Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/12/2022
share

Ովքե՞ր են ցանկանում ոսկի որոնել Լոռիում

Վերջին տարիներին Լոռու մարզում մեծացել է ոսկի որոնելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը։ Նրանք ցանկանում են ոսկի որոնել Լոռու տարբեր բնակավայրերում՝ Մարցում, Քարաբերդում, Գոգարանում, Ուրասարում, Պուշկինոյում, Արմանիսում։

Լոռիում մետաղական հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ընկերությունների մի մասն արդեն իսկ ունեցած երկրաբանահետախուզական թույլտվության շրջանակներում համապատասխան տարածքներն ընդլայնելու հայտ է ներկայացրել, մյուսներն առաջին անգամ են փորձում ստանալ երկրաբանահետախուզական թույլտվություն։ 

Մետաղը, որ հետաքրքրում է այս ընկերություններին հիմնականում ոսկին է։ Այս տարվա սկզբներին Սպիտակ, Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված բնակավայրերում երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսելու հայտ էր ներկայացրել «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ն, որի 100 % բաժնետեր է հանդիսանում երկրաբան Դեննիս Մուրը։ Նա «Ֆրեմոնտ Գոլդ Էլթիդի» ընկերության համահիմնադիրներից է և  այդ ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ «Ֆրեմոնտ Գոլդ Էլթիդի» ընկերությունը  ունի 4 ռազմավարական ակտիվներ ԱՄՆ-ի Նևադա նահանգում՝ «Քոբ Քրիկ», «Նորթ Քարլին» «Գրիֆոն» և «Հարիքեյն»։

 

 

Լոռիում` այս անգամ Մարցում,  հանքարդյունաբերության նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսելու հայտ էր ներկայացրել նաև «Էմ Ջի Փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերն ու հիմնադիրը Արկադի Մուխսի-Հովեյանն է՝ երկրաբանական գիտությունների թեկնածու։ Նրա հայրը՝ Գրիգոր Մուխսի-Հովեյանը, նույնպես երկրաբան է, աշխատել է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ում որպես գլխավոր երկրաբան, իսկ այժմ, ըստ «Հետք»-ի,  ընդգրկված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությանը կից պետական ընդերքաբանական հանձնաժողովի կազմում։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արկադի Մուխսի-Հովեյանը միաժամանակ հանդիսանում է «Գեոիդ» ՍՊԸ-ի տնօրենը։ «Գեոիդ» ՍՊ ընկերության հիմնադիրն ու 100% բաժնետերը Հայկ Ալոյանն է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։ «Գեոիդ»-ը մատուցում է երկրաբանական խորհրդատվություն և պատահական չէ, որ ընկերության  հաճախորդներից է եղել «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որի իրավահաջորդն էլ հանդիսանում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն։

 

 

Արկադի Մուխսի-Հովեյանն ու նրա հայրը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ջատագովներից են։

Մարցի հանքակուտակի տարածքում երկրաբանական հետախուզական աշխատանքներ սկսելու փորձեր կատարել են ևս երկու ընկերություններ՝ «Հարմար» ՍՊԸ-ն և «Վիկտորիա Սիլվեր»-ը։ «Հարմար» ՍՊԸ-ի միակ բաժնետերն ու տնօրենը Կարեն Խաչատրյանն է, ով աշխատել է «Վիվա մայնինգ» և «Նիգ» ընկերություններում՝ որպես տնօրեն։

 «Վիվա մայնինգ» ընկերության 100% բաժնետերը Աբրահամ Աբրահամյանն է, ով միաժամանակ «Վենտմայն» ՍՊԸ տնօրենն է։ «Վենտմայն»-ի բաժնետերերից է ՀՀ վարչապետներ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի խորհրդական Համլետ Հովսեփյանը։ Վերջինս նաև «ԱՏ-մետալս» ընկերության  համասեփականատերերից է։ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն շահագործում է Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրը։ Ըստ իրական սեփականատերերի հայտարարագրի՝ «ԱՏ-մետալս»-ի բաժնեմասերի 49.8 տոկոսը Համլետ Հովսեփյանինն ու իր ընտանիքինն է, 25.6  տոկոսը՝ ՌԴ քաղաքացի, գործարար Սերգեյ Մուլինինը։ 

«Հարմար» ՍՊԸ-ն  2021թ․ ապրիլի 8-ին հանրային լսումներ է իրականացրել Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում։ Մի շարք բնապահպաններ իրենց տարակուսանքն էին հայտնել, որ լսումների մասին համայնքի բնակիչները տեղյակ չեն եղել։ Հանրային լսումների 24 մասնակիցներից ընդամենը 17-ն էին ստորագրել լսումների արձանագրության տակ, բացի այդ լսման տեսագրություն չէր եղել, ինչը հակասում է հանրային լսումների իրականացման կարգին։ Նախկին համայնքապետ Տիգրան Մխիթարյանն ասում է՝ 2021թ․ հունիսին էլ են եկել ընկերության ներկայացուցիչները ոչ պաշտոնական ընթացակարգերով քննարկում փորձել անցկացնել, բայց բնակիչները նորից դեմ են հանդես եկել։ «Հարմար»-ը դրանից հետո այլ նախաձեռնություններով հանդես չի եկել։

 

 

«Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ն 2014 թվականին Մարցիգետի հանքային դաշտի սահմաններում երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսելու հայտ է ներկայացրել և ստացել փորձաքննական մարմնի դրական եզրակացությունը (ծառահատումներ չիրականացնելու պայմանով), բայց աշխատանքներ այդպես էլ չեն իրականացվել։ 2017թ․ ընկերությունը նորից է հանրային լսում նախաձեռնել, բայց հանրային լսումները տապալվել են, բնակիչները դեմ են արտահայտվել նոր հանքի շահագործմանը։

