
SLAPP հայցերը ոչ միայն վերին օղակներում են, այլև շատ համայնքային մակարդակում,- Երևանում անցկացված «COP17-ի ստվերում» խորագրով մամլո ասուլիսին հայտարարել է իրավապաշտպան -բնապահպան Օլեգ Դուլգարյանը։ Հիշատակել 2025-ին Հայաստանի հարավային մարզերից մեկում հանրային լսումների ժամանակ արձանագրված միջադեպի մասին, երբ հանրային լսումների եկած քաղաքացին լսումները նախաձեռնողին, որը նախկինում ևս գործել էր տվյալ վայրում, ասել է, որ իրենք վնասներ են կրել, ի՞նչ երաշխիքներ, որ նույնը չի կրկնվի։ ՏԻՄ ներկայացուցիչը քաղաքացուն վախեցրել է դատարանով՝ ասելով, որ հանքարդյունաբերողը կարող է իրեն դատի տալ և փոխհատուցում պահանջել զրպարտության համար։
SLAPP հայցերը ոչ միայն դատարանում են գործում, այլև դատարանից դուրս։ Ինչ խոսք լրագրողների համար ևս ծանր է, երբ հայտնվում են SLAPP հայցերի թիրախում, բայց և այնպես նրանք որոշակի պատկերացու ունեն՝ ինչ է SLAPP հայցը, ինչ է տեղի ունենում, բայց «Վերցրեք սովորական գյուղացուն և պատկերացրեք, թե ինքը ինչ հոգեբանական ճնշումների է ենթարկվում, երբ իրենց սպառնում են SLAPP հայցով և յուրաքանչյուր այդպիսի հայցից հետո հանրային խոսակցությունները պակասել են, որովհետև ես ինքս եմ ականատես եղել, երբ համայնքի բնակիչն ասել է, ես կխոսեի, բայց մտածում եմ, որ կարող է ինձ դատի տան»,-նշել է Դուլգարյանը՝ ընդգծելով, որ SLAPP հայցերը նույնպես ժողովրդավարությունը թուլացնող գործիքներ են, որոնց առաջը պետք է առնել։
Դուլգարյանը ասուլիսի ու բաց քննարկման ներկաներին տեղեկացրել է, որ «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի համակարգմամբ ստորագրահավաք է սկսել՝ հակա-SLAPP օրենսդրության ընդունման պահանջով։ Այն բաց է միանալու համար։
Ստորագրահավաքից բացի, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամները հոկտեմբերի 22-ին իրականացրել են նաև «Հանրային ձայնի երաշխիք» արշավը, որի շրջանակներում պահանջագիր են հանձնել Արդարադատության նախարարությանը՝ Հայաստանում հանրային մասնակցության պաշտպանության հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման պահանջով։
Հիշեցնենք՝2026 թվականի փետրվարի 27-ին Հայաստանի Հանրային խորհրդի նիստում քննարկման էր դրվել խորհրդի շրջակա միջավայրի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի առաջարկը՝ մշակել և ընդունել հակա SLAPP՝ Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP) գործերի վերաբերյալ օրենսդրություն։
Նիստին ներկա է եղել նաև ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա վստահեցրել էր, որ շարունակելու են քննարկումները, որպեսզի արդարադատության ոլորտի ռազմավարության մեջ տեղ գտնի ոչ միայն կարևոր այս խնդիրը, այլև վերջինիս լուծման մեխանիզմները։
2026 թվականի հուլիսի 27-ին էլ «Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժումը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին մինչև COP17-ը նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման գործընթաց՝ բնապահպանական ակտիվիստների և հանրային մասնակցության պաշտպանության նպատակով։
2025-ի տվյալներով հայաստանյան լրագրողների, բնապահպանների ու իրավապաշտպանների դեմ հարուցված SLAPP հայցերը անցնում են 3 տասնյակը։
