Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/2/2026
share

Քաղաքացիական կամքի ուժը Սամշվիլդեում. պայքար՝ հանուն բնության և երիտասարդության

Լուսո Դոստիբեգյանի պատմությունը սկսվել է 2016 թվականին, երբ հայրենի Սամշվիլդե գյուղում հիմնեց «Tetritskaro Youth Center» ՀԿ-ն։

Վրաստանի սրտում՝ Սամշվիլդեի կիրճի լանդշաֆտների և Ալգեթիի անտառների արանքում, մի խումբ մարդիկ՝ չեխական NESEHNUTÍ կազմակերպության աջակցությամբ, իրականացնում են լուռ, բայց լուրջ փոփոխություններ։ Նրանք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է սիրել սեփական համայնքը՝ հոգ տանելով թե՛ թափառող կենդանիների, թե՛ երկնքում սավառնող հազվագյուտ թռչունների մասին։

Լուսոյի խոսքով՝ իր փորձն ու գիտելիքները ի շահ համայնքի ծառայեցնելը պատասխանատվություն է սեփական բնակավայրի հանդեպ, ինչը, սակայն, պետական ապարատի կողմից ընկալվեց որպես սպառնալիք։ Այնուամենայնիվ, Լուսոն թիմ հավաքեց ու սկսեց զբաղվել այն խնդիրներով, որոնք տասնյամյակներով անտեսված էին պետության կողմից․ առողջապահություն, կենդանիների պաշտպանություն, երիտասարդական խնդիրներ և իրավական հարցեր։

«Իմ դպրոցական տարիներին տեսնում էի, որ զարգացման քայլեր չեն արվում, ու փորձեցի սովորածս տանել այնտեղ, որտեղ ապրել եմ»,- ասում է նա։

Վերջին երկու տարիները բեկումնային էին նախաձեռնող խմբի համար։ Առաջին հաջողությունը սկսվեց փողոցներից. համայնքում ներդրվեց թափառող շների ստերիլիզացման և պատվաստման համակարգված ծրագիր։ Սա պարզապես մեկանգամյա օգնություն չէր. նախաձեռնությունն այնքան կենսունակ գտնվեց, որ համայնքապետարանը որոշեց սեփական ուժերով շարունակել այն։

Նրանց ջանքերով բարձրացվեցին բնապահպանական այնպիսի օրակարգային հարցեր, ինչպիսիք են ազգային պարկերի զարգացումն ու պաշտպանությունը։ Այս գործընթացի առանցքում հայտնվեց Սպիտակագլուխ անգղը՝ մի թռչուն, որի գոյությունը կախված էր մարդկային հոգատարությունից։

Երբեմն մեկ նկարը կարող է ավելին ասել, քան հազարավոր զեկույցները։ Ծրագրի ամենահիշարժան իրադարձությունը Սամշվիլդե գյուղում Սպիտակագլուխ անգղի պատկերով հսկայական ու գունագեղ մուրալի ստեղծումն էր։ Այս արվեստի գործը փոխեց ամեն ինչ։

«Ես երբեք չեմ մոռանա այն պահերը, թե ինչպես այդ գունեղ մուրալը ազդեց տեղի բնակչության վրա։ Մարդիկ սկսեցին այլ կերպ նայել իրենց շրջապատող բնությանը»։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցեց՝ նույնիսկ երբ քաղաքականությունը պատնեշներ է դնում, արվեստը, սերն ու քաղաքացիական ակտիվությունը կարող են միավորել մարդկանց և փրկել այն, ինչն իրոք թանկ է։ Նրանց համար ամենակարևոր խնդիրն էր դարձել համայնքապետարանին աջակցելը, «Օրբիս Բուդե» (Orbis Bude) սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը և տեղի բնակչության համար չափազանց կարևոր բնապահպանական հարցերի լուծումը։

«Ծրագրի կարևորագույն սյուներից մեկը «Օրբիս Բուդե» սոցիալական ձեռնարկատիրության զարգացումն է։ Այն միտված է լուծելու տեղական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող էկոլոգիական խնդիրները՝ միաժամանակ ստեղծելով կայուն զարգացման հնարավորություններ»,- ասում է նա։ Այս նախաձեռնությունը  նույնպես NESEHNUTÍ կազմակերպության  աջակցությամբ կյանքի կոչվեց։

Ճանապարհը հարթ չէր։ Եթե թափառող կենդանիների հարցում հաջողվեց լեզու գտնել պետական կառույցների հետ, ապա երկրորդ նախագծի ժամանակ թիմը բախվեց լուրջ խոչընդոտների։ Քաղաքական լարված իրավիճակը հանգեցրեց նրան, որ պետական հաստատություններն ու ազգային պարկի ղեկավարությունը դադարեցրին համագործակցությունը կազմակերպության հետ։

«Մենք բախվեցինք բացառապես քաղաքական դժվարությունների և մեր կազմակերպության նկատմամբ բացահայտ խտրականության»,- անկեղծանում է նա։

Սակայն այս մեկուսացումը չկոտրեց նրանց։ Փոխարենը նրանք կենտրոնացան համայնքի վրա։ Սոցիալական ձեռնարկատիրությունը շարունակեց զարգանալ Սամշվիլդե գյուղում՝ դառնալով բնակիչների հույսը բնության պահպանության հարցում։

 

Սույն նյութը պատրաստվել է Չեխական «NESEHNUTÍ» հասարակական կազմակերպության աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության «TRANSITION» ծրագրի կողմից:

facebook sharing button facebook