
ԹԻՀԿ-ը երեկ կազմակերպել էր «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025․ գնահատականներ, մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկում, որին մասնակցում էին պետական տարբեր կառույցների, դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մեդիա ոլորտի ներկայացուցիչներ։
Միջոցառումը մեկնարկեց ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի ելույթով՝ ներկայացնելով ԿԸՀ 2025-ի ներկայիս միտումները, ապա անդրադառնալով Հայաստանի այս տարվա ցուցանիշներին։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանի միավորների թիվը նվազել է մեկով և կազմել 46։ Փորձագետի խոսքով՝ երբ համաթիվը 50-ից ցածր է, կոռուպցիան վերածվում է կառավարման համակարգի լուրջ խնդրի՝ ազդելով պետական ինստիտուտների արդյունավետության և կայունության վրա։ Նա նաև ընդգծեց, որ համաթվի արդյունքները հիմնված են փորձագետների և բիզնես հատվածի գնահատականների վրա և չեն արտացոլում լայն հանրության կարծիքը։
Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր պանելային քննարկմանը, որը մոդերացնում էր ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Հետք» լրատվամիջոցի լրագրող Գրիշա Բալասանյանը։ Բանախոսները բարձրաձայնեցին կառավարման ոլորտում առկա մի շարք համակարգային խնդիրներ՝ հատկապես ընդգծելով թափանցիկության, հաշվետվողականության և ինստիտուցիոնալ անկախության հետ կապված մարտահրավերները։
Միջոցառումն ամփոփվեց ԹԻՀԿ հիմնադիր Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի շնորհման արարողությամբ։ ԹԻՀԿ խորհրդի անդամներ Իզաբելլա Սարգսյանը և Ինգա Զառաֆյանը մրցանակները հանձնեցին Օլեգ Դուլգարյանին՝ հանրային շահի, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում ունեցած նշանակալի ներդրման համար, ինչպես նաև Մուշեղ Հովսեփյանին՝ հանրային շահի պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղման գործում ունեցած գործունեության համար։
ԹԻՀԿ-ը ևս մեկ անգամ շնորհավորում է մրցանակակիրներին։ Այս մրցանակները ոչ միայն հիշատակի տուրք են Ամալյա Կոստանյանի կյանքին ու գործունեությանը, այլև շարունակական կոչ՝ համարձակ, սկզբունքային և անզիջում պայքարի հանուն ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հանրության բարօրության։
Միջոցառումը կազմակերպվել էր Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

