Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/8/2026
share

ՀԱԷԿ-ի ապագան․ Բաքվի քաղաքական հավակնությունները, «կանաչ» էներգետիկան և տեխնիկական իրականությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ հայտարարել է, թե Հայկական ԱԷԿ-ը «վաղ թե ուշ» պետք է դուրս բերվի շահագործումից՝ առաջարկելով փոխարենն էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին։ AzTV-ին տված հարցազրույցում Ալիևը միաժամանակ նշել է, որ TRIPP (Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի) ծրագրի համատեքստում ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծել են Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի հենարանների տեղադրման հնարավոր վայրերը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ալիևի այս դիրքորոշումները գնահատում է որպես Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա ազդելու փորձ՝ այն որակելով «ֆինլանդիզացիա»։ Ֆեյսբուքյան իր էջում  հրապարակմամբ նա հիշեցրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի 4-րդ հոդվածը, որով կողմերը պարտավորվել են չմիջամտել միմյանց ներքին գործերին։ 

Մյուս կողմից, TRIPP-ի իրականացման շրջանակում ամրագրված է, որ Հայաստանը պահպանում է իր լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը Հայաստանի տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ ։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, օգոստոսի 12-ին ԱԺ նիստի ժամանակ հակադարձելով Բաքվի պնդումներին, նշել է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը տեխնիկական հարց է և որոշվում է մասնագիտական գնահատականներով։ Նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի և արտահանում է Իրան ու Վրաստան, հետևաբար Ադրբեջանից էներգիա ներկրելու անհրաժեշտություն՝ ՀԱԷԿ-ի փակման պատճառով, չկա։

Էկոլոգիական հաշվեկշիռը․ «կանաչ» էներգիա, թե՞ ածխածնային կախվածություն

Բնապահպանական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից ատոմային էներգետիկան դասվում է ցածր ածխածնային (Low-carbon) աղբյուրների շարքին, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության փուլում ուղղակի CO₂ արտանետումները շատ ցածր են։ Վերջին տարիներին ՀԱԷԿ-ը Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության զգալի մասն է ապահովում՝ կախված տվյալ տարվա արտադրության և սպառման կառուցվածքից։

Եթե ՀԱԷԿ-ի արտադրությունը փոխարինվի բնական գազով աշխատող ջերմային կայանների արտադրությամբ, էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները կարող են աճել։

Միևնույն ժամանակ, ՀԱԷԿ-ի էկոլոգիապես անվտանգ աշխատանքը պահանջում է խիստ տեխնոլոգիական ռեժիմների պահպանում։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը դեռևս 2026թ․ մարտի 12-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի մամուլի ակումբում տեղի ունեցած «Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկման ժամանակ նշում էր, որ ատոմակայանը պետք է աշխատի բազիսային ռեժիմում։ Վերջին շրջանում արևային էներգետիկայի ծավալների ավելացման պատճառով օպերատորի կողմից ԱԷԿ-ի հզորության պարբերական իջեցումն ու բարձրացումը (30%-ով) մասնագետը համարել է անթույլատրելի։ Պետրոսյանի գնահատմամբ՝ նման տատանումները կարող են հանգեցնել ռեակտորի այսպես կոչված «թունավորման», ինչպես նաև ջերմանջատիչ տարրերի վրա անցանկալի ազդեցությունների և ոչ ռեգլամենտային իրավիճակների առաջացման ռիսկերի։

Ֆինանսավորումն ու տեխնիկական վերազինումը

ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումը կրում է շարունակական բնույթ: 2015-2016 թթ․ ՌԴ-ից ստացված 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի միջոցով իրականացվել են լայնամասշտաբ աշխատանքներ․ փոխվել եմ երկրորդ կոնտուրի սարքավորումները, իսկ ռեակտորի իրանի մետաղի թրծման արդյունքում՝ հիմնավորվել դրա շահագործման հնարավորությունը մինչև 2039 թվականը։ Այդ աշխատանքները թույլ է տվել 10-12%-ով բարձրացնել էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը՝ առանց միջուկային վառելիքի լրացուցիչ ծախսի։

