
Ձմեռային օլիմպիադայի առաջին օրը՝ փետրվարի 7-ին, Իտալիայի հյուսիսում գրանցվել են 3 դիվերսիոն գործողություններ երկաթգծերի վրա, ինչի հետևանքով խաթարվել է գնացքների շարժը,- գրում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի տրանսպորտի նախարարության և ոստիկանության հայտարարություններին։ Ոստիկանության տվյալներով՝ փետրվարի 7-ի առավոտ Պեզարո քաղաքի մոտ հրկիզվել է բաշխիչ վահանակը։ Մի քանի ժամ անց Բոլոնիայում հայտնաբերվել են կտրատված էլեկտրական մալուխներ, որոնցից քիչ հեռու նաև պայթուցիկ սարք է գտնվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ մինչ այժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել միջադեպերի պատասխանատվությունը, որոնք, ըստ ամենայնի, փոխկապակցված են եղել։ Արդյունքում, ինչպես հաղորդել է Իտալիայի պետական երկաթուղային ընկերությունը՝ Ferrovie dello Stato (FS), Բոլոնիայի երկաթուղային կայարանը ստիպված է եղել ժամանակավորապես փակվել։ Օրվա 2-րդ կեսին գնացքների շարժը վերականգնվել է։ Իտալիայի տրանսպորտի նախարարությունը որպես «լուրջ սաբոտաժի ակտ» է որակել տեղի ունեցածը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Բոլոնիան իտալական երկաթգծի ցանցի առանցքային հանգույց է, որ երկրի հարավը կապում է հյուսիսային քաղաքների, այդ թվում՝ Միլանի հետ։ Հիշեցնենք՝ ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են փետրվարի 7- 22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։

