
Քարաբերդում, օգոստոսի 13-ի աղմկահարույց լսումներից 1 շաբաթ անց, Փամբակի համայնքային իշխանություններն օգոստոսի 19-ին հապշտապ ավագանու արտահերթ նիստ էր գումարել։ Օրակարգում էր նաև Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոների արդյունահանման «Զով-Գուժ» ՍՊԸ-ի՝ երկրաբանական ուսումնասիրության նախնական հայտը։ Ավագանու 17 անդամներից 12-ն էին ներկա, որոնք էլ որոշում ընդունեցին ձայների 6 կողմ( ՔՊ), 3 դեմ (ԲՀԿ), 3 ձեռնպահ՝ (2 ԲՀԿ, 1-ը`ՔՊ) հարաբերակցությամբ։
Քվեարկության ընթացքը հարթ չէր։ Ավագանու 17 անդամներից ներկա 12-ին համայնքապետ Սուրեն Կոստանդյանը կրկնակի քվեարկել առաջարկեց՝ հավանաբար ցանկալի ելքի ապահովման ակնկալիքով։ Մինչ այդ բոլոր հարցերին ավագանին միաձայն կողմ էր՝ առանց որևէ առաջարկի ու քննարկման: Հիշեցնենք՝ ավագանու սեղանին էր դրվել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոների արդյունահանման «Զով-Գուժ» ՍՊԸ-ի՝ երկրաբանական ուսումնասիրության նախնական հայտը: 2024-ին հիմնված այս ընկերությունը, ինչպես պարզվեց օգոստոսի 13-ին, հանքարդյունաբերության փորձ չունի, մասնագիտացած է կառուցապատման մեջ։ 6 կողմը՝ իշխող ՔՊ խմբակցությունից էին, 3 դեմ և 2 ձեռնպահ՝ ԲՀԿ-ից և 1-ը՝ ՔՊ-ից։ Ավագանու ԲՀԿ-ական անդամ Սևակ Խաչատրյանը դեմ էր քվեարկել, մեկնաբանությունից հրաժարվեց, կուսակից Սասուն Մարանդյանի արձագանքը հստակ էր՝ «Բնությունն եմ ափսոսում ու մարդկանց»։
Ավագանու անդամ ՔՊ-ական Արշակ Սրապյանը, որ 3-րդ ձեռնպահ քվեարկողն էր «Քաղաքացու Ձայն»-ին ասաց՝ տեղյակ է, որ բնակիչները նախորդ բոլոր լսումներին դեմ են եղել։ Տարակուսած էր, թե ինչո՞ւ են դիրքորոշումներ փոխվել։ «Պիտի զրուցեմ մարդկանց հետ, հասկանամ, ինչ ա փոխվել»:
Ավագանու որոշումից զատ, “Զով-Գուժ” ընկերությունը դեռ պետք է շրջակա միջավայրի փորձաքննության գնահատման ներկայացնի իր նախագիծն և ստանա դրական կամ բացասական եզրակացություն: Արդյո՞ք Փամբակի համայնքային իշխանությունները որևէ շահագրգռություն ունեն նման շտապողականությամբ հարցն ավագանու օրակարգ բերելու հարցում, ի վերջո 1 շաբաթ առաջ ոտնահարելով տեղական ժողովրդավարությունն ու բնապահպանական համայնքի կարծիքը, լսումներն ընդհատվել էին օրենքի կոպիտ խախտմամբ, ինչն առնվազն կասկածի տակ է առնում այդ լսումների կայացած լինելու փաստը, ինչո՞ւ տուրիզմ և կանաչ գյուղատնտեսություն ընտրած Փամբակ համայնքի տեղական իշխանությունները հանքարդյունաբերողներին ընդդիմանալու փոխարեն կանաչ լույս են վառում նրանց առջև։ Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը ինչպես միշտ հրաժարվեց հարցազրույցից։ Չժխտեց՝ համայնքը զարգացման տարբեր ուղղություններ ունի, որում նաև հանքերին տեղ կա։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը Քարաբերդի շուրջ տեղի ունեցածը պայմանավորում է ՏԻՄ-ի հովանավորչությամբ։ Արատավոր այս երևույթի բացասական հետևանքները ողջ բնակավայրն է կրում՝ հակաժողովրդավարական լսումների տեսքով։
Խնդրի մասին օրերս ահազանգել էր նաև շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը։ Հանքի ընդլայնումը, ըստ նրա սպառնում է ոչ միայն Քարաբերդին, այլև Վանաձորին։ Նախկին պաշտոնյան մասնագիտորեն խոսել էր բոլոր այն վտանգներից, որոնց բախվելու է Վանաձորը՝ հանքի ընդլայնման պարագայում։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի դիտարկմամբ՝ որքան էլ փորձեն ավագանու նիստեր գումարել ու հարցեր առաջ տալ, միևնույնն է, չեն հաջողելու։
Հիշեցնենք՝ հանուն ոսկու 3 տարբեր ընկերություններ, որոնց թվում և՝ «Զով-Գուժ» ՍՊԸ-ն, արդեն 10-ից ավելի լսումներ են արել Քարաբերդում։ Լսումները հիմնականում չեղարկվել կամ տապալվել են՝ բնակիչների դեմ լինելու պատճառով։ Մարդիկ արդեն գործող հանքի կողքին նորը տեսնել չեն ուզում։ Ակնհայտ է, որ տարբեր սոցիալական աջակցությունների խոստումներով նախկինում հանքին դեմ եղած քարաբերդցիներից շատերին, որ հատուկենտ տարեցներ են, հանքարդյունաբերողները փորձել են սիրաշահել ու տրամադրություններ փոխել: Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ առաջիկայում քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ պատրաստվում են դիմել դատարան ու դատական կարգով վիճարկել Քարաբերդում տեղի ունեցածը։
Մանրամասն՝ տեսանյութում։
