Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/11/2026
share

Եղեգիսի ավագանու վիճահարույց որոշումը և բնակիչների դիմում-պահանջը՝ պատկան մարմիններին

Վարդահովիտի բնակիչները վիճարկում են հանքի վերաբերյալ հանրային լսման օրինականությունը․ դիմում՝ պետական մարմիններին

2026 թվականի հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում անցկացված հանրային լսումից հետո մի խումբ բնակիչներ դիմել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, Վայոց ձորի մարզպետին և Եղեգիս համայնքի ղեկավարին։

Դիմումը վերաբերում է «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրություններին, հանրային լսման ընթացքին և բնակիչների բարձրաձայնած առարկություններին։

Ստորև ներկայացնում ենք բնակիչների դիմումի ամբողջական տեքստը՝

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար պարոն Համբարձում Մաթևոսյանին,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ պարոն Վահագն Արսենյանին,

ՀՀ Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար պարոն Արթուր Ստեփանյանին

 

Հարգելի՛ պարոնայք,

2026 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ընդունված՝ 21.06.2014 թ., ՀՕ-110-Ն՝ հետագա փոփոխություններով և լրացումներով) և ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղի 2-րդ փողոց, շենք 4-ում տեղի ունեցավ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026–2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը (հանրային լսում)։

Հանրային լսումը բացեցին Շրջակա միջավայրի նախարարության լիազոր ներկայացուցիչ պրն Մեսրոպյանը և փորձագետ տիկին Մինասյանը։ Հայտարարեցին, որ կայանում է երկրորդ հանրային լսումը, որի անցկացման իրավասությունն օրենքով տրված է նախարարությանը՝ հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 2026 թ. ապրիլի 17-ի N 52-Ա որոշումը։

Մասնակից Հ. Իսախանյանի պահանջով փորձագետ Մինասյանը բարձրաձայն ընթերցեց ավագանու որոշումը, որը բացարձակապես կապ չուներ անցկացվող հանրային լսման հետ։ Համայնքի ավագանու անդամ Նարեկ Մարտիրոսյանը, որը մասնակցել էր այդ ավագանու նիստին, որոշումը համարեց ոչ իրավաչափ, որովհետև քվեարկության ժամանակ չէր հավաքել մասնակիցների կեսից ավելի ձայները և երկարաձգում էր մի թույլտվություն, որն ավագանու նիստից երեք օր առաջ արդեն ավարտվել էր։ Հիմք ընդունելով վերը նշված փաստերը՝ Հ. Իսախանյանն առաջարկեց Մեսրոպյանին դադարեցնել հայտարարված երկրորդ հանրային լսման գործընթացը՝ հիմքերի բացակայության պատճառով, սակայն առաջարկությունը մերժվեց լիազոր մարմնի կողմից։

Եղեգիս համայնքի Վարդահովիտի տարածաշրջանը գտնվում է ծովի մակերևույթից 2000–2500 մետր բարձրության վրա։ Տարածաշրջանն ունի չքնաղ բնություն՝ իր յուրահատուկ կենսաբազմազանությամբ, հարուստ կենդանական աշխարհով։ Դրանք ալպյան մարգագետիններ են, խոտհարքներ, վարելահողեր։ Տարածաշրջանում հանդիպում է 1600 տեսակ անոթավոր խոտաբույս, որոնցից 400 տեսակը դեղաբույսեր են, որոնց մեծ մասն ընդգրկված է Վայոց ձորի ազգաբնակչության կերակրացանկում՝ հանդիսանալով մեր առողջության գրավականը։

Տարածաշրջանը հարուստ է հայկական բեզոարյան այծերով, գորշ արջերով, վայրի խոզերով և այլ վայրի կենդանիներով, հազվագյուտ տեսակի միջատներով և թիթեռներով։ Վարդահովիտի տարածաշրջանի հարևանությամբ անցնում է էկոմիջանցքը, որն անհրաժեշտ է պահպանել կենդանական աշխարհի անարգել տեղաշարժի համար։ Հարևանությամբ է գտնվում նաև 1971 թ. ստեղծված Եղեգնաձորի արգելավայրը, որն ունի շատ հարուստ կենսաբազմազանություն։ Վարդահովիտի տարածաշրջանը հարուստ է աղբյուրներով, գետակներով, հանդիսանում է Եղեգնաձոր, Եղեգիս, Արենի համայնքների խմելու և ոռոգման միակ ջրավազանը, և զգալի ջրային ռեսուրսներ հոսում են մարզից դուրս։

