
Սյունիքում, որտեղ լանդշաֆտը հաճախ փոխվում է հանքարդյունաբերական տեխնիկայի միջամտությամբ, Անի Սարգսյանն ու իր թիմը փորձում են փոխել մեկ այլ բան՝ մարդկանց վերաբերմունքը սեփական իրավունքների նկատմամբ։ Անիի համար պայքարը սկսվել է տարիներ առաջ, երբ երիտասարդներով ստորագրահավաք սկսեցին ու թույլ չտվեցին, որ Կապանում նոր հանքարդյունաբերական գործարան բացվի։
Անիի վերջին հետազոտությունները Գեղանուշ և Գոմարան բնակավայրերում բացահայտել են մի իրականություն, որի մասին նախկինում միայն ենթադրում էին։ Չնայած սահմանամերձի կարգավիճակին՝ շատ ծրագրեր այստեղ պարզապես տեղ չեն հասնում։ Սակայն Անին Nesehnuti կազմակերպության օժանդակությամբ փորձում է հասցնել այն ինչ այսքան ժամանակ չի եղել։
«Մինչև հետազոտելը մենք էլ չգիտեինք, որ այդքան խնդիրներ կան։ Մարդիկ կեսօրից հետո հասարակական տրանսպորտ չունեն, ամբուլատորիաներում չկա ջուր ու լվացարան, շատերն ապրում են պոչամբարի կողքին և չեն կարողանում իրենց սեփական այգիները մշակել, որպեսզի կարողանան որպես ռեսուրս օգտագործել, աշխատել»,- պատմում է Անին։

Գյուղացիների խնդիրները շատ են՝ քանդված ճանապարհներից մինչև առողջապահական անտեսված վիճակ։ Շատերը ֆինանսների սղության պատճառով չեն կարողանում նույնիսկ հետազոտվել ու պահանջում են առողջապահական ապահովագրություն։
Անի Սարգսյանը շեշտում է՝ իրենց նպատակը տնտեսությանը վնասելը չէ։ Խնդիրը մարդու կողքին լինելն է։
«Բնակիչների հետ քննարկել ենք անգամ վերջնական զեկույցը, ունեցել ենք տարատեսակ քննարկումներ, այդ թվում՝ ֆոկուսխմբային։ Մեծ արդյունք եմ տեսնում նախաձեռնության սկզբնական և այս փուլի ընթացքում բնակիչների տրամադրվածության մեջ, քանի որ մարդիկ մտածում էին, որ իրենց խոսքը ոչինչ չի փոխի, իրենց խնդիրներին ուշադրություն չեն դարձնի, սակայն այսօր այդպես չեն մտածում և անգամ շատերը ներգրավված են նախաձեռնության ակտիվ փուլում։ Մենք դուրս չենք եկել որևէ կազմակերպության, անհատի կամ հանքարդյունաբերության դեմ։ Մենք պայքարում ենք ոչ թե հանքի փակման, այլ գյուղացիների խնդիրների լուծման համար»։
Ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ Անին տեսել է, որ այլընտրանք կա։ Կան ոչխարաբուծությամբ զբաղվողներ ու չրագործությամբ հետաքրքրված կանայք, բայց նրանց ռեսուրսներ են պետք զարգանալու համար։

Այսօր Անին ու իր թիմը ստորագրահավաք են իրականացնում, որպեսզի առաջնային խնդիրները ներառվեն համայնքի զարգացման պլանում։
«Այս ամենը շատ կարևոր է հանքարդյունաբերական համայնքների համար։ Պետք է մոնիթորինգ անել, թե ավագանու որոշմամբ սոցիալական ծրագրերի համար տրվող գումարների որ մասն է գնում հենց այն բնակավայրեր, որոնք ազդակիր են ու վնաս են կրում»,- նշում է Անի Սարգսյանը։
Պայքարն առանց մարտահրավերների չի անցնում։ Ռեսուրսների ու ժամանակի սղությանը գումարվում են նաև զանգերը՝ «ինչո՞ւ եք սա անում» հարցադրմամբ։ Բայց Անին գիտի՝ միայնակ հնարավոր չէ փոփոխություն բերել։
«Եթե դու ունես կողքիդ վստահելի թիմ, հեշտ է լինել առաջնորդ։ Եթե պետք է ամեն ինչ մենակ անես՝ չես հաջողի։ Դու տեսնում ես, որ մարդիկ լքված են ու փորձում ես անել այն ամենը, ինչն անհնար է թվում»,- ասաց նա։
Շրջապատված լինելով հանքերով ու պոչամբարներով, սոցիալական խնդիրներով, աղքատացող գյուղերի խնդիրներով՝ Անի Սարգսյանը շարունակում է առաջ գնալ վստահ՝ սոցիալական արդարության գաղափարախոսությունը պաշտպանելով։
Հաջողություն է դիտարկում Համայնքի ավագանու անդամի հետ հանդիպումը. «Քանի որ պատրաստակամություն հայտնեց խնդիրներն ու մեր ներկայացրած աղքատության նվազման պլանը նիստում դնել քննարկման»,- հավելեց Անին։
Սույն նյութը պատրաստվել է «Փոփոխությունների մասնակցային ուղի Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Չեխական «NESEHNUTÍ-», հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ, Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության «Փոխակերպում» ծրագրի աջակցությամբ։

