Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/8/2026
share

Ոսկու կորզումը՝ Զառիթափում ինչպե՞ս է նախկինում բացասական եզրակացություն ստացած նախագիծը կրկին հասել փորձաքննության

2026թ․ օգոստոսի 21-ին Վայոց ձորի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական կենտրոնում երկու հանրային քննարկում է նախաձեռնել  «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը ցանկանում է Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման և Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարանի կառուցման թույլտվություններ ստանալ։

Սակայն սա ընկերության առաջին փորձը չէ։ Նույն տարածքում վերամշակման գործարան կառուցելու նախագիծը արդեն անցել է հանրային քննարկումների և փորձաքննության փուլով, իսկ 2026 թվականի ապրիլին ստացել է բացասական եզրակացություն։ 

Հիմա գրեթե նույն նախագիծը կրկին ներկայացվել է փորձաքննության։

 

 

 

 

Նախորդ հանրային քննարկումները՝ լարված, բայց նախնական համաձայնությամբ

 

2025թ․ մայիսի 13-ին կայացած հանրային լսումները շատ բուռն էին անցել։ «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակին տրամադրած այդ լսումների տեսագրությունում ընդհուպ մինչև հանհոյանքներ էին լսվում, թեև ավագանու նիստում համայնքապետը հայտարարեց, որ ամեն ինչ հարթ է ընթացել։ 

Հանրային քննարկման ժամանակ ոսկու կորզման դեմ ստորագրահավաքով փաստաթղթեր հանձնվեցին, բայց, այնուամենայնիվ, համայնքը տվեց իր նախնական համաձայնությունը։

2026թ․ ապրիլի 10-ին կայացած 2-րդ հանրային քննարկումից հետո, ՇՄ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն է տվել։ Պատճառաբանական մասում, ի թիվս այլ պատճառների, նշված էր այն հանգամանքը որ «Վայոց ձոր 2» և «Վայոց ձոր 4» միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերում Վայք համայնքում և Զառիթափ բնակավայրում հանքարդյունաբերական համալիրների հեռանկարային ծրագրեր չեն նախատեսված, հետևաբար ներկայացված գործունեությունը չի բխում գործող տարածական պլանավորման փաստաթղթերի լուծումներից։

Նշված էր նաև, որ նախատեսված գործունեության վայրից բնակելի տները բավականին մոտ են։

 

Նույն նախագիծը՝ կրկին փորձաքննության

 

Հիմա նորից ընկերությունը ցանկանում է հանքանյութի վերամշակման գործարան կառուցել, որի վերաբերյալ, ըստ էության, առաջին հանրային լսում չի կայացել։ 

Այս հանգամանքի վերաբերյալ «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակը հարցում էր ուղարկել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն պարզելու համար, թե ինչ հիմքով է այս նախագծի վերաբերյալ՝ առանց նախնական՝ առաջին, հանային քննարկման և համայնքի ավագանու նախնական համաձայնության (ինչը ըստ գործող իրավական փաստաթղթերի 30 աշխատանքային օրվա ժամկետում ավագանու որոշում չլինելու դեպքում փորձաքննությունը սկսում է առանց դրա) փորձաքննական փուլ սկսել։

ՇՄ նախարարության պատասխանում նշված է, որ փորձաքննությունն սկսվել է՝ հիմք ընդունելով 2025թ․ մայիսի 13-ին անցկացված հանրային լսման փաթեթը և 2025թ․ հունիսի 4-ին համայնքի ավագանու կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ նախնական համաձայնության տրամադրման N 53-Ա որոշումը և դրան առնչվող փաստաթղթերը: Խոսքը վերաբերում է անցյալ տարի ընկերության կողմից նախաձեռնության վերաբերյալ ավագանու որոշումը, որի երկրորդ հանրային քննարկումը կայացել է 2026թ․ ապրիլի 10-ին, և որի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն է տվել։

