Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/2/2023
share

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի դիտարկումներն ու առաջարկությունները ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ

 «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ՀՀ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին է ներկայացրել ՀՀ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն ու առաջարկությունները։ Ստորև շարադրված դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ուղարկվել են նախարարին։

«1. «Գլուխ 2 - ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»
Հոդված 11-ի «ՇՄԱԳ և փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները» 1-ին կետի 3-րդ մասում ասվում է․
- «համայնքի ղեկավարի կամ ավագանու կամ ավագանու անդամների կողմից հանրային լսումների ժամանակ կարծիքի տրամադրումը»։
Սույն ձևակերպումը հստակ չէ, այն տարբեր ընկալումներ է առաջացնում։ Ճիշտ է, խոսքը վերաբերում է կարծիքի տրամադրման իրավասությանը, սակայն ինքնին ձևակերպումը առաջացնում է տպավորություն, որ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամը պարտավոր է կարծիք տրամադրել լսման առարկա հանդիսացող նախաձեռնության վերաբերյալ, և սույն կետը տարբեր մեկնաբանումների առիթ կարող է հանդիսանալ։
Առաջարկում ենք սույն պարբերությունը վերաշարադրել հետևյալ կերպ․
- «համայնքի ղեկավարի կամ ավագանու կամ ավագանու անդամների կողմից հանրայինլսումների ժամանակ կարծիքի տրամադրման հնարավորությունը»։
2. 1. «Գլուխ 2 - ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»

Հոդված 11-ի «ՇՄԱԳ և փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները» 1-ին կետի 5-րդ մասում ասվում է․
-«շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներում նախաձեռնողին համապատասխան խորհրդատվության, ինչպես նաև ազդեցության գնահատումն իրականացնելու համար իր տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրումը:»
Սույն պարբերության մեջ անորոշություն և տարբեր ընկալումների առիթ է ստեղծում «համապատասխան խորհրդատվություն» ձևակերպումը։ Նախ պարզ չէ, թե ինչ շրջանակ է մտնում «Համապատասխան» ձևակերպման մեջ, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների մեջ է մտնում աջակցել նախաձեռնողին նաև խորհրդատվությամբ, ինչը կարող է ընկալվել, որ տեղական ինքնակառավարման մարմինները և նրանց ներկայացուցիչները ի պաշտոնե հանդիսանում են նախաձեռնության աջակցող կողմ կամ թիմի անդամ։
Նման տարընկալումներից զերծ մնալու համար առաջարկում ենք սույն պարբերությունը վերաշարադրել հետևյալ կերպ․ -«շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներում նախաձեռնողին ազդեցության գնահատումն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակներում, իր տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը բանավոր և գրավոր ընթացակարգերով»։
3. «Գլուխ 4 - ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

Հոդված 14-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացները» 1-ին կետը սահմանում է ազդեցության գնահատման շրջանակը։ Հոդված 14-ի 1-ին կետի 1-ին մասում նշվում է «գնահատվում է նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»։ Թեև «Շրջակա միջավայր» հասկացության մեջ ներառված է նաև առողջապահական բաղադրիչ, այնուամենայնիվ գտնում ենք, որ ազդեցության գնահատման կարևորագույն բաղադրիչն է գործունեության հնարավոր ազդեցությունը մարդու առողջության վրա։

Փորձը ցույց է տալիս, որ գնահատումների իրականացման ժամանակ մարդու առողջության վրա հնարավոր ազդեցության խորքային ուսումնասիրություններ չեն իրականացվում։ Շեշտադրելու համար մարդու առողջության վրա հնարավոր ազդեցության գնահատման կարևորությունը, այդ թվում նախաձեռնողի և ազդակիր համայնքների և բնակավայրերի բնակիչների լայն իրազեկումը սույն գործընթացի վերաբերյալ՝ առաջարկում ենք Հոդված 14-ի 1-ին կետի 1-ին մասը ձևակերպել հետևյալ կերպ, - «գնահատվում է նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա»։
4. «Գլուխ 4 - ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

