
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում ընթացող հանրային 2-րդ քննարկմանը, որը նախաձեռնել է ՇՄՆ-ը՝ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ, էկոակտիվիստ- ֆերմեր Հայկ Իսախանյանը հարց է ուղղել Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներին՝ խնդրելով պարզաբանել, եթե կան ավագանու միմյանց հակասող որոշումներ, ինչպես կարող է նման խնդրահարույց իրավիճակում 2-րդ քննարկում անցկացվել։
«Ավագանին լսել է 2025-ի հոկտեմբերի 27-ին և որոշումը կա բացասական և ավագանու որոշումը դատական կարգով չի բողոքարկվել։ Ավագանին որոշում է կայացնում հանրային լսումներից 30 օրվա ընթացքում։ Բացասական որոշումը ձեզ մոտ կա, ե՞րբ է դրանից հետո տեղի ունեցել առաջին հանրային լսում, որ այսօր դուք 2-րդ լսում եք անցկացնում»,- նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի աշխատակցին հարցրեց Հայկ Իսախանյանը։
Ի պատասխան ՇՄԱԳ կենտրոնի ներկայացուցիչը նշեց, որ «Նախարարությունը ավագանու որոշման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել՝ հասկանալու ավագանու դիրքորոշումը, ինչին ի պատասխան համայնքի կողմից ստացել են պատասխան»։ Թե ինչպիսի պատասխան՝ չհստակեցվեց։
Նախարարության աշխատակից Հովիկ Մեսրոպյանն ասաց, որ իրենց տրամադրության տակ է Եղեգիսի ավագանու 2026-ի ապրիլի 17-ի որոշումը՝ համաձայնություն տալու մասին։ Հարցուպատասխանը գնալով ավելի լարվեց, երբ զրույցին միջամտեց Եղեգիսի ավագանու անդամ Նարեկ Մարտիրոսյանը։ Նա ներկաներին ցույց է տվեց ավագանու դեմ որոշման ճեպապատկերը՝ պնդելով՝
«Ես չհասկացա այստեղ ինչ աճպարարություն էր։ Այդ օրը ներկա են եղել ավագանու 10 անդամ, թերևս խախտվել են բոլոր ընթացակարգերը։ 3 դեմ, 2 ձեռնպահ, 5 կողմ։ Մինչդեռ օրենքն ասում է պետք է լինի ավագանու կեսից ավելին։ Քանի դեռ կա ավագանու որոշման հետ կապված խնդրահարույց իրավիճակ, նախորդ որոշումը չի վիճարկվել դատական կարգով, չկա դատարանի որոշում, այս լսումները իրավաչափ չեն։ Սա ՏԻՄ օրենքի բռնաբարություն է»։
Նարեկ Մարտիրոսյանին միացավ նաև Մարատ Զաքարյանը՝ հարցնելով, այդ երբ է ավագանին նիստ գումարել, որ իրենք չեն իմացել։
Հիշեցնենք՝ Վարդահովիտի խնդրի վերաբերյալ «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակը ևս պարզաբանում էր խնդրել ՀՀ ՇՄ նախարարությունից` տեղեկանալու, թե որքանով է իրավազոր հանրային քննարկումներից 5 ամիս անց ավագանու կայացրած դրական որոշումը, եթե այդ մասին կա անհամաձայնության որոշում։
Շրջակա միջավայրի նախարարությունից իրավազորության վերաբերյալ հստակ պատասխան այսպես էլ չեղավ։ Նրանք միայն հայտնել են, որ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ընկերությունից դեռևս հայտ չեն ստացել։
Հատկանշական է նաև, որ հարցումն ուղարկվել է 2026թ․ ապրիլի 15-ին՝ մինչ ավագանու ապրիլի 17-ի արտահերթ նիստն ու որոշումը, ինչը ենթադրում էր, որ ընկերությունը չէր կարող ոչ մի հայտ ներկայացնել, քանի որ 2025թ․ սեպտեմբերի 18-ի հանրային քննարկումներից հետո Եղեգիսի ավագանին նախորդ տարի՝ 2025թ․ հոկտեմբերի 27-ին անհամաձայնության որոշում էր կայացրել։