Դեռևս Խորհրդային Միության տարիներին, հաշվի առնելով խմելու և ոռոգման ջրի պակասությունը, նախագծվել և կիսով չափ կառուցվել է Վարդահովիտի տարածաշրջանից սկիզբ առնող Գետիկվանք–Եղեգնաձոր խմելու և ոռոգման ջրի ջրագիծը՝ 125 լ/վրկ ծավալով։ Տարածաշրջանի ընդերքով է անցնում Արփա–Սևան ջրատարը։ Ըստ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Պ. Գ. Ալոյանի՝ 2010 թ. հրապարակված ուրանային հանքաշերտերի քարտեզի, Վայոց ձորը գտնվում է Վեդի–Վայք ուրան պարունակող հանքաշերտի վրա։ 1950–1970 թթ. ուսումնասիրությունների արդյունքներով մեզ հասած՝ ժողովրդի բանավոր տեղեկություններով (կան տեսաձայնագրություններ), Վայոց ձորի ազգաբնակչությանը պետք է տեղափոխեին այլ տարածաշրջաններ՝ հանքերի շահագործման դեպքում։ 2021 թ. «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն դիմել և ստացել է թույլտվություն Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար։ Ընդերքի օգտագործման մասին օրենքի 46-րդ հոդվածը ենթադրում է ուսումնասիրության ընթացքում մետաղների հայտնաբերման դեպքում հանքարդյունաբերություն։

2022 թ. օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանին ուղղված նամակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ տվել է բացասական դիրքորոշում։ 2022 թ. հոկտեմբերի 27-ին N 1108 նամակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հայտնել է 2022 թ. հոկտեմբերի 14-ի հանրային քննարկումը չկայացած լինելու մասին։ Հանրային լսման տեսաձայնագրությունում համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հայտարարում է՝ «Համարում եմ հանրային լսումը չկայացած», առանց հանրային լսումը եզրափակելու, ավարտելու, արձանագրություն կազմելու՝ հեռանում է դահլիճից։ Լիազոր մարմնի ներկայացուցիչը վրդովված ասում է՝ «Ո՞ւր գնաց համայնքի ղեկավարը, չեզրափակեց, հեռացավ դահլիճից։ Եթե այդպես է, մենք էլ գնացինք»։ Սակայն Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրել են արձանագրություն, որը չի համապատասխանում տեսաձայնագրությանը, որի վրա առկա են բոլոր անհրաժեշտ ստորագրությունները, առկա են նաև համայնքի ղեկավարի ստորագրությունը և կնիքը, այն դեպքում, երբ համայնքի ղեկավարը գրավոր դիմել է մարզպետարան և Շրջակա միջավայրի նախարարություն՝ տալով բացասական եզրակացություն։

Անհասկանալի է, թե ինչպես ՇՄ նախարարության լիազոր ներկայացուցիչ Խաչիկ Մարտիրոսյանը, մասնակցելով հանրային լսմանը, տեսաձայնագրությամբ արտահայտելով իր վրդովմունքը, որ համայնքի ղեկավարը առանց հանրային լսումը փակելու և արձանագրելու հեռացավ, ընդունում է տեսաձայնագրությանը չհամապատասխանող, ոչ իրավաչափ արձանագրություն, որի հիման վրա ընկերությանը տրամադրում է երեք տարով թույլտվություն։ Եղեգիս համայնքի բնակիչ Մարատ Զաքարյանը 2026 թ. հոկտեմբերի 29-ի հանրային լսման ժամանակ բարձրաձայնեց նշված անճշտության վերաբերյալ՝ թե ինչպես բոլորս ասացինք «ոչ», բայց ընկերությունը ստացավ թույլտվություն։ Բարձրացված հարցի վերաբերյալ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և պրն Մեսրոպյանը չտվեցին պարզաբանում և փաստաթղթեր՝ կարծես թե հիմնավորելով, որ եղել է հակաօրինական գործողություն։ 2023 թ. սեպտեմբերի 20-ին Եղեգիս համայնքի ավագանին N 127-Ա որոշմամբ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից իրականացված աշխատանքները համարել է ապօրինի, որոնք ենթակա են դադարեցման։

