
Շատերը Այգեզարդի և ոչ միայն գյուղերի զարգացումը տեսնում են հանքարդյունաբերության մեջ, սակայն այգեզարդցիները այսօր այլ տեսլական ունեն՝ շրջակա միջավայրի պահպանություն, կանաչ էներգիայի կիրառում, կայուն և էկոլոգիական գյուղատնտեսություն, տեղական տնտեսության զարգացում և այլն. նման կետերից է բաղկացած Այգեզարդի հետագա զարգացման տեսլականը։
Այսօր Արփինե Խաչատրյանն իր թիմի հետ միասին հանձն է առել փոխել կարծրատիպերն ու ցույց տալ, որ իրենց գյուղը կարող են զարգացնել առանց հանքարդյունաբերության։ Այգեզարդի մաքուր սոցիալ-էկոլոգիական զարգացման ծրագիր է կազմում, որի նպատակն է կանխել Կարմիր սարում հանքարդյունաբերությունը և հիմքեր դնել Այգեզարդի կանաչ զարգացման համար։

Երբ Այգեզարդ գյուղում հերթական հանքարդյունաբերական ծրագիրն էր նախապատրաստվում, Արփինե Խաչատրյանը հասկացավ՝ եթե հիմա չգործի, վաղը ուշ կլինի: Սակայն ամենադժվարը ոչ թե հանքարդյունաբերողների հետ բախումն էր, այլ բնակիչների շրջանում տիրող անտարբերությունը:
«Ամենամեծ մարտահրավերը մարդկանց անիրազեկ լինելն է. երբ չեն պատկերացնում վտանգավորության աստիճանը, դառնում են անտարբեր: Իսկ անտարբերության պայմաններում ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման»,– ասում է նա։
Այս ամենը կանխելու համար Արփինեն տարատեսակ միջոցառումներ է արել գյուղում, ընտրել հստակ թիրախային խմբեր և անհատապես փորձել աշխատել բոլորի հետ։
«Նախաձեռնությունն ունի երեք հիմնական թիրախային խումբ՝ երիտասարդները, ֆերմերներն ու կանայք. այս խմբերի համար արվել են առանձին-առանձին տարբեր միջոցառումներ՝ ֆոկուս խմբային քննարկումներից մինչև գիտարշավներ ու դասընթացներ, մրցույթներ, նախագծային աշխատանքներ, ապա հարցումներ ու դիմումներ գերատեսչություններ։ Որից հետո աշխատում եմ նախնական զարգացման ծրագրի վրա, որպեսզի ներկայացնենք համագյուղացիներին, լրամշակում անենք ու ներկայացնենք ավագանի, որ աջակցեն ու այդ խնդիրները լուծենք»,– ասում է նա։
Արփինեի խորին համոզմամբ՝ գյուղատնտեսությունը, մասնավորապես այգեգործությունն ու դաշտավարությունը առաջնային ճյուղ հռչակած բնակավայրի համար ռիսկային է, որ 334բնակավայրի վարչական տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալվի։
Արփինեն ասում է՝ հանքին միայն «ոչ» ասելը քիչ է, պետք է առաջարկել այլընտրանք: Հենց այդ նպատակով էլ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և չեխական «Նեսեհնութի» ՀԿ-ների հետ համագործակցությամբ ստեղծեցին Այգեզարդի սոցիալ-էկոլոգիական զարգացման ծրագիրը։
«Սա զուտ փաստաթուղթ չէ, այլ գյուղի նոր ճանապարհային քարտեզը, որը գյուղատնտեսությամբ, գյուղական տուրիզմի և այլ կանաչ ճանապարհներով գյուղը տանում է զարգացման՝ հանքի փոշու փոխարեն բերելով մաքուր բերք»,– ասում է Արփինեն։
Ծրագրի հիմքում բնակիչների իրական կարիքներն են, որոնք Արփինեն պատրաստվում է ներկայացնել Արտաշատի ավագանուն: Երբ սկսում ես պայքարել խոշոր բիզնեսի դեմ, շրջապատում միշտ հայտնվում են զգուշավորներ:

«Մարդիկ խորհուրդ են տալիս զգույշ լինել... Պետք է հոգեբանորեն կայուն լինես, որ կարողանաս պայքարել ու չնահանջել: Մի բան է, երբ մեկ մարդ է խոսում, մեկ այլ բան է, երբ դա արվում է թիմային։ Մեզ մոտ ձևավորվեց այդ առողջ կորիզը»,– ասում է նա։
Այսօր էլ Արփինե Խաչատրյանը և իր թիմը ոչ միայն պաշտպանում են Կարմիր սարը հերթական հանքարդյունաբերական «հարձակումից», այլև պայքարում են գյուղի այն տեսլականի համար, որտեղ հողը մշակում են, ոչ թե քանդում:
«Այս պահին սարի վերջնական ճակատագիրը անորոշ է. դրականն այն է, որ մարդիկ բացատրական աշխատանքներից ու այսքան միջոցառումներից հետո արդեն իրենց որոշումը կայացրեցին, ու այսօր մեծ մասը դեմ են։ Այգեզարդցին իրոք ուզում է ապրել կանաչ միջավայրում, ու տեսլականի մոդելը հենց դա է՝ ունենալ կանաչ միջավայր»։
Սույն նյութը պատրաստվել է «Փոփոխությունների մասնակցային ուղի Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Չեխական «NESEHNUTÍ-», հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ, Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության «Փոխակերպում» ծրագրի աջակցությամբ։

