Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/2/2026
share

Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանը

Միջազգային լրատվամիջոցներում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցից հետո կատարված առաջին գրառման հեռացումը X սոցիալական հարթակում նրա էջից,- գրում է «Արմենպրես»-ը։

Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, փետրվարի 10-ին այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ էին դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, որից հետև X-ում Վենսի էջում հրապարակված գրառման մեջ նշվել էր, որ փոխնախագահը և ԱՄՆ Երկրորդ տիկինը ծաղկեպսակ են դրել «Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»։

ԱՄՆ փոխնախագահն իր էջում այնուհետև կիսվել է իր խոսնակի կատարած հետևյալ գրառմամբ. «Փոխնախագահը և Երկրորդ տիկինը ծաղիկներ են դրել անմար կրակին և գրառում արել հուշամատյանում Հայաստան այցի վերջին օրը»։

Գրառմանը կցվել են նաև լուսանկարներ և հուշամատյանում Վենսի գրառումը։

CNN-ն էլ գրել է, որ այս մասին հարց են ուղղել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին, որը նշել է, որ ԱՄՆ վարչակազմի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել։

Իր հերթին, Reuters-ն էլ հաղորդել է, որ Վենսի օգնականը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ առաջին գրառումը հրապարակվել է սխալմամբ, անձնակազմի անդամներից մեկի կողմից, որն ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության մաս չէր կազմում Հայաստան այցի ընթացքում։

Հայաստանից մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում Վենսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր այս հարցին ևս՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդ է այցելել հայկական կողմի առաջարկով։

«Նրանք ասացին՝ «սա մեզ համար շատ կարևոր վայր է», և ակնհայտ է, որ ես առաջին (ԱՄՆ) փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայր։ Բնականաբար, շատ սարսափելի բան է տեղի ունեցել հարյուր տարուց մի փոքր ավելի առաջ, և դա շատ, շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով», - մեջբերում է Վենսի խոսքերը The Associated Press գործակալությունը, որը նույնպես հոդված է հրապարակել փոխնախագահի էջում գրառման հեռացման թեմայով։

Բացի, CNN-ից, Reuters-ից, The Associated Press-ից, թեմային անդրադարձել են նաև The Wall Street Journal-ը, The New York Times-ը, Bloomberg-ը, The Washington Times-ը, բրիտանական The Independent-ը, իսրայելական The Times of Israel-ը, ռուսական ՌԲԿ, Լենտա պարբերականները և այլ լրատվամիջոցներ։

 

Արմենպրես

facebook sharing button facebook