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը 2023 թ. նոյեմբերի 23-ին N 1372 նամակով դիմել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանին՝ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ։ Նշված ավագանու որոշումը դատական կարգով չի բողոքարկվել, և ՇՄ նախարարության կողմից չի դադարեցվել ընկերության գործունեությունը։ Նշված հարցի վերաբերյալ լիազոր մարմնի ներկայացուցչից չստացանք սպառիչ պատասխան։ 2025 թ. սեպտեմբերի 17-ին կայացած հանրային լսման ժամանակ համայնքի բնակիչները կրկին անգամ դեմ արտահայտվեցին ուսումնասիրության ժամկետի երկարաձգմանը, ընկերության գործունեությունը համարեցին ոչ իրավաչափ՝ հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 2023 թ. սեպտեմբերի 20-ի N 127-Ա որոշումը։ 2025 թ. հոկտեմբերի 27-ին Եղեգիս համայնքի ավագանին դեմ է քվեարկել «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից կատարվող ուսումնասիրությունները երեք տարով երկարաձգելու վերաբերյալ։

2026 թ. ապրիլի 17-ին Եղեգիս համայնքի ավագանին արտահերթ նիստով 5 կողմ ձայնով կողմ է քվեարկել «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի ուսումնասիրության ժամկետի երկարաձգման նախագծին. «Տալ համաձայնություն «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 3 (երեք) տարով երկարաձգելու վերաբերյալ»։ Սակայն «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի գործունեության ժամկետը լրացել է 2026 թ. ապրիլի 14-ին, հետևաբար ավագանին չէր կարող երկարաձգել ընկերության ժամկետը, որն արդեն ավարտվել էր. պետք է սկսվեր նոր գործընթաց։ Անհասկանալի է ավագանու նիստին մասնակցած, քվեարկությանը չմասնակցած երկու ավագանիների մասնակցության տեղեկությունը, որոնք իրենց անհամաձայնությունն արտահայտել են ավագանու նիստերի դահլիճը լքելով, սակայն մասնակցել են ավագանու նիստին, և առկա է համայնքի կայքում տեղադրված նախագիծ՝ «որոշում» անունով։ Մեր կարծիքով՝ ավագանու նիստին մասնակցած հինգն են կողմ քվեարկել, հինգը՝ դեմ. վիճահարույց է ավագանու որոշման իրավաչափությունը։ Նշված հարցի վերաբերյալ վերջին հանրային լսման ժամանակ բարձրաձայնեց ավագանու անդամ Նարեկ Մարտիրոսյանը, որը, մասնակցելով ավագանու նիստին, իր անհամաձայնությունն արտահայտել էր ավագանու նիստը լքելով և գտնում է, որ նիստի որոշումն իրավական ուժ ունի, քանի որ 10 (տասը) մասնակիցներից 5 (հինգը) են կողմ եղել, որը նիստի մասնակիցների կեսից ավելին չէ։

Հանրային լսման մասնակից Կարենը բարձրաձայնեց, որ մենք կորցնելու ենք «Արենի» գինու բրենդը, պետք է գինի սպառողներին տեղեկացնենք, որ խաղողի այգիները ոռոգվելու են Վարդահովիտի տարածաշրջանից ինքնահոս ոռոգման ջրատարից, որոնց ջրերը հարստացված են լինելու ծանր մետաղներով և թույներով։ Հարց բարձրացվեց Գետիկվանք–Եղեգնաձոր խմելու և ոռոգման ջրի ջրագծի վերաբերյալ, որը սկիզբ է առնելու ուսումնասիրվող տարածքից, դրա հետագա ճակատագրի վերաբերյալ լիազոր մարմնից չստացանք ոչ մի տեղեկություն։ Հարց բարձրացրեց Մարատ Զաքարյանը՝ Վարդահովիտի տարածաշրջանում գտնվող պատմական հուշարձանների, ժայռապատկերների հետագա ճակատագրի և շատ արագ զարգացող տուրիզմի, հյուրատնային բիզնեսի, միջազգային կառույցներից ստացվող տուրիստական ծրագրերի համատեղելիության մասին հանքի ուսումնասիրության հետ։ Վարդահովիտի տարածաշրջանում «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի ուսումնասիրությունները և հետագայում հանքի շահագործումը, մեր կարծիքով, մեծ ռիսկեր են պարունակում։

Հաշվի առնելով արդի տեխնոլոգիական գործընթացները, Հայաստանում գործող բազմամետաղային հանքերի շահագործումը և կենսագրությունը՝ գտնում ենք, որ հանքարդյունաբերությունը Վարդահովիտի տարածաշրջանում մեծ ռիսկեր է պարունակում։

• Տարածքների կայուն և հարատև թունավորում, որի հետևանքով դրանք դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի, այսինքն՝ տարածքների առմիշտ կորուստ։

• Հազարավոր տարիներ թափոնների, դատարկ ապարների և պոչանքի կառավարում, որը մեծ գումարներ է պահանջում։

• Ջրի ծավալների նվազում, ջրային համակարգի թունավորում, վտանգվելու է Արփա, Եղեգիս գետերի և Սևանա լճի մաքրությունը։

