
Նոյեմբերի 19-ին Եղեգնաձորի ավագանին 26 կողմ և 1 ձեռնպահ ձայներով կասեցրեց Եղեգիսի ավագանու նախկին որոշումը, որով հավանություն էր տրվել Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը երկարաձգելուն։ Այդ որոշումն արդեն իսկ վիճարկվում է վարչական դատարանում։
Նիստի ընթացքում ավագանու անդամները նշեցին, որ դատական գործընթացի պայմաններում որոշումը կասեցնելն անհրաժեշտ քայլ է՝ մինչև դատարանը կտա վերջնական գնահատականը։ Եղեգիսի նախկին, իսկ այժմ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամ Նարեկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ կասեցումը կարևոր է՝ հետագայում որոշումն ամբողջությամբ չեղարկելու ակնկալիքով։
Նիստում Մարտիրոսյանը հիշեցրեց, թե ինչպես է ընթացել այս գործընթացը սկզբից։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի հանրային լսումներից հետո Եղեգիսի ավագանին միաձայն՝ 8 կողմ ձայնով, դեմ էր քվեարկել ընկերության հայտին։ Դրանից հետո «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն դիմել էր դատարան՝ պահանջելով չեղարկել ավագանու անհամաձայնությունը։ Հունվարի 9-ին ընկերությունը փորձել էր նաև հայցի ապահովման միջոց կիրառել, որպեսզի միջանկյալ որոշմամբ կարողանա շարունակել աշխատանքները, սակայն դատարանը մերժել էր՝ պատճառաբանելով, որ դրանք ընկերության բիզնես ռիսկերն են։
«Դրանից հետո մեզ համար անակնկալ ձևով՝ ապրիլի 17-ին, Եղեգիս համայնքը մի շարք ընթացակարգեր խախտելով արտահերթ ավագանու նիստ արեց և փորձեց համաձայնություն տալ լիցենզիայի երկարաձգմանը։ Առաջինը՝ ավագանին իրավունք չուներ նոր որոշում կայացնել, քանի դեռ նախորդ որոշումը չէր կասեցվել կամ առ ոչինչ չէր համարվել․ այն ուժի մեջ էր։ Երկրորդը՝ 6 ամսվա ընթացքում ավագանին սկզբունքայնորեն փոխել էր իր դիրքորոշումը, մինչդեռ ՇՄԱԳ օրենքով պարտավոր էր հիմնավոր պատճառներ ներկայացնել։ Երրորդ՝ դատարանը մերժել էր հայցի ապահովման միջոցը, բայց չգիտես ինչ հիմքերով ազդեցություն էին գործել ավագանու վրա։ Եվ չորրորդ՝ նոր հանրային լսում չէին արել»,- նիստում հայտարարեց Նարեկ Մարտիրոսյանը։
Իրականում Վարդենիսի հանքերևակման շուրջ լարվածությունը ձգվում է դեռ 2021-2022 թվականներից։ 2021-ին գրանցված «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն (որի բաժնեմասերի 99 տոկոսը 2025-ի տվյալներով պատկանում է Լիլիթ Արամյանին, իսկ 2022-ին 85 տոկոսը պատկանում էր Դեննիս Ջեյ Մուրին) 2022-ի դեկտեմբերին ՇՄ նախարարությունից դրական եզրակացություն էր ստացել 2022-2025 թթ․ երկրաբանական ուսումնասիրությունների համար։ Սակայն բնակիչներն ու համայնքային իշխանությունները դեռ այն ժամանակ էին ահազանգում, որ մարզպետարանը բացասական դիրքորոշում է հայտնել, իսկ Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը 2022-ի հոկտեմբերի 14-ի լսումը համարել է չկայացած և լքել դահլիճը՝ առանց արձանագրություն կազմելու։ Չնայած դրան՝ նախարարություն էր ներկայացվել ստորագրված և կնքված արձանագրություն, որի հիման վրա էլ ընկերությունը ստացել էր թույլտվությունը։ Ավելի ուշ՝ 2023-ի սեպտեմբերին, Եղեգիսի ավագանին նույնիսկ որոշում էր կայացրել ընկերության աշխատանքներն ապօրինի համարելու և դադարեցնելու մասին, բայց որոշումն այդպես էլ կյանքի չէր կոչվել։
