
Փետրվարի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա,-գրում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ երեխային էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 13-ամյա Ալիկ Հ.-ն է, ով սովորում է այն դպրոցում, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

