
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստը՝ Արա Խզմալյանի նախագահությամբ։ Նիստին ներկա է եղել նաև ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարի հետ քննարկման է ներկայացվել Հանրային խորհրդի շրջակա միջավայրի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի առաջարկը՝ Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP) գործերի վերաբերյալ։
Սրբուհի Գալյանը չափազանց կարևորել է հանդիպումն ու քննարկման առարկան․ «Հանդիպումը շատ կարևոր էր այն տեսանկյունից, որ բոլորս համաձայնեցինք, որ քաղաքացիների կամ հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման մեջ ներգրավվածություն ունեցող ակտիվիստների խոսքը լռեցնելը, իրապես, այսօր խնդիր է։ Քննարկեցինք նաև այն հայցադիմումները, որոնք այդ նպատակով ներկայացվում են դատարաններ»։
Հանրային խորհրդի 11 անդամներ, որոնց թվում՝ հայաստանյան ակտիվ քաղհասարակության դերակատարներ ու փորձագետներ էին, հանդիպումը նախաձեռնել էին՝ ելնելով ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP) Ռազմավարական հայցերի օրեցօր ավելացող թվերից, որը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ուղիղ հարվածում է քաղաքացիական իրավունքների իրացմանն ու ազատ խոսքին։
Հանրային խորհրդի շրջակա միջավայրի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը «Քաղաքացու Ձայն»-ին ասել է, որ քննարկվել են առկա խնդիրները և համագործակցության հնարավորությունները, ակնկալելով, որ բարձրացված խնդիրը կստանա հավասարակշռված լուծում։
Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում։
Քննարկման ավարտին Սրբուհի Գալյանն ասել է, որ շարունակելու են քննարկումները, որպեսզի արդարադատության ոլորտի ռազմավարության մեջ տեղ գտնի ոչ միայն կարևոր այս խնդիրը, այլև վերջինիս լուծման մեխանիզմները։
Տեսանյութը՝ Հանրային Խորհրդի
