Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/10/2026
share

Վարդահովիտ․ ինչպես «ոչ»-ը դարձավ «այո» և ինչո՞ւ են մարդիկ դեմ հանքի բացմանը

Հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի, 2-րդ հանրային քննարկում էր հրավիրել «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ։

 

Ընկերությունը մտադիր է Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական հետախուզում իրականացնել և թույլտվություն է հայցում 2026-2028թթ.-ի աշխատանքների համար։ Այս նախագիծը նախկինում բնակիչների դիմադրությանն է8 արժանացել. Եղեգիսի ավագանին էլ դրա վերաբերյալ միմյանց հակասող երկու որոշում ունի։

 

Բնակիչները դեմ էին արտահայտվում հանքի բացմանը պնդելով, որ այն վնաս կհասցնի իրենց արոտավայրերին, ջրերին, հողերին, չեն կարողանա զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ Բնակիչների մի մասն էլ՝ պնդում էր, որ որ մարդիկ պետք է աշխատեն, որ ապրեն։

 

Ֆերմեր- էկոակտիվիստ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ Հայկ Իսախանյանը հարց ուղղեց ՏԻՄ-ին՝ խնդրելով պարզաբանել, եթե կան ավագանու միմյանց հակասող որոշումներ, ինչպե՞ս կարող է նման խնդրահարույց իրավիճակում 2-րդ քննարկումն անցկացվել․«Ավագանին որոշում կայացրել է բացասական։ Ավագանու որոշումը դատական կարգով  չի բողոքարկվել։ Ավագանին որոշում է կայացնում հանրային լսումներից 30 օրվա ընթացքում։ Բացասական որոշումը ձեզ մոտ կա։ Ե՞րբ է դրանից հետո տեղի ունեցել առաջին հանրային լսումը, որը վարել է համայնքի ղեկավարը, որ այսօր դուք 2-րդ լսում եք անցկացնում։ Դա ենք ուզում իմանալ»,- Եղեգիսի համայնքապետին հարցրեց Հայկ Իսախանյանը։

 

«Ես հանրային լսման ներկա չեմ եղել, ոչ էլ նիստը վարել եմ։ Իմ լիազորությունները սահմանափակված է եղել, ես չեմ մասնակցել այդ հանրային լսմանը։ Հանրային լսումը վերել է իմ առաջին տեղակալը»,-ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։

 

Հայկ Իսախանյանը  փորձել է հստակեցում մտցնել․ «Ցու՛յց տվեք առաջին արձանագրությունը և ավագանու որոշումը, որ այսօր այս ընկերները իրավունք ունեն անցկացնելու, այդքան բան եմ խնդրում  ձեզնից»։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը հետաքրքրվել է ավագանու առաջին որոշման բովանդակությամբ, ինչին ի պատասխան, Իսախանյանը նկատել է՝ «Մեքենայիս մեջ է որոշումը, կարող եմ բերել, անհամաձայնության որոշում է»։

 

Նախարարության աշխատակցուհին արձագանքեց՝ ասելով «Նախարարությունը ավագանու որոշման վերաբերյալ պարզաբանում է խնդրել ընկերությունից՝ հասկանալու ավագանու դիրքորոշումը, ինչին ի պատասխան ստացվել է պատասխան»։ Նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի աշխատակից Հովիկ Մեսրոպյանն էլ հստակեցրեց, որ իրենց տրամադրության տակ է Եղեգիսի ավագանու 2026-ի ապրիլի 17-ի որոշումը՝ համաձայնություն տալու մասին։

 

