Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/11/2026
share

Դրական եզրակացություն՝ Զառիթափի ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման ՇՄԱԳ հայտին

2026 թվականի հոկտեմբերի 14-ի մեկ այլ որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»-ը  «Ջի Էմ Էն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ  կողմից ներկայացված Վայք համայնքի զառիթափ բնակավայրի տարածքում նախատեսվող հանքաքարի հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տվել է պետական փորձաքննական դրական եզրակացություն՝ հետևյալ պարտադիր կատարման ենթակա պահանջների ապահովման պայմանով՝

 

-Կառուցապատման եւ շահագործման աշխատանքների ընթացքում ապահովել մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքի 11-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված պահանջների կատարումը,

-շինարարական աշխատանքների ընթացքում ապահովել շրջակա միջավայրի բաղադրիչների վրա ազդեցությունների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

-ապահովել կենցաղային եւ շինարարական թափոնների առանձնացված հավաքումը, ժամանակավոր պահեստավորումը և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց փոխանցումը մասնագիտացված կազմակերպություններին,

-շինարարության ավարտից հետո իրականացնել տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ,

-Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N12-Ն հրամանով հաստատված ՀՀ ՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում շինարարական նորմերի պահանջներին համապատասխան»

- ջարդման և մանրացման հանգույցներում նախատեսված ֆիլտրացիոն թևքավոր զտիչները շահագործել նախագծային ռեժիմով ապահովելով դրանց տեխնիկական սպասարկումը, պարբերաբար մաքրումը և անհրաժեշտության դեպքում ֆիլտրող տարրերի փոխարինումը,

-ոսկու կորզման տեխնոլոգիական գործընթացում օգտագործվող քիմիական նյութերը պահեստավորել և կիրառել համապատասխան հերմետիկ սարքավորումներում բացառելով դրանց արտահոսքը և շրջակա միջավայրի բաղադրիչների աղտոտումը

-քիմիական նյութերի, տեխնոլոգիական ռեագենտների արտահոսքի կամ ֆիլտրացիոն համակարգերի խափանման եւ այլ վթարային իրավիճակների դեպքում ապահովել վթարային իրավիճակների կանխարգելման արագ արձագանքման արտահոսքի տեղայնացման եւ հետեւանքների վերացման միջոցառումների շտապ իրականացումը։

-Նախատեսվող գործունեության իրականացումից առաջ ապահովել հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության կատեգորիայի փոփոխությունը, ինչպես նաև սեփականության իրավունքի համապատասխան ձևակերպումն օրենսդրությամբ սահմանված կարգով

-արտադրական օբյեկտներում տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից առավելագույն պաշտպանվածության ապահովման նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերը ներկայացնել փորձաքննության «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն

-սահմանված կարգով դիմել լիազոր մարմին՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար

-նախատեսվող գործունեության լիարժեքությունն ապահովելու նպատակով, տեխնոլոգիական գործընթացի արդյունքում առաջացող ջրազրկված և չեզոքացված պոչերը որպես արտադրական թափոն տեղափոխել և տեղադրել թափոնների կուտակման համապատասխան օբյեկտում տվյալ գործունեության վերաբերյալ նախագիծը նախապես ներկայացնելով լիազոր մարմին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն համապատասխան փորձաքննության իրականացումից հետո

 

Հիշեցնենք՝ «Ջի Էմ Էն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ -ն նախատեսում է Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում կառուցել և շահագործել ոսկու կորզման ֆաբրիկա։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի Բ» ենթակետի՝ նախատեսվող գործունեությունը դասվում է Ա» կատեգորիայի գործունեության տեսակի։

Ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման նպատակով «Ջի Էմ Էն Գոլդ Մայնինգ» ընկերությունը հանրային լսումներ էր անցկացրել 2026 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Վայքի Զառիթափ բնակավայրում։

 

ՀՀ Վայոց ձորի Վայք համայնքի ավագանին 2025 թվականի հունիսի 4-ի հերթական նիստում 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել էր «Ջի Էմ Էն գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում ոսկու կորզման ֆաբիկա կառուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ N53-Ա որոշման նախագիծը։ Այս հարցը ընդգրկված էր նաև 2025թ․ մայիսի 16-ին կայացած ավագանու նիստի օրակարգում, բայց ավագանին որոշել էր որոշում կայացնել՝ Զառիթափի բնակիչների հետ մեկ անգամ ևս հանդիպելուց հետո։

 

2025 թվականի հունիսի 4-ի ավագանու նիստի հեռարձակումից որոշ ժամանակ անց Վայքի համայնքապետարանի յութուբյան ալիքում տեղադրվեց տեսանյութ՝ ըստ էության մինչ ավագանու նիստը Զառիթափում կայացած ՏԻՄ-բնակիչների հանդիպման վերաբերյալ։ Հանդիպման սկզբում համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը նշել էր, թե մայիսի 13-ին կայացած հանրային քննարկման ժամանակ այլ բնակավայրերից այնքան մարդ կար ու ելույթ ունեցան, որ հերթը Զառիթափի բնակիչներին չհասավ։ Եվ ինքն այս անգամ եկել է բնակիչների հետ հանդիպման ու նրանց կարծիքները լսելու։

 

Ի դեպ հունիսի 3-ին Զառիթափի բնակիչների հետ համայնքի ղեկավարի հանդիպման մասին որևէ ծանուցում համացանցային բաց աղբյուրներում հրապարակված չի եղել։ Մայիսի 4-ի Վայքի ավագանու նիստին ավագանու անդամ Անուշ Ավագյանն էր նշել, որ վարչական ղեկավարը զանգահարել և հրավիրել է նաև նախագծին դեմ մարդկանց, բայց վերջիններս չեն եկել։

 

Հիշեցնենք՝ Եղեգնաձորի բնակիչ Հայկ Իսախանյանը բնակիչների անունից նամակով դիմել էր Վայոց ձորի մարզետին ու Շրջակա միջավայրի նախարարին՝ այդ նախագծին բացաասական եզրակացության տալու պահանջով։

 

Ոսկու կորզման ֆաբրիկայի համար նախատեսվող հողատարածքը կազմում է 3․09 հա և հանդիսանում Զառիթափ բնակավայրի համայնքային սեփականություն։ Այն գտնվում է Արփա գետի ձախակողմյան վտակի գետավազանում՝ Վայք քաղաքից դեպի հարավ-արևելք։

 

Նախագծով ֆաբրիկայի հեռանկարային առավելագույն արտադրողականությունը կազմելու է տարեկան 300․000 տոննա, գործարանում նախատեսվում է վերամշակել Սոֆի-Բինա և այլ հանքավայրերից արդյունահանված նման տեխնոլոգիական լուծումներ պահանջող հանքաքար և վերջնարդյունքում ստանալ ոսկու դորե համաձուլվածք։ Գործարանը տարեկան աշխատելու է 340 օր, 24 ժամ ,աշխատողների թվաքանակը կազմելու է մինչև 300 հոգի։ Ֆաբրիկայի տարածքում նախատեսվում են օժանդակ շինություններ, պահեստներ, կանաչ տարածքներ։

facebook sharing button facebook