«Վիկտորիա սիլվեր»-ի բաժնետերերի թվում են եղել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, ինչպես նաև Երվանդ Հովհաննիսյանը, ով ըստ «Հետք»-ի տվյալների, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի մտերիմներից է, ժամանակին նաև պաշտոն է զբաղեցրել նախարարությունում։

2017-ի տապալված հանրային լսումից հետո ընկերությունը այլևս նոր գործընթաց չի սկսել։

2022-ին «Ասսաթ» և «Սագամար» ընկերությունները, որոնք արդեն գործունեություն են ծավալում Լոռու մարզում, հայտ ներկայացրին շահագործման տարածքների ընդլայնման վերաբերյալ։

Ամռանը Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ խոշորացված համայնքների վեց բնակավայրերում նշանակված հանրային լսումներից կայացան միայն երեքը, մյուս երեքում դրանք չեղարկվեցին՝ բնակիչների մասնակցության բացակայության ու նոր տարածքների տրամադրմանը դեմ լինելու պատճառով։ Վերջերս հայտնի դարձավ, որ ընկերությունը նորից է սկսել հանրային լսումներ իրականացնել, բայց այս անգամ հանրային լսում նախաձեռնել էր միայն Արմանիսում։

 

 

2022-ի մարտին «Սագամար»-ը ներկայացրել է իրական սեփականատերերի հայտարարագիր։ 2021-ի փետրվարից ընկերության բաժնետերերից մեկն է դարձել ՌԴ քաղաքացի Ստանիսլավ Մորոզովը, իրական սեփականատերերի ցանկում են նաև Դմիտրի Տրոիցկին ու Դմիտրի Կորժևը։ Հայտարարագրում սակայն արտացոլված չեն, թե նրանցից յուրաքանչյուրի բաժնեմասը «Սագամար»-ում որքան է կազմում։ Կորժևն ու Տրոիցկին ռուսական O’kay հիպերմարկետների ցանցի հիմնադիր-սեփականատերերն են։ 

 

 

Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գործող ոսկու հանքը, որը շահագործում է «Ասսաթ» ՍՊԸ-ն, հայտ էր ներկայացրել հանքավայրի շահագործվող տարածքի ընդլայնման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներով հանքաքարի մշական գործարանի կառուցման համար։  Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերության իրական շահառուները չեխեր են։ Ընկերության բաժնետերեր են Ռադկա Կրչմալովան (24%), Դանիել Տռնովեցը (24%), Պյոտր Վաստիկը (24%), իսկ մյուս 20 տոկոսի բաժնետերը Մհեր Պողոսյանն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պողոսյանի որդին։ Քարաբերդի ոսկու հանքավայրը շահագործող «Ասսաթ»-ի բաժնետեր չեխերն ունեն նաև մի քանի այլ միջանկյալ ընկերություններ, դրանցից են Zlato-ն և Gabison invest-ը։ Այս չեխերի հետ է փոխկապակցված Mineral ventures limited ընկերությունը, որը «Լուսաջուր վենչրս ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետերն է։ «Լուսաջուր վենչրս ինվեստ»-ն իր հերթին ցանկանում է Հանքաձորի պղնձի ու ոսկու հանքավայրի տարածքում ուսումնասիրություններ իրականացնել։

«Ասսաթ»-ի՝ նոյեմբերի 4-ին նշանակված հանրային լսումները չկայացան, քանի որ ազդակիր համայնքի բնակիչները թույլ չտվեցին ընկերության ներկայացուցիչներին մտնել նիստերի դահլիճ։ Քաղաքացիները մտահոգված էին այն հանգամանքով,որ հանրային լսումների նշանակելու համար հաշվի չի առնվել Վանաձոր քաղաքը, այնինչ Վանաձորի բնակիչները իրենց վրա ամեն օր կրում են Քարաբերդի ոսկու հանքավայրի վնասները, որովհետև նշված տարածքից Վանաձորը ուղիղ գծով գտնվում է ընդամենը 1-2 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակիչները նշում են, որ փոշին անպակաս է Վանաձորի օդից, և դրա պատճառը Քարաբերդի հանքավայրերն են։ Երկրորդ հանգամանքը, որ նշեցին ակտիվիստները, հանրային լսման վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումն էր։ Հանրային լսման եկած Փամբակի բնակիչները, որոնց թիվն այնքան էլ մեծ չէր, չգիտեին ինչի վերաբերյալ են հանրային լսումները։ Գիտեին միայն, որ «ժողով է լինելու», բայց երբ իմացան, որ քննարկվելու է ոսկու հանքավայրի ընդլայնման հարցը, ևս միացան ակտիվիստներին և չթողեցին ընկերության ներկայացուցիչներին մուտք գործել Փամբակի համայնքապետարան։

 

 

«Ասսաթ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումներին ոչ միայն Հայաստանում դեմ արտահայտվեցին, այլև Չեխիայում։ Մինչ հանրային լսման ժամը կգար, երկու չեխական հասարակական կազմակերպություններ՝«Առնիկա»-ն և «Նեսեհնութի»-ն համատեղ հայտարարություն տարածեցին, որում իրենց անհամաձայնությունը հայտնեցին Քարաբերդում ոսկու հանքի ընդլայնման ծրագրին։

Չնայած մետաղների որոնման այս ակտիվությանը՝ Լոռիում մետաղական ընդերքօգտագործման բոլոր փուլերն անցած ու շահագործում իրականացնող նոր ընկերություններ չավելացան, իսկ գործունեության տարածքը ընդլայնելու համար հայտ ներկայացրած ընկերություններն էլ  չեն կարողացել ավարտել իրենց նախաձեռնությունները։

 

cvmedia.am Նինա Մամաջանյան

6

facebook sharing button facebook