Արդեն 2026 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին հատկացրել է 20 միլիարդ 111 միլիոն դրամի բյուջետային վարկ (10 տարի մարման ժամկետով, որից 2-ը՝ արտոնյալ) 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման (ՇԺԵ-2) և արդիականացման համար։

Ապրիլի 1-ից կանգնեցված 5-ամսյա պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսված է իրականացնել առաջին կոնտուրի վերազինում (մասնավորապես ДУ 200 մմ խողովակի պատռվածքի դեպքում արտահոսքի կոմպենսացման ապահովում)։

Մինչև երբ կարող է գործել ՀԱԷԿ-ը և որն է այլընտրանքը

Կարգավորող մարմնի կողմից ներկայում տրված արտոնագիրը գործում է մինչև 2031 թվականը։ Ըստ Վահրամ Պետրոսյանի՝ նախատեսվում է 2031-ին իրականացնել մետաղի երկրորդ թրծումը, ինչը նպատակ ունի հնարավորություն տալ շահագործման արտոնագիրը երկարաձգել մինչև 2036 թվականը, իսկ տեխնիկապես հնարավոր առավելագույն ժամկետը, ըստ նրա, 2041 թվականն է (ևս 5 տարի)։

Էներգետիկ անվտանգության և էկոլոգիական կայունության պահպանման համար Հայաստանին անհրաժեշտ է նոր միջուկային էներգաբլոկ։ Դիտարկվող տարբերակների շարքում՝

Փոքր մոդուլային ռեակտորներ (SMR)․ Դրանք դեռևս գտնվում են նախագծման կամ լիցենզավորման փուլերում, և կառուցված ու շահագործվող նմանատիպ կայաններ աշխարհում դեռ չկան։ Մասնագիտական տեսանկյունից նպատակահարմար է սպասել դրանց փորձարկմանը (2-3 տարի)։

600 ՄՎտ հզորությամբ ռեակտորներ․ Ջուր-ջերմատարով աշխատող այս բլոկները (որոնք ՌԴ-ում նախատեսվում է կառուցել մինչև 2035 թ․) տեղադրվում են 1000 ՄՎտ-անոց կորպուսի մեջ, ունեն անվտանգության բարձր աստիճան և իրենց հզորությամբ համահունչ են Հայաստանի էլեկտրական ցանցերի թողունակությանը։

Այսպիսով, ՀԱԷԿ-ի ապագայի հարցը միայն քաղաքական հայտարարությունների կամ արտաքին առաջարկների խնդիր չէ. կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը, անվտանգության միջոցառումները և նոր էներգաբլոկի ընտրությունը պահանջում են տեխնիկական, կարգավորող, տնտեսական և բնապահպանական գնահատումներ։ Իսկ այդ որոշումների հիմնարար չափանիշը պետք է լինի Հայաստանի էներգետիկ անվտանգության և հանրային շահի պաշտպանությունը՝ անկախ նրանից, թե այդ հարցի շուրջ ինչ քաղաքական հայտարարություններ են հնչում արտաքինից:

ՀԱԷԿ-ի շուրջ այս բանավեճում ամենակարևոր սահմանագիծը քաղաքական հայտարարության և տեխնիկական փաստի միջև է։ Կայանի շահագործման ժամկետը չի որոշվում Բաքվից, բայց այն չի կարող որոշվել նաև միայն Երևանի քաղաքական օրակարգով։ Այն որոշվում է անվտանգության գնահատականներով, կարգավորող գործընթացներով, էներգետիկ համակարգի իրական կարիքներով և այն հարցով, թե ինչ է պատրաստվում Հայաստանը կառուցել գործող հզորությանը հաջորդող տասնամյակների համար։ Ուստի ՀԱԷԿ-ի ապագայի շուրջ իրական հանրային քննարկումը պետք է սկսվի ոչ թե «փակե՞լ, թե՞ չփակել» քաղաքական երկընտրանքից, այլ մեկ ավելի կարևոր հարցից՝ ինչպիսի՞ էներգետիկ անկախություն է Հայաստանը ցանկանում ունենալ 2030-ից հետո, և որքանով է այդ ապագան հիմնված հաշվարկների, այլ ոչ թե քաղաքական պայմանավորվածությունների վրա։ 

facebook sharing button facebook