմից Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը, որը ընկերությունը փորձել է վիճարկել դատարանում։ Վարչական դատարանը 2022թ․ հունվարի 12-ին կայացած վճռով մերժել է «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 19.12.2019 թվականի ««Վայք Գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին» թիվ 711-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը։ 

2020 թ․ հունվարին հանքավայրում արդյունահանում իրականացնելու ցանկություն է ցուցաբերել նաև 2020թ․ հունվարի 9-ին գրանցված «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն։ Ըստ «Հետք»-ի 2020թ․ հունվարի 22-ի հրապարակման այս ընկերության հիմնադիրն ու միակ բաժնետերը Հրաչյա Համլետի Ջանունցն է, ով նաև «Աշա մետալ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, որտեղ նրա գործընկերները Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ են։ հրապարակման մեջ նշված է նաև, որ Հրաչյա Ջանունցի հաշվառման հասցեում գրանցված է նաև Հայկուշ Արամի Օսիկյանը, նույն «Ասսաթ» ՍՊԸ-ի սեփականատեր և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու ընկերության տնօրեն Արամ Օսիկյանի դուստրը, և ենթադրվում էր, որ «Վայք-ինվեստ» ընկերությունը պարզապես հիմնադրվել է գործընթացները մեկ այլ ընկերության միջոցով իրականացնելու նպատակով։

2021թ․ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն նորից Ազատեկում հանքարդյունահանում իրականացնելու նախաձեռնությամբ հանդես եկել և Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա մշակման նախագիծ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն։ 

Իսկ ովքե՞ր են Վայքում այս տարի հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար հետաքրքություն ցուցաբերող ընկերությունների իրական շահառուները։

«ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն 2024թ․ դեկտեմբերի 25-ին անվանափոխված «Վարդանի Զարթոնքը» ՍՊ ընկերությունն է։ Այն գրանցվել է 2001 թ․ օգոստոսի 24-ին։ Ընկերության իրական շահառուները, ըստ «Հետք»-ի հրապարակման, փոխկապակցված են եղել ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին փոխնախարար Վարդան Այվազյանի հետ․ նրա որդին՝ Սուրեն Այվազյանը, նախկինում տիրապետել է ընկերության 40 տոկոսին։ Վերջին հայտարարագրի համաձայն՝ ընկերության 50 տոկոս բաժնետերը Լիանա Սուրենի Միքայելյանն է, որը 2023թ․ մարտի 24-ից ընկերության միակ բաժնետերն էր։ Նա նաև «ՍԵՆԴ ԸՆԴ ՍԹՈՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի միակ սեփականատերն է։

Մյուս 50 տոկոսի բաժնետերը Դավիթ Համլետի Սուքիասյանն է, որը «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերն է։ Նա ըստ «Փաստերի ստուգման հարթակի» (fip.am) հրապարակման Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարն է։ Ընդ որում, «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն մի քանի անգամ ՀՀ կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնություններ է ստացել։

Երկրորդ ընկերությունը, որը ցանկանում է հանքարդյունաբերական գործունեություն սկսել Վայքում, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի գրանցվել է 2024թ․ ապրիլի 16-ին։ Ընկերության հիմնադիրը և միակ բաժնետերը «ԱՈՒՐԻՔՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն է, որի գրանցման հասցեն Միացյալ Թագավորությունն է։

facebook sharing button facebook