Հարցուպատասխանը գնալով ավելի լարվեց, երբ զրույցին միջամտեց Եղեգիսի  ավագանու անդամ Նարեկ Մարտիրոսյանը։ Նա ներկաներին ցույց է տվեց ավագանու դեմ որոշման ճեպապատկերը՝ պնդելով՝ «Ես չհասկացա այստեղ ինչ աճպարարություն էր։ Այդ օրը ներկա են եղել ավագանու  10 անդամ, թերևս խախտվել են բոլոր ընթացակարգերը։ 3 դեմ, 2 ձեռնպահ, 5 կողմ։ Մինչդեռ օրենքն ասում է պետք է լինի ավագանու կեսից ավելին։ Քանի դեռ կա ավագանու որոշման հետ կապված խնդրահարույց իրավիճակ, նախորդ որոշումը չի վիճարկվել դատական կարգով, չկա դատարանի որոշում, այս լսումները իրավաչափ չեն։ Սա ՏԻՄ օրենքի բռնաբարություն է»։

 

Բնապահպան, լուսանկարիչ Մարատ Զաքարյանը հարցրեց, այդ ե՞րբ է ավագանին նիստ գումարել, որ իրենք չեն իմացել․ «Բոլոր առումներով օրենքը խախտվում է»,- ասաց Զաքարյանը։ Ըստ նրա՝ հանքի շահագործման նպատակով ուսումնասիրության կատարելու հայցվող տարածքը պատմշակութային մեծ արժեք է ներկայացնում։ Այդ տարածքում հազարամյակների հնություն ունեցող ժայռապատկերներ կան․ «Մասնագետները եկել, են ֆիքսել ամեն ինչ, ուզում ենք տարածքին հուշարձանի կարգավիճակ տալ։ Բայց ուղիղ 11 ամիս այդ գործը գիտակցաբար ձգձգվում է։ Հազար անգամ զանգել եմ։ Գործ ունենք համակարգի հետ, որը կազմակերպված գործում է մեր ժողովրդի դեմ։ Մենք ասում ենք՝ ո՛չ հանքին։ Վարդահովիտում հանք չի լինելու։ Մեր ջրային աղբյուրների վրա հանք չի լինելու», -հավելեց նա։

 

Մարատ Զաքարյանը մինչ լսումները ԶԼՄ-ների հետ զրույցում մտահոգություններ էր հայտնել այս նախագծի շուրջ։ Ասաց՝ հայցվող տարածքում է գտնվում իրենց համայնքների ջրահավաք ավազանը, որտեղից սնվում է Արփա-Սևանը, այստեղից օգտվում է Արենի համայնքը։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչին հարցրեց՝ արվել է արդյո՞ք ուսումնասիրություն թե նախորդ հորատումներից հետո ինչ քանակական ու որակական փոփոխության են ենթարկվել ջրային ռեսուրսները։

 

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հաշվետվությունն ուղարկվել է համապատասխան ստորաբաժանումների՝ կարծիքներ ստանալու, այդ թվում՝ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովին և խնդրեց ընկերության ներկայացուցիչին պարզաբանել այս մաով, մինչդեռ վերջինս այդպես էլ ոչինչ չհստակեցրեց։ 

 

Հետո նախարարության ներկայացուցիչը պարզաբանեց, որ Սևանա լճի փորձագիտական խումբը նախագիծն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել, սակայն անհրաժեշտ է համարել շարունական աշխատանքների դեպքում նախկինում կատարված աշխատանքների վերաբերյալ ունենալ անկախ հանձնախմբի եզրակացություն, որը հնարավորություն կտա գնահատել հայտատուի աշխատանքների առաջին փուլի արդյունքները ՇՄԱԳ դրույթների կատարման տեսանկյունից։  

 «Դա ընդամենը խորհրդատվություն է,-ասաց Զաքարյանը,- ես ձեզ փաստեր եմ ներկայացնում, դուք ոչ մի փաստաթուղթ չեք ներկայացնում»,-հավելեց նա։ 

 

