
Անվտանգ սնունդը գրում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում հունվարի 22-ից ուժի մեջ են մտել փոփոխություններ, որոնք վերաբերում են պետական գնումների նպատակով որոշ ապրանքների ծագման երկրի սահմանման կանոններին։
«Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել պետական գնումների համար նախատեսված որոշ դեղագործական և բժշկական արտադրանքների նկատմամբ գործող կանոններում։
Ընդունված փոփոխությունները տարածվելու են 2026թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։
Ըստ փոփոխությունների՝ հնարավոր կլինի Եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում ընդգրկել 56 ապրանքային անվանում։ Դրանցից 31 ապրանք, այդ թվում՝ սինթետիկ մանրաթելեր, բժշկական ասեղներ, պրոթեզներ, ուրոստոմիկ պարկեր, ուլտրաձայնային սարքեր, դեղեր և դեղագործական սուբստանցիաներ, կներառվեն ռեեստրում՝ արտադրական պայմանների և տեխնոլոգիական գործողությունների որոշակի ցանկի կատարումն ապահովելու դեպքում։
Մնացած 25 ապրանքները, որոնց թվում են՝ բժշկական դիմակներ, վիրակապեր, ներարկիչներ, վիրաբուժական նյութեր, լսողական սարքեր և կրակմարիչներ, ռեեստրում կներառվեն СТ-1 ձևի սերտիֆիկատի ներկայացման հիման վրա։
Բացի այդ, մինչև 2026թ. վերջը երկարաձգվել է կանոնների հավելված N 11-ի գործողությունը, որը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնք Եվրասիական արդյունաբերական ռեեստրում ընդգրկվում են СТ-1 սերտիֆիկատի հիման վրա։
Միաժամանակ, որոշ արտադրատեսակների համար այդ ժամկետը երկարաձգվում է միայն մինչև 2026թ. հունիսի 30-ը։
Նշվում է, որ Եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրի վարումը նպատակ ունի ապահովել ԵԱՏՄ երկրների պետական գնումներին հասանելիությունը՝ այն պայմաններում, երբ գործում են արտոնություններ, սահմանափակումներ կամ արգելքներ այլ անդամ պետությունների կամ երրորդ երկրների արտադրանքի նկատմամբ։
Ռեեստրում ընդգրկվելու համար արտադրողները պետք է առաջնորդվեն սահմանված հստակ ալգորիթմով»․ Անվտանգ սնունդ

