Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/10/2026
share

Եղեգիս համայնքի Վարդահովիտում նորից հանրային քննարկումներ են

ՀՀ Վայոց ձորի Եղեգիս համայնքի ՎԱրդահովիտ բնակավայրում նորից հանրային քննարկումներ են նշանակված։ Հանրային քննարկումները նախաձեռնել է ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն, ով ցանկանում է Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026–2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալ։  Հանրային քննարկումները նշանակված են 2026թ․ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի  2-րդ փողոց շ․ 4 հասցեում։ Սա հանրային քննարկումների 2-րդ փուլն է։

Ըստ էության սա նախորդ ծրագրի՝ «Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2022-2025թթ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման», շարունակությունն է։ Ժամկետների երկարաձգման առաջին հանրային քննարկումները ընկերությունը նախաձեռնել էր սեպտեմբերի 18-ին և այն անցավ բավականին լարված ու թեժ մթնոլորտում։
Հանրային քննարկման եկած ֆերմերները և զբոսաշրջության ոլորտի ձեռներեցները պնդում էին, որ նախորդ ժամկետներում ընկերության գործունեությունը բավականին վնաս է հասցրել իրեն տնտեսություններին, և եթե ժամկետները երկարածգվեն դա կնշանակի, որ իրենց տնտեսությունները ավելի շատ վնաս կկրեն։

Ավագանու որոշումը այս հարցի վերաբերյալ ևս միանշանակ չեղավ։ Հանրային քննարկումներից հետո ավագանու նիստի ժամանակ ՔՊ խմբակցության ղեկավարի առաջարկով նախագիծը հանվեց օրակարգից այն պատճառաբանությամբ, որ ավագանիները այդքան էլ տեղյակ չեն նախագծից, ցանկանում են նաև հանրային քննարկումների ժամանակ բարձրացված խնդիրները տեղում ուսումնասիրել։ Հաջորդ ավագանու նիստին արդեն անվագանիները անհամաձայնություն հայտնելու որոշում կայացրին, որը ևս հանգիստ չընդունվեց ընկերության ներկայացուցիչների կողմից։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ընկերությունը դատարան է դիմել՝ պահանջելով չեղյալ համարել Եղեգիսի ավագանու նախագծի վերաբերյալ անհամաձայնության որոշումը։
Վարչական դատարանը հարցում էր ուղարկել Եղեգիսի համայնքապետարան պահանջելով ներկայացնել հանարային քննարկման վերաբերյալ նյութերը։ Այս պահանջը առիթ դարձավ, որ ավագանին 2026թ․ ապրիլի 17-ին այս թեմայով հերթական արտահերթ նիստը գումարի։ Նիստը հրավիրած Եղեգիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանը նիստ ժամանակ պատմում էր, որ հիմա, եթե իրենք կողմ չքվեարկեն նախագծին, ապա հնարավոր է ստիպված լինեն դատական ծախսերը վճարեն և այլ դժվարություններ ունենան։ Ու չնայած տնտեսվարողները կողմից բարձրացրած հարցերին ավագանին նոր դրական որոշում կայացրեց՝ 5 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, ի դեպ առանց չեղարկելու այս հարցի վերաբերյալ նախորդ՝ 2025թ․ հոկտեմբերի 27-ին կայացրած անհամաձայնություն հայտնելու որոշումը։

facebook sharing button facebook