Ժամկետների երկարաձգման նոր փորձը հանգեցրեց ապրիլի 17-ի աղմկահարույց արտահերթ նիստին։ Այդ օրը նիստը որոշ բնակիչների համար դռնփակ անցկացվեց։ Ինչի դեմ Շատինի բնակիչ Նորայր Բաբայանը դժգոհեց։ Այդյունքում քաշքշուկ տեղի ունեցավ, վերջինս վնասվածք ստացավ և տեղափոխվեց ոստիկանություն։
Որոշումը վիճահարույց է նաև այն տեսանկյունից, որ ընկերության նախորդ թույլտվության ժամկետն ավարտվել էր ապրիլի 14-ին՝ նիստից երեք օր առաջ, ինչը նշանակում էր, որ պետք է նոր գործընթաց սկսվեր, ոչ թե երկարաձգվեր արդեն իսկ գոյություն չունեցող ժամկետը։ Այդ նիստին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանը ավագանունասել էր, որ իր կարծիքով՝ պետք է կողմ քվեարկել, հակառակ դեպքում համայնքը ստիպված կլինի դատական ծախսեր վճարել։
Այս որոշման հիման վրա 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Վարդահովիտում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպեց երկրորդ հանրային լսումը։ Տեղի բնակիչները, ֆերմերներն ու բնապահպանները պահանջեցին դադարեցնել լսումը՝ մատնանշելով, որ հիմքում ընկած ավագանու որոշումն անօրինական է, իսկ սեպտեմբերի 18-ի առաջին քննարկումն էլ համայնքապետարանը ժամանակին չկայացած էր համարել՝ ընկերության մասնագետների բացակայության պատճառով։ Սակայն նախարարության ներկայացուցիչ Հովիկ Մեսրոպյանը և փորձագետ Մինասյանը մերժեցին դադարեցման պահանջը, այն հիմնավորմամբ, որ դա դուրս է իրենց որոշման տիրույթից, որովհետև իրենք գործընթացը սկսել են առկա որոշմամբ, իսկ թե ի՞նչ է տեղի ունեցել դրանից առաջ, դա ՏԻՄ-ի խնդիրն է։
Հոկտեմբերի 29-ի լսումներից հետո Վարդահովիտի մի խումբ բնակիչներ դիմում ներկայացրին շրջակա միջավայրի նախարարին, Վայոց ձորի մարզպետին և համայնքի ղեկավարին՝ պահանջելով անվավեր ճանաչել գործընթացը։ Նրանք ահազանգում են, որ ծովի մակերևույթից 2000-2500 մետր բարձրության վրա գտնվող Վարդահովիտը Եղեգնաձոր, Եղեգիս և Արենի համայնքների խմելու և ոռոգման ջրի միակ աղբյուրն է, որտեղից սկիզբ է առնում նաև Գետիկվանք-Եղեգնաձոր ջրագիծը, իսկ ընդերքով անցնում է Արփա-Սևան ջրատարը։ Բնակիչների խոսքով՝ հանքարդյունաբերությունը կթունավորի ջրերն ու հողը, կվնասի հարևանությամբ գտնվող Եղեգնաձորի արգելավայրին ու կենդանական աշխարհին, ինչպես նաև կոչնչացնի մարզում զարգացող խաղողագործությունը («Արենի» գինու բրենդը), անասնապահությունն ու զբոսաշրջությունը՝ հատկապես հաշվի առնելով երկրաբանական գրականության մեջ նշվող տվյալներն այն մասին, որ տարածաշրջանը գտնվում է ուրան պարունակող հանքաշերտի վրա։
Համայնքների խոշորացումից հետո ձևավորված Եղեգնաձորի ավագանու նոյեմբերի 19-ի որոշմամբ այժմ Եղեգիսի նախկին ավագանու վիճահարույց որոշման գործողությունը կասեցված է։
