
ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը տեղեկացրել է ԵՄ և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության շրջանակում իրականացված «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի հաջող ավարտի մասին։
«Այս նախաձեռնության արդյունքները վկայում են, որ դատաիրավական բարեփոխումներն, ի վերջո, ուղղված են մարդկանց՝ նրանց իրավունքներին, ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդմանը, և արդարադատության արդար, մատչելի, արդյունավետ կերպով ապահովման նկատմամբ նրանց վստահության ձևավորմանը:
ԵՄ-ն բարձր է գնահատում հայաստանյան հաստատությունների կողմից դրսևորվող կուռ հանձնառությունը, պատասխանատվությունն ու համագործակցության պատրաստակամությունը։ Երկխոսության, փոխադարձ հարգանքի և եվրոպական չափանիշների շուրջ ձևավորած ընդհանուր տեսլականի՝ բարեփոխումների առաջնահերթությունները վերածվել են հստակ գործողությունների։
Ծրագիրը նպաստել է ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, իրավական շրջանակների Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանեցմանը և արդարադատության համակարգում մասնագիտական կարողությունների, անկախության ու հաշվետվողականության խթանմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում օրենքի գերակայությանն ու ժողովրդավարական կայունությանը։
Դատաիրավական բարեփոխումների գործընթացը շարունակական է։ Ձեռքբերված արդյունքներն ապահովում են կայուն հիմք, և ԵՄ-ն ու Եվրոպայի խորհուրդը երկուստեք շարունակում են մնալ Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին աջակցող վստահելի գործընկերներ»,- ասված է պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ։

