
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին Թուրքիայից Ադրբեջան է արտաքսվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ արտաքսումը տեղի է ունեցել գիշերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին առաջինն է սոցիալական ցանցերում հայտնել արտաքսման մասին: Նա նշել է, որ Հաջիբեյլին արդեն Ադրբեջանում է և ներկայում ազատության մեջ է։
Նա ներկայում հետաքննության տակ չէ, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել։ Անցյալ տարվա նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Գյուլթեքին Հաջիբեյլիին ոստիկանությունը տարել էր Ստամբուլի իր տնից, ապա տեղավորել Չաթալջա շրջանի արտաքսման կենտրոն։ Թուրքիայի իշխանությունները նրա նկատմամբ կիրառել են G-82 սահմանափակման կոդը։ Սոցցանցերում Հաջիբեյլին հայտնել էր, որ Անկարայի դատարանը նրան մեղադրանք է առաջադրել G-82 կատեգորիայի՝ «պետական անվտանգությանը սպառնալիք ներկայացնող օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամակցության» համար։ Ըստ թուրքական օրենսդրության՝ G-82 սահմանափակման կոդը վերաբերում է օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք, իշխանությունների կարծիքով, սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը։ Այս կարգավիճակն արգելում է մուտքը Թուրքիա և թույլ է տալիս արտաքսել, եթե անձը գտնվում է երկրում։ Հաջիբեյլին հայտարարել էր, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նա նաև պնդել էր, որ կարող է ձերբակալվել, եթե վերադառնա Ադրբեջան։
Վերջին ամիսներին Գյուլթեքին Հաջիբեյլիի անունը հիշատակվում է կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցներում՝ կապված պետական հեղաշրջման փորձի մասին մեղադրանքների հետ։ Հրապարակումները նրա անունը կապում էին Ազգային ճակատի նախագահ Ալի Քերիմլիի հետ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի մասնակցությամբ ենթադրյալ դավադրության համատեքստում։ Անցյալ տարվա նոյեմբերի 29-ին Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։ Դեկտեմբերի 1-ին նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով՝ իշխանության բռնի զավթմանը և պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխությանը ուղղված գործողություններ։ Նույն օրը Սաբայիլի շրջանային դատարանը երկուսի համար էլ նախնական կալանք է նշանակել․ Factor

