
Ռուսաստանում WhatsApp մեսենջերն ամբողջությամբ արգելափակվել է։ Այսուհետ ծառայությունը հասանելի է միայն VPN-ի միջոցով։ WhatsApp-ի դոմենը հեռացվել է Ռուսաստանի Ազգային դոմենային անունների համակարգի գրառումներից։ Այդ համակարգը ստեղծվել է «սուվերեն Ռունետի» մասին օրենքի շրջանակում և վերահսկվում է ռուսական կարգավորող մարմինների կողմից։
Սա նշանակում է, որ Ռուսաստանում գտնվող սարքերը այլևս չեն ստանում WhatsApp-ի IP հասցեները, ինչի հետևանքով մեսենջերը չի բացվում առանց VPN-ի օգտագործման։ Բացի այդ, փետրվարի 10-ին ՌոսԿոմՆադզորի DNS սերվերներից հեռացվել է նաև YouTube-ի դոմենը։ Արդյունքում՝ Ռուսաստանի օգտատերերը նույնպես կորցրել են YouTube ծառայությանը առանց VPN մուտք գործելու հնարավորությունը։ Մասնագետների գնահատմամբ՝ նման քայլերը կապված են ինտերնետ տիրույթի վերահսկողության խստացման քաղաքականության հետ։