Եղեգնաձորի բնակիչ Կարեն Քարամյանը բարձաձայնեց Եղեգնաձորի խմելու ջրի հետ կապված խնդիրների մասին։ Ասաց՝ իրենց ջուրը հենց Վարդահովիտից է գալիս։ Շեշտեց՝ Արենիի խաղողի այգիների մի մասը ոռոգվում է Վարդահովիտի այդ հանքերևակման վայրում հավաքվող ջրերով․ «Մի կողմ թողնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հետո, հիմա մենք Արենիի բրենդը հանդիսացող «Արենի» գինին Եվրոպա արտահանելու ժամանակ պետք է վրան նշենք, որ այս խաղողի այգիները ջրվում են այնտեղի ջրերով, որտեղ կա մետաղական հանք և այնտեղ հանքերևակում են անելու կամ անում են։ Այդքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է մեր գինու անձնագիրը վերցնի ու գնա ասի հարգելի Եվրոպա և աշխարհ, մեր գինին տեսեք ինչ իդեալական գինի է»,- ասաց նա։

 

Քարամյանը Շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի աշխատակիցներին հարցրեց, որ եթե «Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2012-19 թթ․ այս հանքավայրի հեռանկարային տեղամասերում ուսումնասիրություններ է արել ու ներկայացրել տվյալներ ոսկու և արծաթի պաշարների մասին, ինչո՞ւ է այժմ կրկին հանքերևակում արվում։ «Բացատրեք ինձ, անգրագետիս, նույն աշխատաները անելու իմաստը, եթե երեք անգամ այդ տարածքներն արդեն ուսումնասիրվել են»,- հարցրեց Եղեգնաձորի բնակիչը։

 

Նա խնդրեց նաև ի գիտություն ընդունել, որ Արենիի ավագանին իր որոշմամբ դիմել է ՀՀ վարչապետին, որ ցանկացած նույնիսկ հանքերևակման աշխատանքները կարող են ազդել Արենիի վրա։ Հետաքրքրվեց՝ արդյո՞ք փորձագետները տեղյակ են այս ամենից, որ դարձյալ  հանրային քննարկման են եկել։ Շրջակա նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին, թե նորից հաշվարկներ անելու որոշումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է, իրենք պատասխանատու են միայն այդ տվյալ գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասով։

 

Նշենք, որ մինչ  հանրային լսումները իրավիճակը դրսում պարբերաբար լարվում էր։ Հանքի կողմնակիցները անգամ հարձակվել էին լսումները լուսաբանելու եկած լրատվամիջոցներից մեկի լրագրողի, ապա նաև իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանի վրա, երբ նա փորձել էր պաշտպանել ԶԼՄ ներկայացուցչին․ «Իրավունք չունեք ձեռք բարձրացնել ԶԼՄ-ի վրա, նրան ուղղորդել»,-ասաց իրավապաշտանը, որից հետո սկսվել էր քաշքշուկ, որին միջամտեցին ոստիկանները։

 

Հիշեցնենք,  այս ընկերությունը նույն նախագծի առաջին հանրային քննարկումը կազմակերպել էր 2025 թվականի սեպտեմբերի 18-ին, որն անցել էր լարված մթնոլորտում։ Վարդահովիտի և հարևան բնակավայրերի բնակիչները, ֆերմերներն ու ձեռնարկատերերը դեմ էին նախագծին՝ մտահոգություն հայտնելով, որ հնարավոր հանքարդյունաբերական գործունեությունը կարող է վտանգել իրենց տնտեսություններն ու ապրուստի միջոցները։

 

Հանրային քննարկումներից հետո հարցը պետք է քննարկվեր Եղեգիսի ավագանու՝ հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում։ Սակայն ավագանու անդամներից մեկի առաջարկով այն հանվել էր օրակարգից՝ հիմնավորմամբ, որ նախագիծը դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ և  լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի։ Հոկտեմբերի 27-ին Եղեգիսի ավագանին միաձայն որոշեց անհամաձայնություն հայտնել ընկերության նախագծին, ինչն առաջացրել էր ընկերության ներկայացուցչի դժգոհությունը։

 

