
Վրաստանում քաղհասարակության ներկայացուցիչ լինել նշանակում է ամեն օր պայքարել պիտակավորման և սահմանափակումների դեմ։ Վրաստանի Քութայիսի քաղաքում գործող RICDOG (Սերունդների երկխոսություն) հասարակական կազմակերպության համար այս պայքարն ունի 12 տարվա պատմություն, իսկ Իրակլի Թևզադեի համար այն սկսվել է դեռ մանկուց։
«Ընդամենը 7 տարեկան էի, երբ ստեղծվեց կազմակերպությունը։ Սկսեցի որպես կամավոր ու հասկացա, թե որքան կարևոր է քաղհասարակության դերը մեր կյանքում։ Այն արդեն դարձել է ապրելակերպ ինձ համար»,- ասում է Իրակլին։
Անցյալ տարվա ապրիլին Վրաստանի խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել մեդիայի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների սահմանափակման մասին, որոնք, ըստ փորձագետների՝ միտված են քաղհասարակության ու անկախ ձայների ճնշմանը Վրաստանում։ Այդ թվում՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտը», որն ուղղված է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին:

Վրաստանում քաղաքացիական հասարակության համար ստեղծված օրենսդրական և քաղաքական բարդ լաբիրինթոսներում RICDOG կազմակերպությունը, չեխական NESEHNUTÍ-ի հետ ձեռք-ձեռքի տված, իրականացնում է կենսական նշանակություն ունեցող մի առաքելություն։ «Միավորված հանուն ժողովրդավարության. քաղաքացիական հասարակության ապագայի ջատագովությունը Վրաստանում» ծրագիրը դարձել է այն հենակետը, որն օգնում է տեղական կազմակերպություններին ոչ միայն գոյատևել, այլև բարձրաձայնել իրենց իրավունքների մասին։
«Նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել Վրաստանի քաղաքացիական սեկտորը՝ պետական նոր, սահմանափակող կանոնակարգերի ճնշման ներքո։ Ծրագրի ամենաազդեցիկ բաղադրիչը դարձավ «Առա՛ջ, Վրաստա՛ն, առա՛ջ» համազգային արշավը։ Սա պարզապես տեղեկատվական հարթակ չէր, այլ հզոր մեդիա-գործիք, որը հանրությանը հիշեցրեց՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) այն սյուներն են, որոնց վրա հենվում է երկրի սոցիալական զարգացումը և ժողովրդավարական ապագան»,- ասում է նա։
Ծրագիրը սահմանել էր հստակ երկակի նպատակ.
Հանրային իրազեկում. բացատրել ժողովրդավարական մասնակցության կարևորությունը։
Գործառնական կայունություն. ՔՀԿ-ներին (քաղաքացիական հասարակության կազմակերպություններին) զինել գործիքներով՝ նոր օրենքների պայմաններում աշխատելու համար։
Կարևոր է նշել, որ ծրագիրը ոչ թե մնաց «փակ սենյակներում», այլ դարձավ առավել հասանելի։ Պարզ և ներառական լեզվով մշակված բովանդակությունը սոցիալական հարթակների ու լրատվամիջոցների միջոցով հասավ թե՛ մայրաքաղաքային խոշոր խաղացողներին, թե՛ հեռավոր շրջանների փոքր նախաձեռնություններին։ Տրամադրված իրավաբանական և ֆինանսական խորհրդատվությունները դարձան այն «թթվածինը», որն անհրաժեշտ էր կազմակերպությունների գոյատևման համար։
Կազմակերպության համար երկրորդ մեծ մարտահրավերը բևեռացված քարոզչությունն է։ Տարածվում են կեղծ խոսույթներ, թե քաղաքացիական հասարակությունը կառավարվում է դրսից և կապ չունի Վրաստանի հետ։

Իրակլիի խոսքով՝ իրականացվում է ամենավատ պրոպագանդան, որը շատ ճնշող ազդեցություն է ունենում։ «Տարածում են, թե քաղհասարակությունները Վրաստանից չեն, դրսից են կառավարվում։ Սրան գումարվում են նաև մեր Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, որոնք ուղղված են քաղհասարակությանը և մեդիային ճնշելուն։ Մեզ թուլացնելու նկատելի միտում կա. երևի կարծում են, թե սա վերահսկողություն է»,- ասում է նա։
Աշխատանքը հեշտ չէր։ Իրականացման ողջ ընթացքում թիմը բախվել է քաղաքականապես զգայուն միջավայրի և անընդհատ փոփոխվող օրենսդրական դաշտի հետ։ Ապատեղեկատվության ալիքն ու հասարակության բևեռացումը երբեմն անհաղթահարելի պատնեշներ էին ստեղծում, սակայն RICDOG-ը արագ հարմարվեց և արդյունավետ կառավարեց ռիսկերը։
Չնայած ճնշումներին՝ RICDOG-ը շարունակում է իր աշխատանքը Իմերեթիի ամբողջ շրջանում։ Ոչ ֆորմալ կրթությունը, կլիմայի փոփոխությունը, երիտասարդական քաղաքականությունն ու ժողովրդավարության հաստատումը մնում են կազմակերպության առաջնահերթ ուղղությունները։
Որպես ծրագրի խոսուն դրվագ՝ կազմակերպիչները հիշում են «Առա՛ջ, Վրաստա՛ն, առա՛ջ» արշավի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպ։ Քաղաքացիներ, ովքեր տարիներ շարունակ անտարբեր են եղել կամ նույնիսկ թերահավատորեն են վերաբերվել ՔՀԿ-ներին, սկսել են անձամբ կապ հաստատել թիմի հետ։
«Մարդիկ հարցնում էին, թե ինչպես կարող են օգնել կամ ինչպես դառնալ այդ ամենի մի մասը։ Դա մեզ համար լավագույն ապացույցն էր, որ նույնիսկ ամենամռայլ քաղաքական մթնոլորտում անկեղծ ու ճիշտ հաղորդակցությունը կարող է հալեցնել սառույցը և երկխոսության հիմքեր ստեղծել»։
«Միշտ հիշում եմ, թե ինչպես շատ երիտասարդ մարդիկ կարողացան ուժեղ թիմ-ընտանիք ստեղծել իրենց շուրջ։ Մենք ձգտում ենք քաղհասարակությունն այնքան հզորացնել, որքան առաջ էր, և ինչու ոչ՝ ավելի շատ։ Մենք շարժվում ենք մեր սկզբունքներով ու արժեքներով»,- ասում է Իրակլի Թևզադեն։
Սույն նյութը պատրաստվել է Չեխական «NESEHNUTÍ» հասարակական կազմակերպության աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության «TRANSITION» ծրագրի կողմից:

