Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2026
share

«Մտնելով այս բեռի տակ՝ հավատում ենք, որ վաղ թե ուշ ունենալու ենք փոփոխություն օրենքի և ռազմավարության մակարդակում»․ Արսեն Արսենյան

«Առողջ Հրազդան» նախաձեռնությունը Մարմարիկ գետի պաշտպանությամբ է զբաղված։ 
Նախաձեռնությունը ուսումնասիրել է խնդիրը, հանդիպել շահագրգիռ կողմերի հետ և որոշել սկսել արշավ ուղղված գետի էկո-համակարգի պաշտպանությանը։
Արշավի մեկնարկը տրվեց 2025 թվականին, «Փոփոխությունների մասնակցային ուղի Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում, Չեխական «NESEHNUTÍ-», հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ, Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության «Փոխակերպում» ծրագրի աջակցությամբ։
Արշավի նպատակն է պաշտպանել Մարմարիկ գետը աղտոտվածությունից, հասնել նրան, որ գետն աղտոտող խոշոր կազմակերպությունները՝ հյուրանոցները, հյուրատները, հանքը շահագործողներ տեղադրեն մաքրման կայաններ։

Խումբը կետ առ կետ ուսումնասիերել է գետի խնդիրները, գետափին գտնվող հինգ համայնքները, այդտեղ գործող հյուրանոցները, հյուրատները, արտադրամասերը։ Հանդիպումներ են ունեցել վարչական ղեկավարների, ակտիվիստների, բնակիչների հետ։ Այսօր արդեն ձևավորում են խումբ, որը կմշակի գետի ռազմավարությունը համայնքի ավագանուն ներկայացնելու նպատակով։ 

«Համայնքում խնդիրը բարձրացված է։ Եվ՛ բնակիչները, և՛ ՏԻՄ ներկայացուցիչները շահագրգռված են այդ խնդրի լուծմամբ, որը մեծ հաջորղություն է,– ասում է խմբի համակարգող Արսեն  Արսենյանը։

Կարևոր է, որ գետին մոտ համայնքներում ապրող մարդկանց իրավագիտակցությունը բարձրանա, որ կարողանան պայքարել, իրենց համայնքների խնդիրները բարձրաձայնեն»,-հավելում է նա։ Արսենյանի խոսքով՝ գետերի աղտոտվածության մասով գրեթե չկան կարգավորումներ, ինչը թույլ չի տալիս լուծել խնդիրը։

«Խոսում ենք հյուրանոցների պատասխանատուների հետ, ասում են՝ լավ, ես տեղադրեմ մաքրման կայան, ես չաղտոտեմ, բա մյուսը՞։ Մարմարիկից բացի կա նաև Հրազդանը, Ողջին, Գավառագետը, որոնք ևս աղտոտված են»,-ասում է նա։

«Առողջ Հրազդան»-ը հավատում է, որ իրենց պայքարը դուրս է գալու տեղական մակարդակից։ «Ուսումնասիրության ժամանակ հաստատվեց, որ Մարմարիկ գետը բավականին աղտոտված է. համայնքների կոյուղաջրերը լցվում են գետ, կոյուղատար խողովակները գրեթե բացակայում են կամ շատ վատ վիճակում են։ Կենցաղային աղբի խնդիր կա, որ բերում լցնում են. որոշ չափով դա լուծվել է՝ աղբամաններ են տեղադրված»,- հավելում է Արսենյանը։

Որպեսզի խնդիրը արմատական լուծում ստանա «Առողջ Հրազդան» նախաձեռնությունը այժմ զբաղվում է Մարմարիկ գետի պահպանության քաղաքականության մշակմամբ, ինչը թույլ կտա խնդիրը դուրս բերել տեղական մակադակից ու իրական լուծումներ գտնել։

«Շուտով կձևավորենք աշխատանքային խումբը, կկազմենք փաստաթուղթը և կներկայացնենք ավագանուն։ Նաև նախատեսում ենք գետի երկայնքով տեղեկատվական վահանակներ տեղադրել, որի վրա կլինեն գետը մաքուր պահելու վերաբերյալ կոչեր, տեղեկատվություն գետի աղտոտման վերաբերյալ, քարտեզ, որը ցույց կտա, թե գետի որ հատվածն է ավելի աղտոտված»,- մանրամասնում է Արսենյանը։ 

Նախաձեռնության ընթացքում ճանաչել են համայնքի ակտիվիստներին, որը ձեռքբերում է համարում։ Ակտիվ փուլում չեն դեռ, փոքր հանդիպումներ են ունեցել, բայց վստահ են, որ ակտիվ փուլում ավելի ակնհայտ կլինի համագործակցությունը։ 

«Գետի ջրով այգիներ են ջրում. տարիներ առաջ նորմալ ձուկ կար գետում, հիմա չկա։ Մարդիկ պատմում են, որ տարիներ առաջ երեխաները լողում էին գետում, հիմա ծնողները թույլ չեն տալիս, քանի որ հինգերորդ դասի աղտոտվածություն ունի։ Ու այս գետը, միանալով Հրազդան գետին, հասնում է Արարատյան դաշտ։ Ուզում ենք գոնե նվազեցնել աղտոտվածությունը»,- ասում է նա։

Մարմարիկ գետի հովտում շուրջ 13 հանք կա, որոնցից միայն մեկը՝ ոսկու հանքն է գործում։ Մյուսների շահագործման վերաբերյալ պարբերաբար լսումներ են հրավիրում։ Այնինչ Արսենյանի խոսքով՝ համայնքի զարգացման իրենց տեսլականը զբոսաշրջությամբ ու գյուղատնտեսությամբ են պատկերացնում։

«Մտնելով այս բեռի տակ՝ հավատում ենք, որ վաղ թե ուշ ունենալու ենք փոփոխություն օրենքի և ռազմավարության մակարդակում»,- շեշտում է Արսենյանը։

Իսկ տեսլականը պարզ է՝ Մարմարիկից հետո նույն քաղաքականությունը մշակել Հրազդան գետի համար։ «Փոքր քայլերով հասնելու ենք մեծ փոփոխությունների»-, ասում է նա։ 

Արսեն Արսենյանը և իր թիմը օրինակ են այն բանի, որ քաղաքացիական հասարակությունը, ձևավորելով համայնքային կամք, ոչ միայն կարող է դիմագրավել կորպորացիաների գործողություններին, այլև դառնալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնող։

 

Սույն նյութը պատրաստվել է «Փոփոխությունների մասնակցային ուղի Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Չեխական «NESEHNUTÍ-», հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ, Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության «Փոխակերպում» ծրագրի աջակցությամբ։

facebook sharing button facebook