
Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ փետրվարի 9-ին ընդառաջ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Էպիլեպսիա՝ ստվերից դուրս» թեմայով համաժողովը,- գրում է «Արմենպրես»-ը։ «Արաբկիր» բժշկական համալիրի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի ջանքերով կազմակերպված համաժողովը նվիրված է էպիլեպսիա ունեցող երեխաների առողջության, կրթության աջակցման և սոցիալական ինտեգրման կարևոր հարցերին։
Համաժողովի նպատակը ոչ միայն էպիլեպսիայի մասին իրազեկումն է, այլև անդրադարձը վերջին 10 տարիների ընթացքում էպիլեպտոլոգիայի ոլորտում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և իրական առաջընթացին Հայաստանում, ինչպես նաև միջազգային փորձի քննարկումը։
Համաժողովի շրջանակներում կներկայացվեն էպիլեպսիայի մասին ժամանակակից բժշկական գիտելիքը, բուժման և հետազոտությունների նոր մոտեցումները, առաջին օգնության ճիշտ քայլերը։ Օրակարգում են ներառական կրթության և սպորտի հնարավորությունները, տարիներով ձևավորված կարծրատիպերը, ինչպես նաև համագործակցության իրական հարթակի ստեղծումը բժշկական, կրթական, բարեգործական և պետական ոլորտների միջև։
Մասնակցում են բժիշկներ՝ նյարդաբաններ, մանկաբույժներ, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ ու մանկավարժներ, սպորտային ակումբների ղեկավարներ և մարզիչներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, բարեգործական ոլորտի և պետական մարմինների ներկայացուցիչներ, ուսանողներ և ծնողներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

