
Ազատամուտից, Աչաջուրից, Աճարկուտից, Սարիգյուղից, Խաշթառակից կամ Կաթնաղբյուրից Իջևան՝ համալսարան հասնելու համար ուսանողներն ամեն օր հայտնվում են անորոշության մեջ։ Խնդիրը ոչ միայն ճանապարհն է, այլև այն մշտական տագնապը, թե արդյոք տրանսպորտում տեղ կմնա, կամ որքան արագ կհասնեն քաղաք, որ դասից չուշանան։ Սակայն ամենադժվարը վերադարձն է. ընդամենը կես ժամվա ճանապարհի համար երիտասարդները երբեմն ստիպված են լինում սպասել 2-3 ժամ։ Պատճառն այն է, որ շատ գյուղերում տրանսպորտն աշխատում է խիստ սահմանափակ գրաֆիկով՝ օրական ընդամենը երկու անգամ. մեքենան առավոտյան բերում է քաղաք, իսկ երեկոյան՝ հետ տանում։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը, որոշել է ուսանողների հետ միասին բարձրացնել այս հարցը։ Թեև համայնքային այլ խնդիրներ էլ կային՝ գրադարանի անմխիթար վիճակը, թափառող շների հարցը, աղբահանությունը, սակայն ուսանողների համար առաջնայինը տրասնպորտի հարցն է։
Քաղաքից գյուղեր տանող երթուղիների հիմնական խնդիրը ժամային գրաֆիկն է։ Օրինակ՝ տրանսպորտ կա ժամը երեքին ու վեցին, մինչդեռ ուսանողն իր դասն ավարտում է 15:40-ին։ Արդյունքում՝ ստիպված է ժամերով մնալ քաղաքում։ Կան բնակավայրեր, որտեղ կանոնավոր տրանսպորտ ընդհանրապես չկա, իսկ կիրակի օրերին գյուղերը գրեթե կտրվում են քաղաքից»․- մանրամասնեց Դավիթ Ալեքսանյանը
Ըստ պատասխանատուների՝ երթուղի ավելացնելը ձեռնտու է, քանի որ, ուղևորները քիչ են։ Սակայն այս պատճառով ուսանողները հայտնվում են փակուղու մեջ։ Հենց սա էլ դարձավ շարժիչ ուժ, որպեսզի նախաձեռնող խումբն սկսի սեփական հետազոտությունը։ Նրանք անցկացրել են մոտ ինը հանդիպում-քննարկում ուսանողների հետ:

«Ուսումնասիրել ենք յուրաքանչյուր գյուղի իրավիճակը՝ հասկանալու համար, թե որտեղ է համակարգն ավելի շատ թերանում՝ տրանսպորտի քանակի մե՞ջ է խնդիրը, թե՞ անհարմար չվացուցակի»։ Այս ամենն իրականացրել են Nesehnuti կազմակերպության օժանդակությամբ։
Արդյունքում ձևավորվել է լուծումների փաթեթ, որը Դավիթն ու իր ընկերները կոչել են «Նամակ»։ Այն պարունակում է ոչ միայն խնդիրների նկարագրություն, այլև կոնկրետ առաջարկներ, որոնք կարող են փոխել իրավիճակը։ Թեև հիմնական թիրախը ուսանողներն են, նախաձեռնությանը միացել ու ողջունում են նաև համայնքի մյուս բնակիչները, ովքեր նույնպես օգտվում են այդ երթուղուց։
«Նամակը» շուտով պաշտոնապես կհանձնվի համայնքապետարանին։ Դավիթը նշում է, որ մինչև հանդիպումը դժվար է կանխատեսել վերջնական արդյունքը, բայց համոզված է՝ խնդիրը ճիշտ ու հիմնավորված ներկայացնելու դեպքում հնարավոր կլինի հասնել լուծման։
Սույն նյութը պատրաստվել է «Փոփոխությունների մասնակցային ուղի Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Չեխական «NESEHNUTÍ-», հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ, Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության «Փոխակերպում» ծրագրի աջակցությամբ։

