
Փետրվարի 6-ին Շրջակա միջավայրի նախարարությունում քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է ՇՄԱԳ փորձաքնության օրենքի նախագիծը։ Քննարմանը մասնակցել են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը։ Քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչները ՇՄ նախարարին ներկայացրել են օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու մտահոգությունները։
Նախարարը տեղեկացրել է, որ այս ամենը ի սկզբանե միտված է բացառապես իրավական և իրավական պետության գործիքակազմով օրենքով սահմանված թույլտվությունների և ՇՄԱԳ փորձաքննության ոլորտի կարգավորմանը։
Քննարկման արդյունքում ներկայացված որոշ առաջարկություններ ընդունվել են, մի քանի առաջարկությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն առաջիկայում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նամակով դիմել էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու առաջարկով:
Շահագրգիռ կողմերի հետ առաջիկայում ևս քննարկումներ կլինեն։