Հոդված 15 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների բովանդակությունները» 1-ին կետի 7-րդ մասում ասվում է «նախագծային փաստաթղթով նախատեսված շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական, բնապահպանական վնասների գնահատումները, հատուցման ձևը և ժամկետը»։
Սույն մասի մեջ առաջարկում ենք ներառել նաև առողջապահական բաղադրիչը։ Թեև նույն հոդվածի 1-ին կետի 10-րդ մասով նախատեսված է մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը գնահատելու պահանջը, սակայն դուրս են մնացած հնարավոր առողջապահական վնասների հատուցման ձևերը և ժամկետները։ Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք՝ 4-րդ գլխի 15-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ մասը վերաշարադրել հետևյալ ձևով․ - «նախագծային փաստաթղթով նախատեսված շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական, բնապահպանական, առողջապահական վնասների գնահատումները, հատուցման ձևը և ժամկետը»։
5. « Գլուխ 4- ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»,
Հոդված 16․ «Տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության տրամադրումը»։ Սույն հոդվածի անվանումը միակողմանի է, այն տպավորություն է ստեղծում, որ տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունը կայանում է համաձայնություն տրամադրելու մեջ, այնինչ տվյալ հոդվածը կարգավորում է նաև անհամաձայնություն տալու գործառույթը։ Սույն Հոդվածի նման ձևակերպումը ենթադրել է տալիս, որ այն միտում ունի նախատրամադրելու ՏԻՄ-ին համաձայնություն տալուն։ Առաջարկում ենք՝ 4-րդ գլխի 16-րդ հոդվածի անվանումը վերաձևակերպել հետևյալ կերպ․ -«Տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրումը»։
6. Համաձայն ՀՀ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» նախագծով նախատեսված կարգավորումների՝ նախաձեռնողը համայնքի նախնական համաձայնությունը ստանալու համար նախնական հանրային լսումը իրականացնում է նախատեսվող գործունեության վարչական տարածքում/բնակավայրում, որը տվյալ դեպքում դիտարկվում է որպես ազդակիր։ Երբեմն, նախատեսվող գործունեության տարածքը վարչական առումով գտնվելով կոնկրետ համայնքի տարածքում, ֆիզիկապես հեռու է տվյալ համայնքի բնակելի տարածքից և փոխարենը ավելի մոտ է գտնվում մեկ այլ համայնքի բնակելի տարածքին, որը փաստացի հանդիսանում է նախատեսվող գործունեության ազդակիր (օրինակ՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի տարածքը գտնվում է Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական սահմաններում, սակայն ավելի հեռու է տվյալ համայնքի բնակելի տարածքներից, փոխարենը փաստացի ավելի մոտ է Վանաձոր համայնքի Վանաձոր և Մեղրուտ բնակավայրերին)։ Թեև փորձաքննության փուլում իրականացված փորձաքննությունների արդյունքում սահմանվում է տվյալ գործունեության ազդակիր բնակավայրերի շրջանակը, սակայն նախնական համաձայնություն ստանալու փուլում այն պոտենցիալ ազդակիր համայնք/բնակավայրերը, որոնք գտնվում են նախատեսվող գործունեության վարչական սահմաններից դուրս, չեն մասնակցում համաձայնություն տրամադրելու կամ չտրամադրելու որոշման կայացման գործընթացին։ Նման իրավիճակում տեղի է ունենում հավանական ազդակիր համայնքի/բնակավայրի իրավունքների խախտում հենց նախնական փուլում։ Առաջարկում ենք սահմանել այնպիսի չափորոշիչներ և կարգավորումներ, որոնք կպարտավորեցնեն նախաձեռնողին նախնական հանրային քննարկումներ իրականացնել նաև այն համայնքներում և բնակավայրերում, որոնք հանդիսանում են նախատեսվող գործունեության պոտենցիալ ազդակիր, սակայն գտնվում են նախատեսվող գործունեության վարչական տարածքից դուրս»։

Վերն նշված դիտարկումները և առաջարկությունները «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին էր ներկայացրել նաև 2023թ․ փետրվարի 6-ին ՀՀ ՇՄ նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ։

 

facebook sharing button facebook