
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 2-րդ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային լսում է նախաձեռնել։ Նախագծի վերաբերյալ առաջին հանրային քննարկումները նախատեսված են 2026թ․ հուլիսի 30-ին, ժամը 12-ին, Արտաշատի համայնքապետարանում։
Նախագծի վերաբերյալ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջում որևէ փաստաթուղթ հրապարակված չէ, հայտարարության մեջ նշված է, որ անհրաժեշտ փաստաթղթերին հնարավոր է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում(ք․ Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում), ինչպես նաև «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ում (ք․ Երևան, Ադոնց 21/3 հասցեում)։ Շահագրգիռ կազմակերպությունները կամ անհատները կարող են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․ Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և(կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ ք․ Երևան, Ադոնց 21/3 հասցեով ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։
Հիշեցնենք, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն հանքարդյունաբերության, կառուցապատման և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություն է, որի 100 տոկոս բաժնետերը Դավիթ Սուքիասյանն է։ Նա նաև «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերն է։ Այս ընկերությունը ցանկանում էր Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի և /կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման՝ ոսկու կորզման, գործարան կառուցել։ Նախագիծը սակայն ՇՄ նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից բացասական եզրակացություն է ստացել։
Դավիթ Սուքիասյանը նաև 2025թ․ հուլիսի 16-ին գրանցված «ՓՐԵՇԻԸԶ ՔՈՐ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերն է (այս ընկերության 50 տոկոսն էլ պատկանում է «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր Լիանա Միքայելյանին): Ընկերության հիմնադիրն ու 100 տոկոս բաժնետերը Հովհաննես Բեկմեզյանն էր։ Այս ընկերությունը Վայք, Ազատեկ և Զառիթափ բնակավայրերի վարչական տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու հայտ էր ներկայացրել։ Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները իրականացվել են 2026թ․ օգոստոսի 22-ին Վայք, Ազատեկ, Զառիթափ բնակավայրերում։ Հանրային քննարկումներն անցան թեժ, բնապահպանների և ակտիվիստների նկատմամբ ճնշումներով, վիրավորանքներով։ Ի դեպ Զառիթափում ժամը 15։00-ին նշանակված հանրային քննարկումը չկայացավ․ այդ թեմայով ընկերության ներկայացուցիչները խոսեցին ավելի վաղ նշանակված հանրային քննարկմանը։ Նախագծերը ներկայացնում էր Կարո Միքայելյանը, ով Լիանա Միքայելյանի ամուսինն է։
Լիանա Միքայելյանը 2025թ․ օգոստոսի 25-ին դարձել է ընկերության 100 տոկոս բաժնետերը, իսկ 2025թ․ սեպտեմբերի 19-ից 50 տոկոս բաժնեմասերը դարձել են Դավիթ Սուքիասյանի սեփականությունը։
Վայքի ավագանին 2025թ․ սեպտեմբերի 12-ին կայացած ավագանու հերթական նիստում նախնական համաձայնություն տվեց «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վայք համայքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն, բայց ըստ «Հետք»-ի հետաքննության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մերժել է ընկերությանը, քանի որ արդեն իսկ այդ հանքավայրի ուսումնասիրության լիցենզիա տրամադրել է մեկ այլ ընկերությանը՝ «Աուրում Միներալս» ՍՊԸ-ին, ընդ որում՝ առանց հանրային քննարկումների։

