Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/6/2025
share

Ազատեկի ոսկու հանքավայրի վերաբերյալ հանրային լսումները պետք է անվավեր ճանաչվեն․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Հիմքեր՝ 2025 թ-ի հունիսի 6-ին, ժ.13:00-ին Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, և ժ. 16:00-ին Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցած «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերագնահատողական երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկում/ լսումների անվավեր ճանաչման և նախաձեռնության բացասական եզրակացության տրամադրման համար։

1. Համաձայն 06.05.2025թ․ Վայք համայնքի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության՝ 2025թ․ հունիսի 25-ին Զառիթափ և Ազատեկ բնակավայրերում պետք է տեղի ունենային «Վայք գոլդ ռիսորսիզ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վայք համայնքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերագնահատողական երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկում (1-ին)։ Այս հայտարարության տեքստում ներկայացված չէր նախատեսվող գործունեության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ բովանդակային տեղեկատվություն։ Մասնավորապես, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ ՇՄԱԳ օրենք) 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՇՄԱԳ հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է նախատեսվող գործունեության ամփոփ նկարագիրը և փաստաթղթերին ծանոթանալու հնարավորությունը։ Ավելին, հանրային լսումների իրականացման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023թ․ N 2343-Ն որոշման 14-րդ կետի համաձայն՝ հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը ներառում է նաև շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման բոլոր տարբերակների (ձևերի) վերաբերյալ տեղեկատվությունը։ Հանրային լսումների վերաբերյալ հայտարարության տեքստում օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ պահանջները չեն ապահովվել՝ խախտելով տեղեկատվության մատչելիության իրավունքը, որի պատճառով շահագրգիռ հանրությունը պատշաճ տեղեկացված չի եղել նախատեսվող գործունեության բովանդակության մասին և հնարավորություն չի ունեցել տեղեկացված մասնակցություն ունենալ նշված հանրային լսումներին, ինչպես նաև տեղեկացված լինել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնելու բոլոր տարբերակների մասին՝ այդ իրավունքից օգտվելու համար։

2. Համաձայն ՇՄԱԳ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումմենրի, ինչպես նաև N 2343-Ն որոշման 21-րդ կետի՝ նախնական գնահատման փուլում շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում են համայնքի կողմից իրականացված ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաշվի առնելով, որ հանրային լսումների ծանուցման մեջ ներկայացված չէ որևէ բովանդակային տեղեկատվություն նախատեսվող գործունեության մասին, ինչպես նաև նշված չէ, թե շահագրգիռ հանրությունը որտեղի՞ց կարող է ստանալ այդ տեղեկատվությունը՝ կարծիք ձևավորելու և նարկայացնելու համար, խախտվել է հանրության իրավունքը՝ արդյունավետ կերպով մասնակցելու շրջակա միջավայրի հարցերով որոշումների կայացմանը։

3. Համաձայն N 2343-Ն որոշման 14-րդ կետի, ազդակիր բնակավայրերի թիվը մեկից ավելի լինելու կամ նախատեսվող գործունեությունը մեկից ավելի բնակավայրերում իրականացվելու դեպքում, հանրային լսումը կազմակերպվում է այն բնակավայրում, որտեղ նախատեսվում է իրականացնել նախատեսվող գործունեությունը կամ կազմակերպվում է այդ բնակավայրերից յուրաքանչյուրում՝ ապահովելով բոլոր ազդակիր բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությունը: Հանրային լսումների ընթացքում ընկերության ներկայացիչը նշեց, որ հանքահետախուզական աշխատանքներն իրականացվելու են ՀՀ երկրաբանական ֆոնդում ներկայացված հանքային մարմնի շուրջ 90%-ն ընդգրկող տարածքում, որը փաստացի ներառում է Վայք համայնքի (գուցե նաև այլ համայնքների) բազմաթիվ բնակավայրերի վարչական տարածքներ։ Զառիթափ համայնքում իրականացված հանրային լսումների ընթացքում համայնքի և ընկերության կողմից չի ապահովվել օրենսդրությամբ պահանջվող՝ այլ համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը։ Այս խախտումը հանեցրել է նրան, որ միայն Զառիթափ բնակավայրը ներկայացնող մի խումբ անձինք ագրեսիվ կերպով լռեցրել են այլ գյուղերից ժամանած ներկայացուցիչներին՝ բազմիցս նշելով, որ իրենք են որոշելու, քանի որ ազդեցության կրողն իրենք են, ինչը այդպես չէ՝ համաձայն նախատեսվող գործունեության վերաբերյալ ընկերության կողմից ներկայացված տվյալների, ազդեցության գոտին շատ ավելի լայն է։ Ազդակիր համայնքների/բնակավայրերի ոչ պատշաճ ընտրության, այլ բնակավայրերից ժամանած բնակիչների նկատմամբ կոպիտ ճնշումներ գործադրելու հետևանքով խախտվել է մյուս ազդակիր համայնքների բնակիչների իրավունքը վաղ փուլում (նախնական համաձայնության տրամադրման փուլ) ներգրավվելու որոշումների ընդունման գործընթացին։