Նախորդ տարվա հանրային քննարկումների փաթեթի և ավագանու որոշման կիրառումը նոր փորձաքննության մեջ հիմք ընդունելը նախարարությունից պարզաբանում են այն հանգամանքով, որ «նախատեսվող գործունեության ելակետային պայմանների՝ տեխնիկական բնութագրերի, իրականացման վայրը, ծավալները և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների բնույթն էական փոփոխության չի ենթարկվել, նախկինում օրենքով սահմանված կարգով ընդունված  ավագանու որոշումը դիտարկվում է կիրառելի փաստաթուղթ՝ պայմանով, որ այն չի դադարեցրել իր գործունեությունը՝ հաշվի առնելով, որ ավագանու որոշման վերաբերյալ օրենսդիրը որևէ քանակական կամ ժամկետային սահմանափակում կամ պայման չի նախատեսել՝ բացի համապատասխանությունը օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին, հետևաբար, որևէ արգելք չկա փորձաքննական գործընթացում այն կիրառելու համար»:

 

Ի՞նչ է փոխվել նախագծում

 

Եթե համամատում ենք նախորդ (որի վերաբերյալ նախարարությունը բացասական եզրակացություն է տվել) և ներկա հաշվետվությունները նախատեսվող գործունեության կոորդինատների փոփոխություն չի արվել, այսինքն՝ գործարանը պետք է կառուցվի նույն վայրում, որը նախատեսված էր նաև նախորդ հաշվետվությունում։ 

Նոր հաշվետվությունում նախատեսված չէ պոչամբարի կառուցում (պոչամբարի կառուցման կոորդինատները հանված են այս նախագծում)։ Երկու դեպքում էլ նշված է, որ հանքաքարը մշակվելու է ցիանային տարբերակով։ Նախորդ հաշվետվության մեջ նշած է, որ «Պոչերի պահեստավորումը նախատեսվում է իրականացնել չոր եղանակով, ինչը զգալի կկրճատի պոչամբարների զբաղեցրած տարածքը», իսկ նոր հաշվետվության մեջ ոչ մի բառ չկա, թե որտեղ են կուտակվելու պոչերը՝ նամանավանդ ցիանային վերմաշակումից հետո։

Առաջին հաշվետվության մեջ ֆաբրիկայում հանքաքարի վերամշակման տեխնոլոգիայի մեջ ներառված հիմնական գործընթացներում վերջին կետով նշված է․ «Չոր պոչերի տեղափոխում պոչամբարներ», երկրորդ հաշվետվության մեջ նշված է «Թափոնների խտացում, չեզոքացում, ֆիլտրում և տեղափոխում թափոնների կուտակման օբյեկտ», իսկ՝ կոնկրետ որտեղ,պարզ չէ։

 

Օրենսդրական բաց, թե՞ նախագծի շարունակականություն

 

Իրավաբան Արթուր Գրիգորյանը «Քաղաքացու ձայնի» հետ զրույցում նշել է, որ այս ամենի պատճառը օրենքի բացն է, որը գործընթացի մասնակիցների կողմից մեկնաբանվում է ըստ իրենց նպատակահարմարության: Ըստ էության՝ ստացվում է այնպես, որ արդեն մեկ անգամ համայնքից նախնական համաձայնություն ստանալուց հետո կարող են անընդհատ դիմել փորձաքննական փուլ սկսելու համար, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ միգուցե այդ ընթացքում համայնքի համար զարգացման այլ առաջնահերթություններ են սահմանվել։

Այս դեպքում թեև լիազոր մարմնի պատասխանում նշված է, որ փորձաքննություն նշանակված հաշվետվության մեջ էական փոփոխություն չկա, այնուամենայնիվ նախատեսված պոչամբարի չեղարկումը, ըստ էության, կարևոր հանգամանք է նախատեսված գործունեություն ծավալելու համար, նամանվանդ երբ նշված չէ, թե որտեղ են կուտակվելու ֆաբրիայում հանքաքարի վերամշակումից հետո առաջացող թափոնները։

 

Եթե նախագիծը նույնն է, ինչո՞ւ է այն կրկին փորձաքննվում

 

Վերդառնալով ՇՄ նախարարության պարզաբանման մեջ նշված այն հանգամանքին, թե փորձաքննություն ներկայացրած հաշվետվության մեջ նախորդի հետ համեմատած էական փոփոխություններ չկան, այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ  է նույն նախագիծը փորձաքննություն անցնում, եթե արդեն բացասական եզրակացություն է ստացել, և ըստ էության այս հաշվետվությամբ նախատեսված գործունեությունը համատեղելի չէ «Վայոց ձոր 2» և «Վայոց ձոր 4» միկրոռեգիոնալ տարածական փաստաթղթերի լուծումների հետ։

Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, ո՞վ է այս անգամ փորձաքննություն իրականացնող մասնագետը, արդյո՞ք նույն սկզբունքներով չեն իրականացնելու փորձաքննությունը, չեղարկվե՞լ են «Վայոց ձոր 2» և «Վայոց ձոր 4» միկրոռեգիոնալ տարածական փաստաթղթերով առաջարկվող լուծումները, բնակելի տները հեռացվե՞լ են ֆաբրիկայի կառուցման համար նախատեսված վայրից։

 

Ո՞վքեր են ընկերության իրական շահառուները

 

«ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն գրանցվել է 2001 թ․ օգոստոսի 24-ին, որպես «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ։ Ընկերության 100 տոկոս բաժնետերը 2023թ․ մարտի 13-ի մուտքագրված տվյալների համաձայն Հրաչյա Հովհաննիսյանն է։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ այն փոխկապակցված էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի՝ մասնավորապես նրա տղայի, հետ: 2023թ․-ին ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել Լիանա Միքայելյանը, ով փաստաբան Կարո Միքայելյանի կինն է։ Կարո Միքայելյանը «ՎայքԳոլդ» եւ «Վարդանի զարթոնքը» ընկերությունների շահերը բազմիցս ներկայացրել է տարբեր դատական գործընթացներում։

2024թ․ ընկերությունը անվանափոխվել է՝ դառնալով  «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, իսկ 2025թ․ մայիսի 24-ին ներբեռնված հայտարարագրում Լիանա Միքայելյանը դարձել է ընկերության 50 տոկոս բաժնետերը, իսկ մյուս 50 տոկոսը անցել է Դավիթ Սուքիասյանին, ով «ՄԼ Մայնինգ» ընկերության սեփականատերն է։ Դավիթ Սուքիասյանը 2017-2020թթ. եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, ապա՝ գլխավոր քարտուղարը։

Վայքում հանքադյունաբերական գործունեության տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել այս ոլորտ մտած Դավիթ Սուքիասյանը, ով 2025թ․ հուլիսի 16-ին գրանցված «ՓՐԵՇԻԸԶ ՔՈՐ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերն է (այս ընկերության 50 տոկոսն էլ պատկանում է «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր Լիանա Միքայելյանին): Ընկերության հիմնադիրն ու 100 տոկոս բաժնետերը Հովհաննես Բեկմեզյանն է, բայց  2025թ․ օգոստոսի 25-ին  Լիանա Միքայելյանն է դարձել «ՓՐԵՇԻԸԶ ՔՈՐ» ընկերության 100 տոկոս բաժնետերը, իսկ 2025թ․ սեպտեմբերի 19-ից 50 տոկոս բաժնեմասերը դարձել են Դավիթ Սուքիասյանի սեփականությունը։ Այս ընկերությունը Վայք, Ազատեկ և Զառիթափ բնակավայրերի վարչական տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու հայտ էր ներկայացրել։ Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները իրականացվել են 2025թ․ օգոստոսի 22-ին Վայք, Ազատեկ, Զառիթափ բնակավայրերում։ Հանրային քննարկումներն անցել են թեժ, բնապահպանների և ակտիվիստների նկատմամբ ճնշումներով, վիրավորանքներով։ Ի դեպ Զառիթափում ժամը 15։00-ին նշանակված հանրային քննարկումը չի կայացել․ այդ թեմայով ընկերության ներկայացուցիչները խոսել են ավելի վաղ նշանակված հանրային քննարկմանը։ Նախագծերը ներկայացնում էր Կարո Միքայելյանը։ 

Վայքի ավագանին 2025թ․ սեպտեմբերի 12-ին կայացած ավագանու հերթական նիստում նախնական համաձայնություն տվեց  «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վայք համայքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն, բայց ըստ «Հետք»-ի հետաքննության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մերժել է ընկերությանը, քանի որ արդեն իսկ այդ հանքավայրի ուսումնասիրության լիցենզիա տրամադրել է մեկ այլ ընկերությանը՝ «Աուրում Միներալս» ՍՊԸ-ին, ընդ որում՝ առանց հանրային քննարկումների։

facebook sharing button facebook