• Տեղանքի երկրաբանական կառուցվածքի ձևափոխում, խաթարում։

• Բուսականության կորուստ և կենդանիների կորուստ։

• Բնակչության ապրելու միջավայրի որակի անկում։

• Երկրագործության, խաղողագործության, գինեգործության, անասնապահության արտադրանքի նվազում և որակի անկում։

• Բնակչության եկամուտների նվազում, սոցիալական իրավիճակի վատթարացում, արտագաղթ, բնակավայրերի ամայացում։ Այս ռիսկերը խիստ ազդելու են մարզում զարգացող գինեգործության, այգեգործության, անասնապահության, մեղվապահության, էկոսննդի և գյուղմթերքների վերամշակման վրա։

Վայոց ձորի Եղեգիս համայնքի կենսաբազմազանության պահպանման, զարգացման, կայուն օգտագործման, մոլորակի գլոբալ տաքացման և COP17 միջազգային համաժողովի պահանջներից ելնելով՝ խիստ անհրաժեշտություն է առաջացել կառավարել մարզի ջրային ռեսուրսները, պահպանել շրջակա միջավայրը։

Հանրային լսումն անցավ կոպիտ խախտումներով, դահլիճը հնարավորություն չէր տալիս բոլոր մասնակիցներին ներկա գտնվելու, եղան բռնություններ, վիրավորանքներ, ուժ գործադրվեց լրագրողների, էկոակտիվիստների նկատմամբ։ Ճիշտ կլիներ հանրային լսումն անցկացվեր Եղեգնաձորում՝ համապատասխան տարածքում, ճանաչեին որպես ազդակիր համայնքներ Արենի, Եղեգիս և Եղեգնաձոր համայնքները, որոնք կառավարության որոշման համաձայն խոշորացվել են՝ վերանվանվելով Եղեգնաձոր խոշորացված համայնք, որի համար կայացվել են ՏԻՄ ընտրություններ, և առաջիկա օրերին կձևավորվեն համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը։

Մենք՝ հանրային լսման մասնակիցներս, գտնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2026 թ. հոկտեմբերի 29-ին անցկացված երկրորդ հանրային լսումը ոչ իրավաչափ է, որովհետև լիազոր մարմնի կողմից որպես հիմք հրապարակված Եղեգիս համայնքի ավագանու 2026 թ. ապրիլի 17-ի N 52-Ա որոշումը չեղյալ չի համարել ավագանու 2025 թ. հոկտեմբերի 27-ի N 96-Ա որոշումը, երկարաձգել է մի թույլտվություն, որն ավարտվել է 2026 թ. ապրիլի 14-ին, և չեն քվեարկել նիստի մասնակիցների կեսից ավելին։

Գնահատելով վերը նշված փաստերը՝ հանրային լսման մասնակիցներս գտնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից անցկացված հանրային լսումն իրավաչափ չէ, և դեմ ենք Վարդահովիտի տարածաշրջանում՝ մեր ջրային աղբյուրների ակունքներում, իրականացվող ծանր մետաղների ուսումնասիրությանը և շահագործմանը։

Մենք խնդրում և առաջարկում ենք կառավարության կողմից մշակել Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի զարգացման հեռանկարները՝ հիմք ընդունելով ազգաբնակչության կարծիքը։ Այգեգործություն, գինեգործություն, անասնապահություն, տուրիզմ, հյուրանոցային և հյուրատնային բիզնես, թեյերի, չրերի, մեղրի, խոտաբույսերի արտադրություն, որում ընդգրկված կլինի Եղեգնաձոր համայնքի ողջ ազգաբնակչությունը։ Կարող ենք ներկայացնել տնտեսական հաշվարկ՝ ապացուցելով, որ եկամուտները մի քանի անգամ կգերազանցեն հանքերի տված եկամուտները։ Կապրենք առողջ և արժանապատիվ կյանքով՝ զերծ մնալով հանքարդյունաբերությունից, միայն այն հիմնական պատճառով, որ Վայոց ձորը գտնվում է քարտեզագրված ուրանային հանքաշերտի վրա, որի վերաբերյալ ներկայացրել ենք հանրային լսման ժամանակ տեղեկատվություն և այլ հիմնավոր փաստաթղթեր։

2026 թ. հոկտեմբերի 29-ի հանրային լսման մասնակիցներ՝

Հայկ Իսախանյան,

Արման Ավետիսյան,

Կարեն Քարամյան,

Միքայել Բաղդասարյան

Նորայր Բաբայան

facebook sharing button facebook