Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/5/2025
share

Ստորագրահավաք՝ ընդդեմ Զառիթափում ոսկու հանքանյութի վերամշակման գործարանի կառուցման (տեսանյութ)

Մայիսի 16-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանին քննարկեց «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի և/ կամ հանքանյութի և/ կամ խտանյութի վերամշակման՝ ոսկու կորզման, գործարան կառուցելուն նախնական համաձայնություն տալու մասին հարցը։

Նախաձեռնողը խոստացավ 250 աշխատատեղ բացել, սոցիալական ծրագրեր իրականացնել և վնաս չպատճառել շրջակա միջավայրին, ասաց՝ աշխատելու են փակ շրջանառու համակարգով, ինչը բացառում է արտահոսքերը։ Ավագանու անդամներից մեկը հակադարձեց՝ տեսականորոն ամեն ինչ հրաշալի է, բայց թե ինչ կլինի գործնականում՝ պարզ չէ։

Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը ասաց` իր սուբյեկտիվ կարծիքը հայտնել է նաև լսումների ժամանակ՝ կողմ է գործարանի կառուցմանը, վստահ է, բնակիչներն էլ են կողմ։

Չնայած այն բանին, որ ավագանու նիստին ներկայացվեց մի քանի էջանոց ցուցակ դեմ ստորագրություններով։ Նախատեսվող գործունեությանը դեմ են ստորագրել Վերնաշեն, Աղավնաձոր, Եղեգնաձոր, Զառիթափ, Վայք բնակավայրերի քաղաքացիներ։ Դեմ ստորագրություններով նամակը համայնքի ղեկավարին է փոխանցվել նաև հանրային լսման ժամանակ, վերջինս հրաժարվել է ընդունել այն։

Հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ առաջին հանրային լսումը մայիսի 13-ին էր, Զառիթափ բնակավայրի վարչական շենքում։

Համայնքի ղեկավարի կարծիքով հանրային լսումը հարթ է անցել։

Այս տեսանյութում հնչում են ընդհուպ հայհոյանքներ։

Լսումներին ներկա է եղել Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։ Նրա խոսքով հանրային լսման ժամանակ պատշաճ չի ներկայացվել նախատեսվող գործունեությունից բխող ռիսկերը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգները։ Գեղամ Մարգարյանի խոսքով՝ մետաղաձուլական գործարանի կառուցման դեպքում խաղաղագործությամբ ու գինեգործությամբ հայտնի մարզը կկորցնի իր հիմնական այցեքարտը։ Ասում է՝ 10 տարի անց ոսկու պաշարները կսպառվեն, իսկ այդ հողն ու ջուրը անվերադարձ կկորցնի իր գյուղատնտեսական նշանակությունը։

Շրջակա միջավայրի աղտոտում, ջրերի աղտոտում, փոշի, ակնկալվող վնասներն է թվարկում նաև Եղեգնաձորի բնակիչ Հայկ Իսախանյանը։ Ասում է՝ մարզը զարգանում է գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ, նշված ոլորտներում ապահովելով շուրջ 15 հազր աշխատատեղ։ Հանքի գոյությունը ի չիք կդարձնի այդ ամենը։

Հայկ Իսախանյկանի խոսքով՝ հանրային լսման ժամանակ իրենց կողմից բարձրացված հարցերին սպառիչ պատասխան չի տրվել։ Ավելին, թույլ չեն տվել արտահայտվել ու կարծիք հայտնել, համայնքի ղեկավարը հանրային լսումը ուղղորդված է անցկացրել ի շահ նախաձեռնողի։ Սա պատշաճ լսում չի կարելի համարել, ասում է նա։

Հայկ Իսախանյանը բնակիչների անունից նամակով դիմել է Վայոց ձորի մարզետին ու ՇՄ նախարարին այդ լսումներին բացաասական եզրակացության տալու պահանջով։

Իսկ Վայքի ավագանին մայիսի 16-ի նիստում նշված հարցի վերաբերյալ որոշում չկայացրեց։ Ասացին՝ հիմա էլ պատրաստ են կողմ քվեարկել, բայց որպեսզի ժողովուդը իրենց անտեսված չզգա որոշում կկայացնեն զառիթափցիների հետ հանդիպելուց հետո։

Նշենք որ նույն՝ «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի նախաձեռնած ոսկու հանքանյութի վերամշակման գործարանի կառուցման ծրագրի վերաբերյալ հանրային լսմանը 2025թ. փետրվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի Արին բնակավայրում բնակիչները դեմ էին արտահայտվել։

facebook sharing button facebook