Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/8/2026
share

Հայաստանի էներգետիկ անկախությունը․ ի՞նչ է սպասվում ԱԷԿ-ին

Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության հասնելու ռազմավարություն, ինչն իրատեսական է դարձել վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի ակտիվ զարգացման շնորհիվ։

«Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն․ սա առավել քան իրատեսական է դարձել վերջերս՝ պայմանավորված արևային էներգետիկայի զարգացմամբ։ Հայաստանն արևային հսկայական ռեսուրս ունի, և մենք այն զարգացրել ենք․ 2018 թվականի 16 մեգավատի դիմաց այսօր ունենք 1213 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայաններ»,- նշեց Փաշինյանը

Կուտակիչ կայաններ և ԱԷԿ-ի ապագան

Ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար Հայաստանում մեկնարկելու է էլեկտրաէներգիայի կուտակիչների հիմնադրումը, որպեսզի ցերեկն արտադրված արևային էներգիան կուտակվի և համակարգին մատակարարվի գիշերային ժամերին։

Փաշինյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է մինչև 2031 թվականն ունենալ առնվազն 800 մեգավատ հզորությամբ կուտակիչ կայաններ, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է գործող ատոմակայանի դրվածքային հզորությունը։

Անդրադառնալով ատոմային էներգետիկային՝ վարչապետն ընդգծեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում իշխանությունները պետք է վերջնականապես կողմնորոշվեն, թե ում հետ և ինչպիսի ատոմակայան են կառուցելու, քանի որ 2036 թվականին գործող ԱԷԿ-ի ռեսուրսը սպառվում է (դրա փակման դե յուրե պարտավորությունը Հայաստանը ստանձնել է 2017 թվականին)։

«Զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո ևս մեկ անգամ երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, և մենք արդեն բավական ժամանակ քննարկումներ ենք վարում հնարավոր գործընկերների հետ։ Նման որոշում կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ սերտ գործակցությամբ։ Էներգետիկան առավել քան դինամիկ ոլորտ է, և մենք պետք է ուսումնասիրենք էլեկտրաէներգիա արտադրելու բոլոր հնարավորությունները՝ գեոթերմալ տեխնոլոգիաներից մինչև կանաչ ջրածին, որն աշխարհում արդեն դիտարկվում է որպես բնական գազի այլընտրանք»,- հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ՀԱԷԿ-ը «վաղ թե ուշ» պետք է դուրս բերվի շահագործումից՝ առաջարկելով փոխարենն էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին։ Հայկական կողմը հակադարձել է, որ ատոմակայանի շահագործումը տեխնիկական ու ինքնիշխան հարց է, իսկ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ և այն արտահանում է Իրան ու Վրաստան։

Այս մասին մանրամասն կարող եք կարդալ «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակի պատրաստած հոդվածում  

facebook sharing button facebook