
Երեկ՝ հուլիսի 3-ին, կայացած արտահերթ նիստում Վայքի ավագանին դեմ է քվերակել «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վայք համայնքի Ազատեկ և Զառիթափ բնակավայրերի վարչական տարածքում գտնվող Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու որոշման նախագծին։
Նիստի ժամանակ Վայք համայնքի ղեկավարը նշեց, որ «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված հանրային քննարկումների վերաբերյալ իրազեկումը պատշաճ չի արվել, բացի այդ, այդ հանքավայրի նկատմամբ դեռ կա լիցենզիա, չնայած որ այդ ընկերությունը հիմա դատական գործընթացի մեջ է։
Համայնքապետը նշեց, որ այս ընկերությունն էլ վստահություն չի ներշնչում, որովհետև խոսակցություններ կան, որ փոխկապակցված է դատական գործընթացներում ներգրավված ընկերությունների հետ։
Հիշեցնենք՝ 2025թ․ հունիսի 6-ին Վայք համայնքի Զառիթափ և Ազատեկ բնակավայրերում «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ն հանրային քննարկումներ էր նախաձեռնել այդ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախնական հայտի վերաբերյալ։ Զառիթափում հանրային քննարկումները շատ թեժ էին, անգամ ոստիկանների միջամտության անհրաժեշտություն էր առաջացել։
Իսկ հունիսի 26-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց Վայքի համայնքապետարան ուղարկած իր նամակ դիմումը, որում ներկայացրել էր հիմքեր՝ 2025 թ-ի հունիսի 6-ին, ժ.13:00-ին Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, և ժ. 16:00-ին Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցած «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերագնահատողական երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկում/ լսումների անվավեր ճանաչման և նախաձեռնության բացասական եզրակացության տրամադրման համար։
Մանրամասները Վայքի համայնքապետարանի հրապարակած տեսանյութում։