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ Գեղամ Մարգարյանի դեմ, քանի որ նա սեպտեմբերի 18-ի հանրային քննարկման ժամանակ կասկածի տակ էր դրել ընկերության նախկին թույլտվության օրինականությունը։ Ավագանու միաձայն անհամաձայնությունը, սակայն, ամիսներ անց  փոխվեց համաձայնության։ 2026 թվականի ապրիլին համայնքի բնակիչներն ահազանգել էին «Քաղաքացու ձայն»-ին՝ տեղեկացնելով, որ Եղեգիսի ավագանին պատրաստվում է վերանայել իր դիրքորոշումը և համաձայնություն տալ ընկերության նախագծին։

 

«Քաղաքացու ձայնը» -ը պարզաբանումներ էր խնդրել Շրջակա միջավայրի նախարարությունից` պարզելու, թե որքանո՞վ է իրավազոր հանրային քննարկումներից 5 ամիս անց ավագանու կայացրած համաձայնության որոշումը, եթե այդ մասին կա նաև անհամաձայնության որոշում։ Նախարարությունից իրավազորության վերաբերյալ հստակ պատասխան այդպես էլ չտվեցին` հայտնելով միայն, որ ընկերությունից դեռևս հայտ չեն ստացել։

 

Հատկանշական է, որ հարցումն ուղարկվել է 2026թ․ ապրիլի 15-ին, մինչ ավագանու ապրիլի 17-ի արտահերթ նիստն ու որոշումը, ինչը ենթադրում էր, որ ընկերությունը չէր կարող հայտ ներկայացնել, քանի որ 2025թ․ սեպտեմբերի 18-ի հանրային քննարկումներից հետո Եղեգիսի ավագանին նախորդ տարի՝ 2025թ․ հոկտեմբերի 27-ին անհամաձայնության որոշում էր կայացրել։ 

 

Ստացվում է, որ առանց չեղարկելու նույն հայտի վերաբերյալ ավագանու անհամաձայնության մասին որոշումը, Եղեգիսի ավագանին 5 կողմ և 3 դեմ ձայնով համաձայնություն էր տվել «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028 թթ․-ին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական հետախուզմա թույլտվության հայտին։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ, փորձաքննական փուլ նշանակելով, ավագանու համաձայնության որոշումը իրավազոր համարեց։

 

Հանրային լսումներին այդպես էլ չհստակեցվեց, ինչու է ավագանին ընդունել համաձայնության որոշում՝ չչեղարկելով նախորդ՝անհամաձայնության մասին որոշումը։ Ի՞նչու տեղի բնակիչների բարձրացրած բնապահպանական խնդիրներին, նախկին հորատումների ու ջրերի հնարավոր աղտոտման վերաբերյալ ահազանգերին այդպես էլ չտրվեցի սպառիչ պատասխաններ ոչ ընկերության, ոչ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների կողմից։ Հաշվի առնելով իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի դիտարկումը՝ թե սոցիալական լարվածությունը գնալով հասունանում է, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները փակեցին լսումները։ Բնակիչները վանկարկելով «Լսումները չեն կայացել», «Հանրային լսումները կայացած չեն» լքեցին լսումների դահլիճը։ Դրսում դարձյալ իրավիճակը լարվեց՝ հանքի կողմնակիցների ու դեմ բնակիչների միջև։ Միջամտեցին ոստիկանները։

 

Որքանո՞վ է համատեղվում COP17-ը հյուրընկալած Հայաստանի հանրապետությունում պահպանվում հանրային մասնակցությունն ու կարևորվում տեղական ժողովրդավարությունը․  առողջ միջավայրում ապրելու իրենց իրավունքի համար խնդիրներ բարձրաձայնող մարդկանց կարծիքը, արդյո՞ք այն ազդեցություն ունի շրջակա միջավայրի վերաբերյալ  որոշումների վրա՝ տեղական մակարդակում:

facebook sharing button facebook