4.4. Բացի այդ, իրականացված հանրային լսումների ժամանակ չի ապահովվել մարդկանց ազատ կարծիք արտահայտելու հնարավորությունը։
Այն մարդիկ, ովքեր փորձում էին կարծիք ներկայացնել, որոնք չէին համընկնում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նախաձեռնության հետ, ենթարկվում էին բարոյահոգեբանական ճնշումի նախաձեռնությանը կողմ մի խումբ քաղաքացիների կողմից՝ այնքան, որ լսումների կարգը և մարդկանց անվտանգությունը ապահովելու համար ստիպված են եղել միջամտել ՀՀ ոստիկանության աշխատակիցները։
Բացի այդ, լիարժեք չի ապահովվել ազդակիր բնակավայրերի բնակիչների լիարժեք տեղեկացվածությունը հանրային լսումների վերաբերյալ և նրանց մասնակցությունը հանրային լսումներին։ Օրինակ՝ Ազատեկում հանրային քննարկումներին մասնակցել են շատ քիչ թվով բնակավայրի բնակիչներ, փոխարենը շատ էին նախաձեռնության կողմնակիցները՝ այն խումբը, որոնք մասնակցել էին Զառիթափի լսումներին և այնտեղից ժամանել էին նաև Ազատեկի լսումներին մասնակցելու համար։
Ազատեկում հանրային լսումների ավարտից հետո գյուղում իրականացված շրջայցը ցույց տվեց, որ բնակիչների ճնշող մեծամասնությունը տեղյակ չէր գյուղում հանրային լսումների իրականացման վերաբերյալ։ Ստորև ներկայացված են հանրային լսումների ուղիղ եթերների և իրավիճակի վերաբերյալ տեսանյութերի հղումները, որոնք ցույց են տալիս վերոնշյալ պնդումների ճշմարտացիությունը։

Հանրային լսում Վայքի Զառիթափ բնակավայրում։ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

https://youtube.com/live/4SfnBnyNKqQ

Հանրային լսում Ազատեկ բնակավայրում։ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

https://youtube.com/live/kh0vTsHAo08

Վայք համայնքի, գյուղի բնակիչների մեծ մասը տեղյակ չէր

https://www.facebook.com/page.cv.media.am/videos/1850515389127595

Ի՞նչ է կատարվել Զառիթափում. լարված իրավիճակ քաղաքացիների միջև

https://youtu.be/hmRHJ_AVGBU

«Սա մենք չենք կարող համարել հանրային լսումներ, որտեղ բոլորը կարողացան արտահայտվել»․ իրավապաշտպան

https://youtu.be/KV3Vo3AibqE

Սա մենք չենք կարող համարել հանրային լսում, քանի որ բոլորը չարտահայտվեցին․ իրավապաշտպան

https://youtube.com/shorts/BBag4rlz2xI

Խոսքի լռեցում, անիրազեկ բնակիչներ. հանքի լսումներ Զառիթափում և Ազատեկում /ռեպորտաժ/

https://youtu.be/bSqtBvAwhFY

Այսպիսով, վերև նշված խախտումների և խնդրահարույց դեպքերի պատճառով 2025թ․ հունիսի 25-ին Վայք համայնքի Զառիթափ և Ազատեկ բնակավայրերում իրականացված հանրային լսումը չի կարող համարվել օրինական և պետք է ճանաչվի չկայացած»։

facebook sharing button facebook